«Պանդեմիաները չունեն սեզոնայնություն՝ կատարված բոլոր աշխատանքները հակասում են համաճարակաբանության գիտությանը». Համաճարակաբան
ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ, համաճարակաբան Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ գոյություն ունի համաճարակաբանության կանոն, որի համաձայն, եթե վիրուսն ուսումնասիրված չէ, անհայտ է, ապա այն դիտարկում են՝ որպես առավելագույնը վտանգավոր այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։
«Եթե մենք վերցնում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրությունները, ապա բավականին տեղեկատվություն կար, որ կորոնավիրուսն ունի բավականին մեծ վտանգավորություն, պանդեմիայի վերածվելու բնութագրեր, բարձր մահաբերություն։ Նույնիսկ հստակ ցուցում կար, որ կորոնավիրուսը չի կարելի համեմատել գրիպի հետ, քանի որ դրա մահաբերությունն ունի բարձր մակարդակ և չունի պատվաստանյութ։ Փաստորեն, մենք կարող ենք պնդել, որ, եթե կա վիրուս, ապա պետք է կատարել մաքսիմալ կանխարգելիչ միջոցառումներ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։
Համաճարակաբանի փոխանցմամբ՝ իշխանություները փետրվարի վերջին և մարտի սկզբին հայտարարեցին, որ կարանտինն այդքան էլ արդյունավետ միջոց չէ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, մինչդեռ գիտությունն ու պատմությունն են ապացուցել, որ կարանտինը կա և կմնա ամենաարդյունավետ միջոցը։
«Կարանտինը պետք է մտցնեին շատ ավելի շուտ, որն իրականացնելու վերաբերյալ կար հստակ տեղեկատվություն, քանի որ փետրվարից ԱՀԿ-ն արդեն հայտնել էր, որ Իրանում և Իտալիայում իրավիճակը մտահոգիչ է։ Նույնիսկ ԱՀԿ-ից ունենք հստակ հաղորդագրություն, որ փետրվարի 28-ի դրությամբ Իտալիայից 14 երկիր ներթափանցել է վիրուսը, իսկ Իրանից՝ 11 երկիր։ Փաստորեն, մեզ մոտ այս ամենի վրա ուշադրություն չեն դարձրել և սահմանափակումներ չեն մտցրել»,- հավելեց համաճարակաբանը։
Անդրադառնալով համավարակի պայմաններում եղած սահմանափակումներին, Է. Հովհաննիսյանը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանափակումներն արդյունավետ չիրականացվեցին։
Նա նաև ընդգծեց, որ արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտ էր բնակչության հետ աշխատանք տանելու հստակ ռազմավարություն։
«Բնակչությանը պետք է տրվեր լիարժեք տեղեկատվություն, որպեսզի հասարակության բոլոր շերտերը պաշտպանված լինեին վիրուսից՝ խուճապ չառաջանալու համար։ Իսկ խուճապ չի լինում այն ժամանակ, երբ բնակչությունը ստանում է լիարժեք տեղեկատվություն, իսկ այդ տեղեկատվությունը լիարժեք ու վարքագիծ մշակող չի եղել։ Խուճապն առաջացել է այն ժամանակ, երբ մարդիկ տեսնելով՝ ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, չէին ստանում լիարժեք տեղեկատվություն»,- նշեց նա։
Համաճարակաբանը նաև անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակայնորեն արտահայտած այն տեսակետին, որ կորոնավիրուսն ունենալու է սեզոնայնություն, այսինքն՝ ջերմաստիճանի բարձրացման հետ կապված, համաճարակը հետ է զարգանալու և վիրուսի տարածումը նվազելու է։
«Գոյություն ունի համաճարակաբանության սկզբունք՝ պանդեմիաները չունեն սեզոնայնություն։ Ուզում եմ նաև ասել, որ կատարված բոլոր աշխատանքները հակասում են համաճարակաբանության գիտությանը և շատ դեպքերում հակասում էին ԱՀԿ-ի առաջարկություններին»,- եզրափակեց Էդվարդ Հովհաննիսյանը։