«50 հազար աշխատողի 40 տոկոսը դառնում է գործազուրկ. կրիտիկական մակարդակին ենք հասնում». Աշոտ Բարսեղյան

Հանրային սննդի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հորդորում է գիտակցված լոքդաունի կոչ անելու փոխարեն՝ գիտակցված գնալ և կառավարել երկրում տիրող անկառավարելի այն էպիդեմիան, որի պատճառը ոչ թե ռեստորաններն են, այլ պետության չհաշվարկած քայլերը։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Բարսեղյանը՝ նշելով. «Այս էպիդեմիան այլևս անկառավարելի է, իսկ դրա պատճառը ռեստորանները չեն, ուստի, երբ պետական պաշտոնյան կանգնում և նման հայտարարություն է անում, ես, որպես բիզնեսի ներկայացուցիչ, ակնկալում եմ, որ նախարարը նախապես պետք է խոսացած լիներ տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ, իսկ կառավարությունը պետք է պատրաստ լինի աջակցություն տալ։ Եթե այս ամենը չի արվում, ապա նախարարի կոչն ընկալվում է՝ որպես բոյկոտ։ Այսինքն՝ նախարարը բոյկոտում է ռեստորանների աշխատանքը և չի ասում, որ մենք կչեղարկենք ձեր հարկերը, տեղական և պետական տուրքերը, սոցվճարները, չեն ասում՝ դուք փակվեք, մինչև մենք կարողանանք 5-րդ ամսում բարեհաճենք կառավարել էպիդեմիան»։

Վերջինի խոսքով՝ ռեստորանները դեռևս մարտ ամսին հայտարարել էին, որ պատրաստ են 40 օրով փակվել, կրել փակվելու բեռը, բայց դրանով տալ հնարավորություն պետությանը պայքարել վարակի տարածման դեմ, սակայն արդյունքում ստացվեց մի իրավիճակ, որ Առողջապահության նախարարը տապալեց համավարակի դեմ պայքարը, իսկ այդ տապալման հետևանքն է, որ մինչ այսօր անորոշ է, թե տնտեսությունն ամբողջապես երբ կկարողանա բացվել։

«800-900 միլիոն դոլարի տարեկան շրջանառություն ունի այս ոլորտը, որի մեծ մասը ստացվում է ապրիլ-մայիս ամսվա շրջանառությունից։ Հենց այդ ամիսների ժամանակ էր, որ պետությունից սպասում էինք ուղիղ աջակցություն, որը չեղավ։ Դրանից բացի, մենք ամառվա ընթացքում ունենում ենք հազարավոր միջոցառումներ, որոնք ապահովում են 20 հազար աշխատատեղ, և հիմա այս բոլոր մարդիկ դարձել են անգործ. հիշեցնեմ, որ միայն ամառվա միջոցառումների ժամանակ մենք ունենում էինք 200-300 միլիոն դոլարի շրջանառություն»,- ասաց նա։

Ռոստորատորի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով ռեստորաններն արդեն իսկ կորցրել են իրենց տարեկան շրջանառության ուղիղ կեսը, և անհայտ է, թե փակման եզրին գտնվող զբոսաշրջության ֆոնին այդ կորուստը դեռ որքան կավելանա։

«Այս տարի զբոսաշրջությունը չի վերականգնվի, իսկ մինչև 300 միլիոն դոլարի շրջանառություն ապահովվում էր հենց այս ոլորտից»,- ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ եթե պետությունը հրատապ քայլեր չիրականացնի՝ շատ շուտով զբաղվածության հարցը երկրում հասնելու է կրիտիկական մակարդակի, և եթե պետությունը չգնա նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ անելու ճանապարհով, կորուստները լինելու են շատ ավելի շատ։

«Շուտով առաջանալու է զբաղվածության կրիտիկական մակարդակ, օրինակ՝ մեր ոլորտում աշխատում էր մոտ 50 հազար մարդ, որից 40 տոկոսը կդառնա գործազուրկ, եթե այս վիճակով շարունակեն»,- ասաց Բարսեղյանը։

Ըստ նրա՝ հանրային սննդի ոլորտը կործանումից փրկելու համար պետությունը պետք է ուղղակիորեն ների տնտեսվարողների հարկերը, տուրքերը, սոցիալական վնասները։

«Եթե դա չի անում, ապա պետությունը պետք է պատրաստ լինի, որ ունենալու է գործազուրկների բանակ, տնտեսության մեջ նվազելու է գումարների շրջանառությունը, սպառման մակարդակն ընկնելու է, մինչդեռ պետք է պետության տնտեսական քաղաքականությունն այնպիսին լիներ, որ կարանտինից հետո տնտեսությունը կարողանար վերականգնվել»,- ասաց Բարսեղյանը։

Անդրադառնալով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարությանը, որ սրճարանների համար նախատեսվում են հերթական սահմանափակումներ՝ Աշոտ Բարսեղյանն ասաց.

«Հանրային սննդի ոլորտը դեմ է սահմանափակումներին։ Ուզում եմ կոչ հնչեցնել՝ պարոնա՛յք, տնտեսությունն ազատականացնելու ժամանակն է, մենք 5-րդ ամիսն է՝ պանդեմիայի ճիրաններում ենք, և ստեղծված իրավիճակը պահանջում է ոչ թե սահմանափակումներ, այլ պետության կողմից կտրուկ ներգործություն»։

Վերջում Բարսեղյանը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում կատարված այն հայտարարություններն ու գործողությունները, որոնք ուղղակիորեն հարված են հասցնում ռեստորանային բիզնեսին։

«Առողջապահության նախարարի հայտարարության մեջ վտանգավոր միտումներ եմ տեսնում, նա արդեն 3-րդ հարվածն է հասցնում մեր ոլորտին՝ 1-ինը հակածխախոտային պայքարն է՝ այդ անհետևողական ու անմիտ օրենքը, որը մեր ոլորտին զրկեց շրջանառու միջոցներից, 2-րդը՝ նրա այս վերջին կոչը, 3-րդն էլ, բացեմ գաղտնիք, Ազգային ժողովի օրակարգ է մտել։ Խոսքն Առողջապահության համաշխարհային կարզմակերպության հորդորով կազմված հակաալկոհոլային օրենքի մասին է, որը նման է հակածխախոտայինին»,- ասաց հանրային սննդի փորձագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս