Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չդիմեց ՍԴ. ատլանտյան խոփը մխրճվեց իրավական պետության մեջ

Վերջին տասը տարիների քաղաքական գործընթացները բացահայտել են բոլոր քաղաքական ուժերի իրական մոտիվացիաները, որից պարզվում է, որ Հայաստանում երկու քաղաքական ուղղություն կա՝ հայրենասերներ, որոնք անհանգստացած են Հայաստանի անվտանգությամբ, և ամերիկյան ազդեցության գործակալներ, որոնց գործն է՝ Հայաստանը պոկել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից։

ԱՄՆ-ն իր արբանյակներով հետևողական աշխատանքի արդյունքում կարողացավ Վրաստանն ու Ուկրաինան անջատել Ռուասաստանի հետ ռազմական կապերից։ Ռուսաստանի շուրջ ահագին օղակը սեղմվել է, բայց մինչև վերջ սեղմելու համար Հայաստանն է խանգարում, որը Եվրոպայի խորհրդի միակ երկիրն է, ուր մնացել են ռուսական ռազմական բազաներ, և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ է, գումարած, որ ԱՄՆ-ը Հայաստանում խնդիր ունի նաև Իրանի սահմանը վերահսկելու։ Արդեն 10 տարուց ավելի հետևողական աշխատանք է տարվում Հայաստանն էլ պոկելու, որի արդյունքերից մեկը հեղափոխությունն էր։ Բայց դա առաջին փուլն էր, որտեղ նպատակները լավ քողարկված էին «կոռումպացված, քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքարի» անվան տակ, ու խաբվելով՝ բազմաթիվ հայրենասերներ միացան հեղափոխությանը։

Սահակաշվիլին էլ, որ նոր էր նախագահ դարձել՝ ջան-ջիգյար էր Ռուսաստանի հետ, Պուտինի հետ ջերմորեն հանդիպում էր, հետզհետե սրեց հարաբերությունները, Պուտինին Լիլիպուտին էր անվանում, և հասցրեց նրան, որ երկիրը պատերազմի մեջ մտավ Ռուսաստանի հետ ու տարածքներ կորցրեց։

Այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ շքերթին մասնակցելու, ազդարարվեց հակառուսական դավադրության երկրորդ փուլը։

Եթե բոլոր փուլերը հաջողացնեն, ապա Թուրքիան ու Ադրբեջանն ուղղակի կուլ կտան Հայաստանը։

Բազմաթիվ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ՝ թալան, կոռուպցիա, մարդու իրավունքներ գոռալով, քողարկում են իրենց իրական դերը, այն, որ առաջ են տանում Հայաստանի վրայով ատլանտյան խոփը։

Ահա, եկավ-հասավ այն պահը, որ խոփը դեմ առավ իրավական պետությանը, պետք էր բրթել առաջ ու քանդել իրավական պետությունը, 89 հոգով խցկվում են սահմանադրության մեջ, կետեր փոխում ու դատավոր հեռացնում։ Իսկ տեսեք, թե ովքեր են իրենց պրոպագանդայով լծված այդ խոփը առաջ տանում՝ բոլորը ատլանտյան ֆինանսավորմամբ գործիչներ ու կազմակերպություններ են։

Եթե քննեք «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությունն իր ծննդյան սկզբից և նրա անդամների հռետորությունը, ապա ենթատեքստում կգտնեք հակառուսական ուղղությունը, բայց հիմա, երբ «Լուսավոր Հայաստանը» հրաժարվեց դիմել Սահմանադրական դատարան, բացահայտեց իր իրական դերը, որն այդ ատլանտյան խոփը առաջ տանելն էր։

Հեն է, Էդմոն Մարուքյանը պարզ ասաց՝ Քոչարյանի գործի համար չենք դիմում, տեսնենք՝ ինչ որոշում կընդունեն, կորոշենք՝ դիմե՞նք, թե՞ չէ։ Այսինքն, իմ ուզած որոշումը ընդունեն՝ կդիմենք, եթե չէ՝ չենք դիմի։

Ենթատեքստը սա է. Քոչարյանին պետք է փակել, եթե դրա գինն իրավական պետության վերացումն է։

Նույնիսկ եվրոպական երկրները, որոնք հակասություն ունեն Ռուսաստանի հետ, չեն կարող հանդուրժել այդ գինը, քանի որ, եթե Եվրոպայի խորհրդով իրար կապված երկրներից մեկում իրավական պետությունը քանդվի, դոմինոյով կարող է տարածվել մյուսների վրա, ուրեմն, Եվրոպայի խորհուրդը պետք է որ դիմադրի, կամ էլ շղթայի այդ օղակը պոկի, դեն նետի, որի առաջին արտահայտությունն էր, որ Եվորպական խորհդի գլխավոր քարտուղար Բուրիչը կոչ էր անում իշխանությանն առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվություններով։ Այսինքն՝ Եվրոպան շատ ավելի է մտահոգ Հայաստանի համար, քան Մարուքյանն ու իր կուսակցությունը։ Իսկ ԱՄՆ-ի հեչ պետքը չի՝ Հայաստանը կքանդվի՞, թե՞ չէ, կարևորը ռուսական ռազմական ներկայությունը վերացնելն է, ապացույց՝ նրա լռությունն ու «Ազատություն» ռադիոկայանի քարոզչական աջակցությունը։

Իսկ ո՞վ է Քոչարյանը. «Պուտինի ընկերը», այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան դաշինքն անձնավորողներից մեկը։ «Պուտինի ընկեր» արտահայտությունն իմը չի, խնդրեմ, խոսքը տանք ԱՄՆ NED հիմնադրամի տնօրեն Միրիամ Լանսկոյին, ով Հայաստանի ձեռքբերումների մեջ նշում է, թե կալանավորել և դատում են «Պուտինի ընկերոջը՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։ Իսկ NED-ը կապված է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ։

Քոչարյանն այսօր հետ է վերցնում դիմումը Սահմանադրական դատարանից, ուղերձ հղելով՝ եթե իրավական պետությունը պետք է փրկվի իմ գործը զոհելով, ապա ես պատրաստ եմ։ Սակայն «Լուսավոր Հայաստանը» կրկին հրաժարվեց «Բարգավաճ Հայաստանի» հետ դիմել Սահմանադրական դատարան՝ պատճառաբանելով, թե միևնույն է՝ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը քննելու է Սահմանադրական դատարանը, և վերջնական մատնեց իրեն, որ իր համար իրավական պետությունից ավելի կարևոր հարցեր կան։

Մի բան էլ. հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը և այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։

Եկան իշխանության՝ երկիրը էնպես թուլացրին, տվեցին համաճարակի երախը, ինքնիշխանությունը էնքան իջացրին, որ նույնիսկ Վրաստանից ու Սերբիայից է կախված, ու օգնություն է խնդրում բոլորից։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։

Սահմանադրական դատարանի յուրացմամբ հաստատվում է այն ռեժիմը, որ հեշտորեն կիրականացնի հակառուսական դավադրության երրորդ կամ չորրորդ փուլերը։ Սակայն կա մի հիմնավոր հույս. հանրության հավաքական մտքի անվտանգության զգացողությունը, որ թույլ չի տա իրականացնել Հայաստանի հաշվին ատլանտյան ծրագիրը։

Տեսանյութեր

Լրահոս