
Մադուրոն Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումն ագրեսիա է անվանել Վենեսուելայի դեմ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումն ագրեսիա է անվանել Բոլիվարյան Հանրապետության դեմ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Venezolana de Television հեռուստաալիքի «Մադուրոյի հետ պլյուս» հաղորդման ժամանակ Վենեսուելայի նախագահն ասել է, որ միջազգային լրատվական գործակալությունները «պնդում են, թե Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերություններ են, բայց ճիշտ արտահայտությունն ագրեսիան է, այլ ոչ թե լարվածությունը»։
Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ տեղակայել է 8 ռազմանավ, 1200 հրթիռ և ատոմային սուզանավ՝ «նշանակետի տակ պահելով խաղաղ ժողովրդին, որը պետք է դողա»։ «Իրոք, այս ժողովուրդը դողում է, բայց վրդովմունքից, զայրույթից, ազգայնականությունից և հայրենասիրությունից», – եզրափակել է Մադուրոն։
Նա ընդգծել է, որ «ժողովուրդը և Բոլիվարյան ազգային զինված ուժերը (FANB) կպաշտպանեն Վենեսուելայի տարածքային ամբողջականությունը, խաղաղությունը և ապագան»։
Վենեսուելայի առաջնորդը բարձր է գնահատել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների միության (CELAC) հայտարարությունը, որում լուրջ մտահոգություն է արտահայտվել Կարիբյան ավազանի հարավային մասում ԱՄՆ ռազմանավերի տեղակայման կապակցությամբ, ինչը խախտում է 2014 թվականին այդ տարածաշրջանում հայտարարված Խաղաղության գոտին:
Reuters գործակալության տվյալներով՝ օգոստոսի 19-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք էսկադրային ականակիրներ (USS Gravely, USS Jason Dunham և USS Sampson) ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավային մաս՝ Վենեսուելայի ափերի մոտ, «թմրակարտելների դեմ պայքարի գործողություններ իրականացնելու համար»: Կարիբյան ծով են տեղափոխվել նաև USS Newport News ատոմային սուզանավը, USS Lake Erie հրթիռակիր հածանավը, դեսանտային նավեր և 4500 զինծառայող:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Վենեսուելային մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար պայքարի մեջ, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում ոչնչացրել են թմրանյութերով բեռնված նավ, ինչպես նաև վենեսուելական թմրակարտելի 11 անդամի: