Երբևէ չեմ ասել՝ ձեր միտինգին միանում եմ, բայց Ազնավուրի հրապարակում ու կաֆեում նստած. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց իրենց նախկին հայտարարությունները, որ՝ Փաշինյանի ամեն օր իշխանության մնալն աղետներ է բերում մեր երկրին և ստեղծում անդառնալի հետևանքներ:
«Դրանից հետևություն՝ իշխանափոխության խնդիրն անհրաժեշտ է լուծել մինչև ընտրությունները, և առհասարակ, ընտրություններին սպասել գործընթացը ես այդքան էլ լավ չեմ հասկանում: Հետևաբար, մենք առաջարկում ենք, մեր կարծիքով, այս պահին միակ իրատեսական լուծումը՝ իմպիչմենտի գործընթաց: Դա այս պահին Հայաստանի քաղաքական դաշտում միակ առաջարկված օրակարգն է՝ Փաշինյանի հեռացման: Եթե կան այլ օրակարգեր, մենք սիրով կքննարկենք դրանք, բայց կարծես ոչ ոք ոչ մի բան չի առաջարկում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նա շեշտեց՝ առանց հանրային կոնսոլիդացիայի և փողոցի ճնշման հնարավոր չէ իրականացնել իմպիչմենտի գործընթացը. «Առաջին հերթին, անհրաժեշտ է, որ խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը միանան այդ գործընթացին, հետևաբար՝ շարունակում ենք սպասել «Հայաստան» խմբակցության արձագանքին: Խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշումը, որ Փաշինյանին անհրաժեշտ է հեռացնել, կարևորագույն փուլն է, և կատարել այն խոստումը, որ բոլորս տվել ենք 2021-ին և դրան նախորդող ժամանակահատվածում: Բոլորս խոստացել ենք անել ամեն ինչ, որպեսզի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին. հիմա մենք մեր խոստումը կատարում ենք: Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կա՛մ կմիանան մեզ հետ և այդ լուծման ուղղությամբ բոլորս մեր ուժերը կդնենք, կա՛մ կառաջարկեն այլընտրանքային օրակարգ, որը չի լինելու»:
Դիտարկմանը՝ «Հայաստան» խմբակցությունն իր ստորագրությունը դրել է, նա արձագանքեց՝ ինչ-որ թղթի տակ, այո. «Ես վստահ եմ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն օրվա ընթացքում տարբեր թղթերի տակ ստորագրություններ են դնում, կարող են շարունակել այդպես անել, բայց այն թուղթը, որն իրենք հրապարակել են, որևէ կապ չունի «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած անվստահության գործընթացի ձևաթղթի հետ»:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե եթե «Պատիվ ունեմ»-ը պակասող ստորագրությունները ՔՊ-ից ստանա, «Հայաստան» խմբակցությունը կմիանա, նա նշեց, որ երբ իրեն որևէ ակցիայի, միտինգի մասնակցել են առաջարկել, երբևէ չի ասել՝ գնացեք 5000 մարդ հավաքեք, նոր ինքը կգա. «Ոչ էլ երբևէ, երբ ինձ հրավիրել են, օրինակ՝ Ազատության հրապարակում միտինգի, ասել եմ՝ շատ լավ, ես ձեր միտինգին միանում եմ, բայց՝ Շառլ Ազնավուրի հրապարակում ու կաֆեում նստած»:
Մանրամասները՝ տեսանյութում



