«Չի կարող Երևանն այսպիսի քաղաքապետ ունենալ: Դա արդեն վիրավորական է երևանցու համար». Աշոտ Բլեյան

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը  և ևս երկու ուսուցիչ բերման են ենթարկվել կրթահամալիրի ու հարակից տարածքից։ Նրանց բերման էին ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:  Ոստիկանությունից դուրս գալուց հետո Բլեյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ հերթական շրջայցն էր կատարում կրթահամալիրի 8 շենքերով, որոնք իրար կապող ճանապարհն անցնում է թիվ 93 մանկապարտեզի կողքով, տեսել է, որ այդտեղ լար են քաշել և փոսեր են փորում ցանկապատի համար: Պահանջել է հեռացնել լարը, մինչև գնացել է կրթահամալիրի մայր դպրոց և  վերադարձել, տեսել է, որ ոստիկաններ են հավաքվել: Ավելի վաղ հրապարակված կադրերից կարելի է տեսնել, որ Աշոտ Բլեյանը այդ տարածքում նստել է գետնին և, չնայած ոստիկանների հորդորներին, չի համաձայնում լքել տարածքը:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և թիվ 93 մանկապարտեզի վեճը՝ կապված անվտանգության նկատառումներով մանկապարտեզի տարածքը ցանկապատելու հետ, նորություն չէ: Բլեյանը դեմ է, որ այդ տարածքը ցանկապատվի, քանի որ, ինչպես ավելի վաղ ասել է մեզ հետ զրույցում, ցանկապատը խանգարում է ուսումնական գործընթացի ժամանակ իրենց ազատ տեղաշարժին, փակվում է կրթահամալիրի դպրոցներն իրար կապող ճանապարհը:

«Հող ա դա, որը համայնքի սեփականությունն է, հետո ինչ-որ զուտ կադաստրային բաժանված է կազմակերպությունների միջև, բայց չի բաժանված, որ արգելափակվի մարդու բնականոն կենսագործունեությունը: Մի քանի անգամ ինքնաբուխ հավաքներ եղան, կենդանի պատեր և այլն, թվում էր՝ հասանք մի վիճակի, երբ փոխքաղաքապետի առաջարկով 2019-ի դեկտեմբերին եղավ պայմանավորվածություն, որ՝ դե լավ, եթե այդքան շատ եք ցանկապատ սիրում, դե, որ առանց դրա ձեր քունը չի տանում, եթե այդքան կիսատ-պռատի մեջ է ձեր միտքը, ծրագիրը ամբողջը ճաղեր տեղադրելն է, ես գիտեի, թե եկել է ճաղերը հանելու ժամանակը, մենք ասացինք, որ դա չենք վիճարկում, ցույց տվեք այն ուղին, որից պետք է օգտվենք, մեր աշխատանքը կատարենք, թվում էր, որ եկանք համաձայնության, որ այս ճանապարհով, այսպես փոփոխություն են կատարում նախագծային փաստաթղթերում, դա ներկայացնում են մեզ, որ լինի համաձայնության մթնոլորտում, և ինչպես քաղաքապետն ասաց՝ հնարավոր կլինի երեք ամսում ունենալ անցում, որը շուրջօրյա օգտագործման կլինի»,- ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը:

Աշոտ Բլեյանը պատմեց, որ օրեր առաջ են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հետ շրջել այդ տարածքով, քննարկել, թե ի՞նչ պետք է լինի:

«Վարչական շրջանի ղեկավարն ասեց՝ թող մնան այդ բոլոր հարցերն ընթացքում, մյուս տարի, միևնույն է, շտապելու բան չունենք: Ուղղակի զարմացած եմ, վշտացած եմ, որ այդքան երիտասարդ, մարդ, որը մեր համատեղ ընդդիմության արդյունքում դարձավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, լուրջ մարդ չի, լուրջ մարդը չի կարա էդպիսին լինի»,- ասաց Բլեյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն իր արարքում որևէ ապօրինի բան չի տեսնում, ասում է՝ իհարկե, լավ չէ, որ ինքը ստիպված է եղել նստել այդտեղ, բայց եթե նստել է, ուրեմն խնդիր կա, որը պետք է քննարկել: Բլեյանը նաև պատմեց, որ այդ ընթացքում կապ է հաստատել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ, որն իր տպավորությամբ՝ զարմացել է ստացած ինֆորմացիայից:

«Վարչական շրջանի ղեկավարը, ընդհանրապես, իր կենսաձևն է արդեն զարմացած ցույց տալը: Ամենամեծ զարմանքն այն է, որ այդ մարդիկ Երևան քաղաքն են ղեկավարում, դա իրոք զարմանալի է և անթույլատրելի: Ես ուղղակի պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի իր լիազորությունները, գոնե փոխքաղաքապետի մակարդակով, Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է, կամ գտնի այլ աշխատանք, կամ մտածի Երևան քաղաքի մասին: «Իմ քայլը» դաշինքի քաղաքական ուժը, որը Երևան քաղաքի ընտրություններում ձայն է ստացել, քաղաքական ուժը, ոչ թե Հայկ Մարությանը, պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երևանն այսպիսի քաղաքապետ ունենալ: Դա արդեն վիրավորական է երևանցու համար»,- ասաց Բլեյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը նաև շեշտեց, որ իր պայքարը շարունակելու է, հնարավոր է, որ գնա  իրավական ուղիով:

Տեսանյութեր

Լրահոս