«Հակահարվածը պետք է ադրբեջանցիներին ստիպի ավելի լավ մտածել իրենց անելիքների մասին՝ ծանր ու թեթև անել». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում լայնամասշտաբ պատերազմի՝ չափազանց ակնհայտ էր, ընդ որում, պատրաստվում էր և՛ ռազմականապես, և՛ դիվանագիտական հարթակներում՝ օգտվելով նաև հայկական կողմի սխալներից:

«Վերջին երկու տարիների ընթացքում ըստ էության նրանք կարողացել են չեզոքացնել դիվանագիտական զսպման այն մեխանիզմները, որոնք ստեղծվել են 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո և ազատվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։ Այսինքն՝ այն, որ դա Ադրբեջանի համար նպատակ է՝ միանշանակ է, ամենայն հավանականությամբ, նաև օգտվելով այն առիթից, որ համաշխարհային լրատվամիջոցների և քաղաքական ուժերի ուշադրությունն այլ տեղ է, փորձեցին ստուգել դիվանագիտական աշխատանքի արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ դատելով Մինսկի խմբի համանախագահների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների հայտարարություններից, կարելի է ասել, որ Ադրբեջանը շատ հանգիստ՝ դիվանագիտական տեսանկյունից կարող է ավելի սրել իրավիճակը սահմանում և արդեն ռազմական գործողություններ սկսել նաև Արցախում։

«Կարծում եմ՝ այս տեսակետից ռազմական լայնածավալ գործողությունների ռիսկը չափազանց մեծ է, մյուս կողմից էլ՝ կա հայկական զինված ուժերի փայլուն պատասխանն այդ սադրանքներին։ Մենք արդեն տեսանք, որ բարձրագույն հրամանատարական կազմից ոչնչացվածներ կան, ըստ իս, այդ հակահարվածը պետք է որ ադրբեջանցիներին ստիպի ավելի լավ մտածել իրենց անելիքների մասին, ծանր ու թեթև անել, որովհետև ակնհայտ է մի բան, որ իրենց Զինված ուժերը չունեն նույն հաջողությունը, ինչ դիվանագիտական ճամբարում իրենք ունեն։ Իսկապես լավ հասկանալով, որ Ադրբեջանն ուզում է սկսել պատերազմ, այնուամենայնիվ, հույս ունենք, որ չի գնա այդ քայլին՝ զուտ ռազմական պատրաստվածության տարբերությամբ պայմանավորված՝ հայկական և ադրբեջանական զորքերի մասով»,- շեշտեց քաղաքագետը։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը նույն Մինսկի խմբի համանախագահներին նախապատրաստել էր իր գործողություններին, և այժմ արդեն դրա արդյունքները տեսանելի են, որևէ մեղադրանք կամ պատերազմը կանխելու վերաբերյալ Մինսկի խմբի անդամ երկրներից չի արվում։ Հնչում են ընդամենը մտահոգության և խաղաղասիրական կոչեր։ Ինչը, քաղաքագետի գնահատմամբ՝ ցույց է տալիս, որ այդ դաշտում Ադրբեջանն արդեն ունի հաջողություն, քանի որ միջազգային հարաբերություններում որևէ հետևանք Ադրբեջանը գոնե չի ունենալու իր սադրանքների համար։

«Այս անգամ Ադրբեջանի կողմից կայծակնային հարձակման փորձ տեղի չունեցավ՝ սահմանափակվել են դիրքերի բարելավում անելով Տավուշի ուղղությամբ, հույս ունենալով, որ այդ ամենը ապագայում կզսպի, այսպես ասած, Տավուշից Արցախ և հակառակ ուղղությամբ օգնություն տրամադրելու հարցում։ Սակայն գործողություններ իրականացնելու տեսանկյունից, ռազմավարական առումով, թշնամին օգտագործում է նույն այն մեթոդները, որոնք օգտագործում էին ապրիլյան պատերազմի ժամանակ»,- ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ հարձակվելով հայկական պետական սահմանի վրա, Ադրբեջանը փորձում է ստուգել իր բանեցրած դիվանագիտության արդյունքները և հասկանալ, թե ինչ արձագանքներ կստանան։

«Երկրորդ հանգամանքն ուշադրությունն այս կողմ շեղելու՝ ռազմական մեր պոտենցիալը Հայաստանի սահմանին պահելու փորձ է»,- եզրափակեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս