«Հանրակրթական նոր չափորոշիչները զարկ կտան արտագաղթին ու վճարովի կրթությանը». Լևոն Նազարյան
Հանրակրթական նոր չափորոշիչները մշակողներն այդպես էլ չեն պատասխանել մի կարևոր հարցի՝ եթե իրենք հանում են նախկին դասական գիմնազիական կրթությունը, նախկին չափորոշիչները, տեղն ի՞նչ են առաջարկում, մի՞թե առաջարկը սա է՝ ազատականացված նոր չափորոշիչներ, որը կերտում է անհասկանալի մի մուտանտի, որը հասկանալի չէ, թե մանկավարժական մտքի պատմությանը հայտնի ինչ մոտեցումների է հարում։ Մյուս կողմից՝ պարզ է, որ այս չափորոշիչների ներդրմամբ մենք գործ ենք ունենալու ուլտրալիբերալ, ազգային պատկերացումները մերժող, անդեմ, աշխարհը սպասարկող մեկի հետ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանը՝ անդրադառնալով Հանրակրթական նոր չափոոշիչների նախագծին ու առաջարկվող մի շարք նորամուծությունների։
«Ինչ վերաբերում է նրան, որ ներդրվում է այս չափորոշիչներում, օրինակ, նախագծային ուսուցում, ապա, եթե ոլորտի պատասխանատուները ցանկանում են ներդնել նախագծային մեթոդը, պետք է ներդնեին ամբողջ պրագմատիստական մանկավարժության բոլոր մեթոդները, որոնք բնորոշ են ամերիկյան պետության տրամաբանությանն ու նրա սոցիալ-տնտեասական վիճակին։ Այստեղ կա նաև մեկ այլ մոլորություն՝ թող կրթության պատասխանատուները գլուխ չգովեն, թե ներդնում են նախագծային ուսուցում, կարիք չկա ասելու, որ հեծանիվ են հայտնագործել, ուսուցիչներից շատերը դրանից տեղյակ են և հաջողությամբ օգտագործում են, բայց այստեղ հարցն այն է, որ լուրջ խնդիրներ է առաջացնելու այս նախագծային ուսուցումը պարտադիր դարձնելը»,- ասաց Նազարյանը։
Ըստ նրա՝ հաջորդ խնդրահարույց կետը վերաբերում է նրան, որ, ըստ այս չափորոշիչների, ենթադրվում է, որ դպրոցներն իրենց առարկայական ծրագրերը կազմելիս որոշակի ինքնուրույնություն կունենան, քանի որ պարտադիր առարկայացանկը նվազեցվում է։
«Դպրոցը պետական հաստատություն է, կրթական գործառույթով պետությունն իրականացնում է իր մի շարք կարևոր գործառույթները՝ ազգային անվտանգությանը, պաշտպանունակությանը վերաբերող։ Հիմա երբ մենք ասում ենք՝ դպրոցներին տալիս ենք ազատություններ, ապա միանշանակ է, որ այդ ազատությունները չպետք է հատեն այդ սահմանները։ Ինչ վերաբերում է դպրոցին տրվող ազատություններին՝ ապա դա արդեն ավագ դպրոցում տրվում էր, քանի որ ներդրվել էր հոսքային ուսուցումը»,- ասաց Նազարյանը՝ շեշտելով, որ առաջարկվող չափորոշիչներով, փաստորեն, 7-րդ դասարանում երեխաները տնօրենի հետ կարող են գալ համաձայնության և որոշել, որ, օրինակ, հրաժարվում են քիմիա առարկայից ու անցնում ֆիզիկա։
Ինչ վերաբերում է ավագ դպրոցների հետ կապված խնդիրներին, որի համար, ի դեպ, ժամանակին պարսավանքի էր ենթարկվում Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ապա Նազարյանի փոխանցամբ՝ եթե այդ խնդիրները կարելի էր համարել վրիպակներ, ապա այսօր հրամցվող չափորոշիչները պարզապես «անիծելու են պետության հերը»։
«Ի՞նչ փորձ են հաշվի առել՝ Սինգապուրի՞, դա խիստ տեղային փորձ է, և ամեն փորձ չէ, որ համադրելի է մեր երկրի համար։ Իսկ գերմանական գիմնազիաների, ֆրանսիական լիցեյների փորձն ինչո՞ւ հաշվի չեն առնվել։ Ընդհանուր առմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ ինքնավարություն տալու նպատակն այն է, որ նախարարությունը ձեռքերը լվանա և պատասխանատվությունը թողնի սովորողների և դպրոցների տնօրենների վրա»,- ասաց Նազարյանը՝ համարելով նախարարության իրականացվող քաղաքականությունը զերծ որևէ սկզբունքից։
«Օրինակ՝ շատերը կհիշեն, որ 2012-2013 թվականներին գործող նախարար Արայիկ Հարությունյանը կուրծք էր ծեծում օտարալեզու դպրոցների դեմ, հիմա փոփոխություն է կատարում «Լեզվի մասին» օրենքում, որոնք նպատակ ունեն թույլ տալ, որ օտարալեզու դպրոցները գործեն և աշխատեն։ Իրենց վերաբերյալ դեմ եմ անգամ առհասարակ սկզբունքային հարցերի մասին խոսելուն։ Կամ՝ հիմա Հայոց լեզու և Գրականություն առարկաները միացնում են իրար և դրանով էլ ցույց են տալիս, որ պետությունն ասում է, որ՝ ինձ պետք չեն քաղաքացիներ, որոնք վաղն օժտված են լինելու բարձր ազգային գիտակցությամբ, ասում է՝ ինձ պետք են մարդիկ, որոնք իրենց գործունեությունը կծավալեն գլոբալ աշխարհում, սա բերելու է նրան, որ մենք ունենալու ենք միգրացիայի ալիք։ Ընդհանուր առմամբ՝ ազգային ինքնությունը հռչակված է թշնամի, և մարդիկ իրենց փորձելու են տեսնել արդեն դրսում և լքել Հայաստանը։ Այս չափորոշիչները բերելու են նրան, որ կրթություն ստանալու իրավունքը դրվելու է կասկածի տակ, և անվճար կրթությունը դառնալու է անորակ, իսկ դա բերելու է նրան, որ փնտրվելու են արդեն մասնավոր կրթական հաստատություններ, որտեղ, ի դեպ, վարձավճարը չի լինելու մատչելի»,- ասաց Նազարյանը։
Նրա խոսքով՝ հանրակրթական այս չափորոշիչների նախագիծը հերթական անգամ վկայում է այն քաղաքականության մասին, որը որդեգրել է օրվա իշխանությունը, և հերթական քայլն է՝ ընդդեմ ազգային արժեհամակարգի։
Ըստ նրա՝ խոշոր հաշվով և վերջնարդյունքում փորձելու են Հայաստանը դարձնել զուտ տարանցիկ ճանապարհ Թուրքիայի հովանավորության տակ, և սրա հետևանքով է նաև, որ մենք ունենք հիմա անհասկանալի գործընթաց Արցախի, Մեծամորի ատոմակայանի շուրջ։
«Կարող է վերջում ստացվել, որ մեզ կառաջարկվի, և իշխանությունները չեն կարողանա դրանից հրաժարվել, միանալ տրանս-կասպիական գազատարին և փոխարենն ընդունել թուրքական ինտեգրացիան և, բնականաբար, սահմանամերձ գյուղի երեխաներին կմնա այդ ճանապարհին մանղալներ դնել թուրքերի անցուդարձը սպասարկելու և մանր առևտրով զբաղվելու համար։ Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ է նշանակում Հայաստանի համար թուրքական էքսպանսիան»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները տեսանյութում