Թրամփը Փաշինյանի երեսին մի քանի անգամ օգտագործել է միջանցք բառը. Հայկ Մամիջանյան
«Պարզ հարց եմ տալիս. Փաստաթուղթ է, որտեղ երկու հատված կա՝ ՀՀ տարածքով անցումը և Ադրբեջանի տարածքով անցումը, Հայաստանի տարածքով անցումը մանրամասն նկարագրված է, մի մասը բանավոր է ասված՝ 99 տարին բանավոր է ասված, կորիդոր բառնը անգլերեն բանավոր է ասված… Ի դեպ, փաշինյանական հեքիաթը, որ կորիդորը տերմին է, անգլերենում լիքը հոմանիշներ կային, որոնք նախագահ Թրամփը կարող էր օգտագործել, այլ ոչ թե՝ կորիդոր բառը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին, երբ հայ-թուրքական արձանագրություններն էին ստորագրվում, հայկական կողմը պարտադիր պայման էր դրել, որ ստորագրությունից հետո հայտարարություններ չլինեն:
«Նպատակը հենց այն էր, որ Թուրքիան հնարավորություն չունենա ստորագրելուց հետո հավելյալ օրակարգեր և հավելյալ նախապայմաններ ելույթով արձանագրել: Սա չի արվել օգոստոսյան ստորագրությունների ժամանակ: Հիմա, առաջին հատվածում մանրամասն նկարագրված է, թե Հայաստանի տարածքով անցումն ինչ պայմաններով է լինելու: Ադրբեջանի հատվածում նման բան գրած չկա, ընդամենը գրված է փոխադարձություն բառը: Միջազգային իրավունքի ցանկացած մասնագետ ձեզ կասի, որ նման պայմանագրեր երբեք չեն լինում»,- ընդգծեց նա:
Նա ծիծաղելի է համարում ՔՊ-ի քարոզչական թեզը, երբ սկսում են ընդդիմությանը մեղադրել, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն են ուզում. «էն էլ եք դուք ստորագրել, էս էլ եք դուք ստորագրել, հիմա մեզ ինչ-որ բանի մե՞ջ եք մեղադրում: Այո, նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան չկատարված կետեր, որոնց իրականացումը շատ էական է ՀՀ-ի և Արցախի համար: Բայց գալ ու մուննաթ գալ մեր վրա, որ դուք ժամանակին ափալ-թափալ նոյեմբերի 9 եք ստորագրել, որից հետո երեք տարի շարունակ այդ տարընթերցումների թեզն էր… Հիմա, ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ կարդա թղթերը ստորագրելուց առաջ, ի՞նչ է նշանակում՝ տարընթերցում: Երկրորդ կարևոր միջազգային հայտարարություն է ընդունվում իր օրոք ու երկու անգամն էլ նույն պատմությունն է լինում՝ տարընթերցումներ են առկա: Իսկ իրականության մեջ տրամաբանությունն այն է, որ Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչ իրենից Ադրբեջանը պահանջում է, որպեսզի այդ կադրը ունենա՝ իրենք երեքով, ու կարողանա նախընտրական քարոզչության մեջ օգտագործել»:
Նրա խոսքով՝ իրականության մեջ Վաշինգտոնում փաստացի նկարագրվել է միջանցքային տրամաբանություն. «Ամենախայտառակությունը՝ Փաշինյանի երեսին նախագահ Թրամփը հենց ստորագրումից հետո մի քանի անգամ օգտագործել է միջանցք բառը»:
Մանրամասները՝ տեսանյութում



