Բաժիններ՝

«Եթե չեն օգնում ոլորտին, ապա ցանկալի է՝ գոնե չխանգարեն». Սրճարանի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Նախորդ շաբաթ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բնակչությանը կոչ էր արել սահմանափակել հանդիպումները, շփումները, նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին մնալ տանը. «Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոք դաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է՝ շատ։

Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։

Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։

Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձներ և այլն, այդ թվում՝ ձեր իսկ տներում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արսեն Թորոսյանը։

Նախարարի այս հայտարարությունը մեծ զայրույթ էր առաջացրել ռեստորանների և սրճարանների ոլորտի տնտեսվարողների շրջանում։ Ըստ նրանց, գտնվելով ծանր վիճակում, ակնկալում էին Կառավարության աջակցությունը, մինչդեռ կառավարության անդամի հայտարարությունը մեծ վնաս կարող է հասցնել ոլորտին։

Հանրային սննդի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը 168 TV-ի  «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադարձել էր նախարարի հայտարարությանը՝ ասելով, որ էպիդեմիան այլևս անկառավարելի է, իսկ դրա պատճառը բնավ էլ ռեստորանները չեն.

«Երբ պետական պաշտոնյան կանգնում և նման հայտարարություն է անում, ես՝ որպես բիզնեսի ներկայացուցիչ, ակնկալում եմ, որ նախարարը նախապես պետք է խոսացած լիներ տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ, իսկ կառավարությունը պետք է պատրաստ լինի աջակցություն տալ։ Եթե այս ամենը չի արվում, ապա նախարարի կոչն ընկալվում է՝ որպես բոյկոտ։ Այսինքն՝ նախարարը բոյկոտում է ռեստորանների աշխատանքը և չի ասում, որ՝ մենք կչեղարկենք ձեր հարկերը, տեղական և պետական տուրքերը, սոցվճարները, չեն ասում՝ դուք փակվեք, մինչև մենք կարողանանք 5-րդ ամսում բարեհաճենք կառավարել էպիդեմիան»,- ասել էր նա։

168.am-ը մի քանի սրճարաններից և ռեստորաններից հետաքրքրվեց, թե Առողջապահության նախարարի հայտարարությունն ինչպես է ազդել մարդկանց հաճախելիության վրա, և առհասարակ ինչպե՞ս են վերաբերվում այդ կոչ-հայտարարությանը։

Երևանի «Ավգուստ» (August) սրճարանի և ռեստորանի մենեջեր Արամ Մնացականյանի խոսքով՝ առհասարակ սրճարան հաճախելիությունը նվազել է, իսկ նախարարի հայտարարությունից հետո է՛լ ավելի շատ քիչ է նվազել։

«Կարծում եմ՝ արտակարգ դրության պայմաններում առաջին խնդիրը, որին բախվել ենք, առևտրի խնդիրն է և դրանից բխող խնդիրները՝ հարկերի վճարում, կենսաթոշակային, սննդի լիցենզիա։ Մեր նույն աշխատակազմը մենք պահում ենք, նույն աշխատավարձը վճարում ենք, սակայն եկամուտ չունենք»,- նշեց նա։

Սրճարանի տնօրենն էլ անդրադառնալով իրենց հետագա գործունեությանը՝ ընդգծեց, որ ոլորտում բոլորի գործերն էլ շատ վատ են:

«Այս պահին մենք աշխատում ենք, դեռ փակվելու մտադրություն չունենք, բայց եթե այսպես երկար շարունակվեց՝ կմտածենք»,- նշեց սրճարանի տնօրեն Գևորգը։

Նա նաև ընդգծեց, որ սրճարանի աշխատակիցները Կառավարության աջակցության երկու ծրագրերով փոխհատուցում ստացել են, սակայն այն գումար, որ ստացել են, դժվար թե այդ մարդկանց հոգսերը թեթևացնի։

«Ձեր եթերում ռեստորատոր Աշոտ Բարսեղյանն անդրադարձել էր ոլորտի խնդիրներին, մենք նրա հետ լիովին համաձայն ենք։  Այն PR-ը, որն անում են պատկան մարմինները, ի դեմս Առողջապահության նախարարի, ցանկալի է, որ չարվեն, եթե չեն օգնում ոլորտին, ապա ցանկալի է՝ գոնե չխանգարեն»,- եզրափակեց նա։

«Ջազզվե» սրճարանների ցանցի Թումանյանի մասնաճյուղի մենեջերը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարի հայտարարությունը  հաճախելիության վրա որևէ ազդեցություն չի  ունեցել։ Ինչ վերաբերում է խնդիրներին, որին այս ընթացքում բախվել են, նա ասաց.

«Դուք էլ եք Հայաստանում ապրում և մեզանից լավ գիտեք խնդիրները։ Մեր տնօրենը տեղում չէ, և ես ավելին չեմ կարող ասել»։

Դիլիջանի «Թավա» ռեստորանն էլ, որը նախօրեին հայտարարել էր իր փակվելու մասին, տարածքի հետ կապված խնդիրներ ունի։ Ռեստորանից մեզ հայտնեցին, որ ռեստորանն այս պահին դեռ աշխատում է, սակայն փակվելու է, քանի որ տարածքի հետ կապված կան խնդիրներ։ Այլ հարցերի չպատասխանեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս