«Ուզում են ինձանից կերտել եղկելի կերպար»․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հարուցված քրեական գործերից, կապիտալ ծախսերից,  կորոնավիրուսի ճգնաժամից:

«Հիմա էլ ասում են՝ բա եթե այդ  խուզարկությունը եղել է փետրվարին, բա ինչի՞ մինչև հիմա պատշաճ քննություն չի արվել, բա ես էլ եմ էդ ասում, ո՞վ է ասում, որ այդ հարցը դուք եք տալիս, էդ հարցը ես եմ տալիս առաջին հերթին: Եվ այդ հարցը պետք է պարզաբանվի և այդ հարցը պարզաբանվել է և այդ հարցի պարզաբանման արդյունքում է  նաև, որ կայացվել են կոնկրետ որոշումներ: Բա ես տարիուկես է ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով չի քննում կոռուպցիոն և հարակից գործերը: Բա դրա մասին ենք ասում: Չհասկացա՝ կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն…»,- ասաց վարչապետն ԱԺ իր ելույթում՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը:

Գործադիրի ղեկավարը խոսեց նաև չկատարվածի մասին:  Բայց ես ուզում եմ այնուամենայնիվ վերադառնալ չկատարվածին: Անդրադառնալով քննադատություններին, թե կապիտալ ծախսերը թերակատարվում են, նշեց. «Չնեղանաք, բայց դուք սկսել եք կապիտալ ծախսերի մասին հարցադրումներով խոսել իմ վարած հրապարակային խորհրդակցություններից ու ելույթներից հետո, երբ ես ճշգրիտ այդ նույն բանը ասել եմ:

Ճիշտ եք ասում, բայց եթե այդ ուղղությամբ ենք գնում, բա բանկային երաշխիքի մասին ինչի՞ եք անընդհատ խոսում, ժողովուրդ ջան, որովհետև  դա ամենակարևոր գործոններից է, որ չենք կարողանում կապիտալ ծախսերի որակը և կատարողականը  բարձրացնել, որովհետև գալիս են, մրցույթ են հաղթում. մեկ մլն-անոց գործը, գալիս են, 30 հազարով հաղթում են, հետո չեն անում, հետո անում են անորակ, չենք ընդունում այդ գործը, անորակ գործը ինչի՞ պետք է ընդունենք, որը գալիս է, կատարման դեմը գրվում է՝ զրո»:

Ըստ Փաշինյանի՝ 2019 թվականի բյուջեի ամենաչկատարված մասը կոռուպցիոն գումարների վերադարձի հարցն է. «Ընդ որում, դա առաջին հերթին անվտանգության ոլորտի հետ առնչություն ունի: Ես նախընտրական շրջանում ասել եմ, որ առաջիկա տարիներին մենք պետք է 1,5-2 մլրդ դոլար ի վիճակի լինենք դնել Զինված ուժերի և մեր անվտանգության բարձրացման վրա, և այդ գումարները պետք է գոյանան կոռումպացված-գողացված գումարների վերադարձից: Այս ամենի մեջ ուրիշ բան մի փնտրեք. այս ամենի հիմքը և  անկյունաքարը սա է: Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը, և իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվել, որը շուտով կսկսի կիրառվել, կոռուպցիոն գործերով հսկայական հաջողություններ կան փաստական մասով: Բայց ունենք նաև իրավական բնույթի պրոբլեմներ, որոնք հիմա պետք է փորձենք լուծել՝ օրենսդրական է, նախադեպային է… Այդ պրոբլեմները մինչև հիմա գոյություն ունեն…   Օրինակ, փողերի լվացման հետ կապված՝ մինչև հիմա գոյություն ունեն ԵՄ-ում, ամբողջ աշխարհում, և հիմա դատական պրակտիկա է փոխվում ամբողջ աշխարհում, որպեսզի  այս ուղղություններով գործերը հնարավորինս առաջ գնան»:

Վարչապետն ի լրումն ամենի՝ հիշեցրեց նաև, որ նախկին իշխանությունների օրոք սեփականաշնորհվել են  կառույցները, խլվել են լրատվամիջոցներ,  որ նրանք զբաղվել են մաքսանենգությամբ, ընտրակեղծարարությամբ, ապա հավելեց. «Հիմա մեզ ասում են՝ դուք մաքսանենգություն եք անում:  Հիմա ինչի՞ է գնալով ավելի կոնկրետանում իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք, որ մենք ռեկետիր ենք, և այլն, այսինքն՝ մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը.  իրենք հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը:  Հիմա նրանք քանի որ ուզում են հեղափոխություն անել, ուզում են,  որ այդ ազատ լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան»:

Նա համոզված է, որ այդ նպատակը չի իրագործվի. «Ֆիլմերից մեջբերում անել երևի այս ամբիոնից ընդունված չի, բաց մի հատ շատ հայտնի ռուսական ֆիլմ կա, շատ հայտնի նախադասությամբ, որ ասում է՝ մտածում ես՝ փողի մե՞ջ է ուժը, ո՛չ, ճշմարտության մեջ է ուժը: Եվ որևէ կասկած չկա, որ այդ կոռումպացված համակարգը բոլորին իրար հետ մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլյացիայի,  որովհետև մեր թիկունքում, մեր մտքում, մեր սրտում կա միայն մի բան, և այդ մի բանը ճշմարտությունն է,  և մենք այդ ճշմարտության հետևից քայլելով ենք եկել-հասել այստեղ: Մենք շարունակելու ենք մեր քայլը ճշմարտության ճանապարհին՝ ափսոս, որ այդ ճանապարհին շատերը հետ են մնացել, հետ են մնում և հետ կմնան անդառնալիորեն անվերադարձ:

Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին. «Այո, 2020 թվականին Հայատսանում կա մի ճգնաժամ՝ դա կորոնավիրուսի ճգնաժամն է, մնացած բոլոր ճգնաժամերը բխում են դրանից. մենք որ պահին այս ճգնաժամը լուծենք, մյուսները ինքնաբերաբար, շատ արագ վերադառնալու են իրենց ոչ միայն ելման կետ, այլև շատ ավելի առաջ: Ես էլի ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է, ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել՝ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը: Ես ուզում եմ, որ մենք բոլորս մաքսիմալ լծվենք այս գործին. պատգամավորները, կառավարության անդամները, պետական հիմնարկների աշխատողները, հասարակական կազմակերպությունները. այսօր էնպիսի իրավիճակ է՝ մեզնից յուրաքանչյուրն իր օրվա 10-20 րոպեն,  կես ժամը,  մի ժամը  պետք է անպայման նվիրի կորոնավիրուսի դեմ պայքարին:

Ես խնդրեցի ինձ տեղեկանք տալ, թե որ ընդդիմադիր ուժերն են և ինչ ծավալով է, որ նրանք այս ընթացքում հանդես են եկել հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչերով, գոնե մի անգամ: Այդ տեղեկանքը A4 ֆորմատով թղթի ընդամենը 1/5 հատվածով էր միայն զբաղված, մյուսները՝ ընդհակառակը, սպասում են՝ կորոնավիրուսը աճի, որ ինքը բարգավաճի»:

Տեսանյութեր

Լրահոս