«Թուրքական կողմն անհանգստացած է, որ մենք վերադարձանք պահանջատիրության խնդրին՝ երկրորդ պլան մղելով ճանաչման հարցը». Աշոտ Մելքոնյանը՝ Թուրքիայում ստեղծված կառույցի մասին

Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց։ Չնայած նշվում է, որ այն գործելու է Կառավարությունից անկախ, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառույցին աշխատանքի անցնելու ցուցումներ է տվել և կոչ արել աշխատանքներն արագացնել և այն հասցնել ավարտուն տեսքի։

168.am հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով այդ կառույցի ստեղծմանը՝ նշեց, որ այն համեմատում է 1920-ական թվականների վերջին Մուստաֆա Քեմալի նախաձեռնությամբ ստեղծված թուրքական պատմագիտական ընկերության ստեղծման հետ։

«Այդ ընկերության առջև խնդիր էր դրվել պատմությունը կեղծել, օրակարգ բերել թուրքերի բնիկության կեղծ հայեցակարգը, ժխտել Հայոց ցեղասպանությունը, և այլն։ Ժամանակի ընթացքում այդ կազմակերպությունը բավականին աշխատանք տարավ և նրբորեն կարողանում էր կեղծել հայոց պատմությունը։ Հատկապես 70-80-ական թվականներից սկսած աստիճանաբար այդ կառույցը հեղինակազրկվեց։ Այսօր Թուրքիայում այդ կառույցը, որն ունի պետական ֆինանսավորում, ամբողջովին հեղինակազրկվել է՝ որպես պատմագիտական ընկերություն։ Շատ դեպքերում թուրք պատմաբանները ևս ծաղրում են այդ կառույցին, վերջին ղեկավարներից մեկը Մեջլիսի պատգամավոր Յուսուֆ Հալաջօղլուն էր՝ հայտնի կեղծարար։ Այնպես որ, սա երկրորդ փորձն է, և մենք չպետք է զարմանանք։ Սա միշտ հիշեցնում է նախորդներին՝ Մուստաֆա Քեմալին, երիտթուրքերին, սուլթան Համիդին և այն ծավալապաշտական քաղաքականության և կեղծիքներ թույլ տալու առումով՝ նրանց չի զիջում»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրականացվող քաղաքականությանը՝ Աշոտ Մելքոնյանն ասաց, որ 1960-ական թվականների կեսերից, երբ թուրքերը Հայոց ցեղասպանության հարցում նոր մարտավարություն էին ընտրել առ այն, որ ցեղասպանություն չի եղել, այդ ժամանակ էլ ժխտողական քաղաքականությունը պաշտոնապես օրակարգ էր մտել։

«Տեսեք ինչ եղավ՝ թուրքերն առաջ քաշեցին այն տեսությունը, թե իբրև Հայոց ցեղասպանություն չի եղել, մենք էլ սկսեցինք պայքարել ժխտողականության դեմ, որի արդյունքում ակամայից մեր հիմնական պայքարը՝ հատուցման հասնելու իմաստով, երկրորդ պլան մղվեց։ Առաջնային խնդիր դարձավ ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը։ Բազմիցս այդ մասին ասել եմ՝ այժմ էլ կրկնում եմ, որ մենք, փաստորեն, 50 տարի թուրքական ծուղակի մեջ էինք և զբաղվում էինք ոչ թե Հայոց ցեղասպանության հատուցման հասնելու, այլ թուրքական մերժողականությունը ժխտելու քայլերով, ինչը միայն վերջերս պտուղներ տվեց։

Մեր մարտավարությունը ևս փոխվեց, և մենք ճանաչման գործընթացից քայլ կատարեցինք և սկսեցինք խոսել պահանջատիրության մասին։ Այդ պատճառով էլ թուրքական կողմն անհանգստացած է, որ մենք վերադարձանք պահանջատիրության խնդրին՝ երկրորդ պլան մղելով ճանաչման հարցը։ Նրանք առաջ քաշեցին պայքարի այս նոր ձևը՝ փորձելով մեզ մոլորեցնել, ինչպես մոլորեցրեցին 2000-ականների սկզբին։ Այդ ժամանակ նրանք մեջտեղ էին բերել, այսպես ասած, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը՝ երկուստեք ստեղծվել էր հանձնաժողով, որը Միացյալ Նահանգներում քննարկում էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ հասկանալու համար, թե այն համապատասխանո՞ւմ է 1948 թվականի դեկտեմբերի 9-ի ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Լեմկինի բանաձևի կետերին, թե՞ ոչ։ 2003 թվականին հայկական կողմը հասկանալով, որ ծուղակի մեջ է, միակողմանի դուրս եկավ այդ հանձնաժողովից, և այդ քայլը ձախողվեց»,- հավելեց պատմաբանը։

Ըստ Աշոտ Մելքոնյանի՝ հայաստանյան գիտական շրջանակները, սփյուռքը, քաղաքական կուսակցություններն այս խնդրով զբաղվում են միայն ու միայն հատուցման հասնելու, Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու օրակարգով։ Այդուհանդերձ, կան քաղաքական ուժեր, որոնք կարծես թե շարունակում են խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որը, նրա կարծիքով՝ արդեն անցած փուլ է։ Հետևաբար՝ այս ամենով կարելի է պայմանավորել թուրքական կողմի անհանգստությունները և նման կառույցի ստեղծման հանգամանքը։

«Կարծում եմ, որքան հնարավոր է, մենք պետք է և՛ պետականորեն աշխատանքի բաշխում կատարելով, և՛ Հայաստանի ու սփյուռքի առանձին կառույցների հետ պայքար մղելով, կարողանանք հասնել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և պահանջատիրության։ Գիտեք, որ օգոստոսի 10-ին լրանում է Սևրի դաշնագրի, իսկ նոյեմբերի 22-ին՝ Վիլսոնի Իրավարար վճռի 100-րդ տարին, որոնք շատ կարևոր իրադարձություններ են։ Մենք պետք է հնարավորինս, թեկուզ կորոնավիրուսային այս պայմաններում, կարողանանք գոնե հեռավար տարբերակով, միջոցառումներով հակազդել թուրքերին։ Օրինակ՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտը նախորդ տարի հրատարակել է 600 էջանոց մի աշխատություն, որտեղ խոսվում էր այն մասին, թե ինչ ենք ունեցել ցեղասպանությունից առաջ, ինչ ենք կորցրել, եթե չլիներ ցեղասպանությունը, որքան կլիներ հայերի թիվն աշխարհում, մեր հաշվարկով՝ 25-30 միլիոնի մասին է խոսքը։ Ցեղասպանության տարիներին ոչնչացվել են նաև միլիարդավոր դոլարներ, մշակութային արժեքներ, և այլն։ Ցավոք, պետական մակարդակով հայեցակարգային մոտեցում այդ խնդրի հետ կապված դեռ գոյություն չունի, վերջին տասնամյակներին այս մասին շատ ենք խոսել»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ չնայած Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, ունի ֆինանսական հսկայական միջոցներ, այդուհանդերձ Հայաստանը միշտ հաղթող է դուրս գալիս, քանի որ ճշմարտությունը շատ ավելի հեշտ է մատուցել հանրությանը, քան կեղծիքն ու սուտը։

«Ըստ իս, մենք պետականորեն պետք է ստեղծենք համարժեք կառույց և վերջապես ձևավորենք հայեցակարգ Հայոց ցեղասպանության խնդրով, ամենակարևորը՝ հատուցման հասնելու նպատակով։ Սրա նախադեպը կա՝ հրեական Հոլոքոստը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունից հետո, և նրանք իրենց խելացի գործունեության շնորհիվ հասան նրան, որ Գերմանիան շարունակում է միլիարդավոր դոլարներ վճարել և իրականացնել զանազան հումանիտար ծրագրեր։ Կարծում եմ՝ նման կառույց ստեղծելն այն հարցն է, որ հատկապես սփյուռքը կանգ չի առնի այստեղ հսկայական միջոցներ ներդնելու համար, այդ իմաստով ֆինանսական միջոցների բացակայությունն այդքան էլ էական չէ։ Հետևաբար, այստեղ խնդիրը ոչ թե ֆինանսական է, որքան հոգեբանական, որովհետև յուրաքանչյուր իշխանության երկրի առաջ ծառացած զանազան խնդիրների թնջուկի մեջ թվում է, այս խնդիրն իր համար լրացուցիչ բեռ է, ինչո՞ւ չէ, նաև հոգս։ Ցավալիորեն նաև հավատ չկա, որ այդ խնդիրը կարելի է մինչև վերջ հասցնել տրամաբանական ավարտին»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս