«Մեր երկրի վարչապետը բազմիցս նշել է այն տարբերակը, որը կարող է բերել խաղաղության». Անդրանիկ Քոչարյան
«2 օրվա ընթացքում՝ 10 ԱԹՍ և 1 իսրայելական արտադրության այն, ինչ խոցվեց, և այնքան ցավալի էր արտադրողի համար և Ադրբեջանի համար, որովհետև մեծ գումարներ էին ծախսել և վարկաբեկում էին այն ձեռքբերումը մեր հակաօդային ուժերի, որոնք ոնց որ թե պետք է չկարողանային, բայց պարզվեց, որ մոդեռնիզացված Օսա-ԱԿ համակարգերն ի վիճակի են գերժամանակակից իսրայելական արտադրության «Հերմես 900»-ներին խոցեն: Իսկ դա կառավարող համակարգն էր, որը պտտվում էր, և մնացած մեր զոհերը, գիտեք, որ, ենթադրաբար, մեծ հավանականություն է, որ եղել են 2 կամիկաձեների օգտագործման արդյունքում, և այսօր հարաբերական անդորրը պայմանավորված է նաև նրանով, որ հակառակորդը նկատեց, որ իր գործիքակազմի նման կիրառումն էֆեկտիվ չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ ցանկություն է ունեցել հասնել ստատուս-քվոյի փոփոխության. «Այսինքն՝ շփման գծի տարբեր հատվածներում ինչ-որ փոփոխություններ՝ ի շահ իրեն ունենալու: Ապրիլյան պատերազմն էլ միտված էր այդ խնդրի լուծմանը: Վերջին հաշվով, 1994թ. զինադադարի պայմանագրով ամրացված են այսօրվա շփման գծի ամբողջ պատկերը, և միշտ նման գործողություններով ինքն ակնկալիք ունի, որ որևէ տեղ հաջողություն է ունենալու: Հիմա 2016թ. ինքը գնահատում է, որ ունեցավ հաջողություն, այնուամենայնիվ, այս անգամ իր գործողությունները նպատակին չհասան: Այս պահի դրությամբ եմ ասում: Բնականաբար, պետք է ամեն ինչ անենք, որ մեր հարաբերական փոքր դիրքային հաջողությունը և կառավարելիության հաջողությունը զարգացվեն՝ մեր ամենօրյա բանակի աջակցությանը միտված գործողություններով, նաև՝ ձեր կողմից: Լրատվական դաշտն այսօր շատ կարևոր առաքելություն ունի, և ես ակնկալում եմ նման գիտակցում, և ֆեյսբուքյան այդ օգտատերերի կամ ֆեյքերի օգտագործումը՝ ի վնաս մեր զինված ուժերի, պետք է բացառել այս պահի դրությամբ»:
Հարցին՝ ինչո՞ւ այս պահին Ադրբեջանը դիմեց այս քայլին, նա պատասխանեց, որ արվում է գործողություն, որը երևի մինչև վերջ հաշվարկված չէ՝ հետո ոնց պետք է օգտագործվի. «Հիմա այնպես ստացվեց, ոնց որ թե Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը: Ուզենք թե չուզենք, դա փաստ է, դա տեսանելի է բոլորին, և ով չի ուզում դա տեսնի, պարզապես նա չի ուզում Հայաստանի ապագային հավատալ»:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ միջազգային հանրությունը միշտ նույն ձևաչափով է գնում՝ հանդարտության կոչ, պահպանել զինադադարի տրամաբանությունը. «Մենք էլ կարծում ենք, որ ռազմական լուծում այս հարցի գոյություն չունի, և պետք է գտնենք հարթակներ, որտեղ մեր հարաբերությունները հարևան պետության հետ պետք է լուծենք քաղաքական, բանակցային գործընթացների միջոցով: Մեր երկրի վարչապետը բազմիցս նշել է այն տարբերակը, որը կարող է բերել խաղաղության՝ լուծումներ գտնել Արցախի հարցում, որը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին և Արցախի ժողովրդին»:
Ինչ վերաբերում է գործող իշխանությանն ուղղված քննադատություններին՝ նա ասաց, որ նախկին իշխանությունները չեն ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել. «Ի տարբերություն իրենց պաշտոնավարման տարիների պաշտպանության համակարգի, անվտանգային համակարգի թուլությունների՝ այսօր ունենք առավելություններ, և այդ առավելություններով պետք է ոգևորվել, ուրախանալ, որովհետև դա բոլորինն է, դա Հայաստանի Հանրապետությանն է, և այստեղ թեկուզ հոգու խորքում ուրախանալ հակառակորդի ինչ-որ հաջողություններով, չի կարելի: Եթե հիշում եք՝ միշտ ընդդիմությունը լարվածության պահին հայտարարել է, որ ինքը դադարեցնում է ընդդիմադիր իր գործունեությունը՝ մինչև լարվածությունը կվերանա Հայաստանի սահմաններից: Եվ այսօր մի քիչ այդ պատկերը դեռ այդպիսին չէ: Բայց փառք Աստծո, մեր զինված ուժերը, մեր երկիրը լուծում է իր առջև դրված խնդիրները, և այս պահի դրությամբ՝ այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակորդին, և իրենք հասկացան, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել հնարավոր չէ»:
Նա ասաց, որ նման բռնկումները գնալով կպակասեն, եթե «մեր երկրի առջև դրված անվտանգային օրակարգը մենք լիարժեք հեռանկարի առումով իրագործենք, ամրանանք և գնանք առաջ»:
Նա հավելեց. «Մենք ապրելու ենք այս միջավայրում՝ խաղաղության ձգտելով, իսկ խաղաղությունը նաև պարտադրում են, եթե հակառակորդը ցանկանում է այդ խաղաղությունը չիրացնել: Իսկ խաղաղությունը մեկ կողմի ցանկությամբ չէ»: