«Շառից, փորձանքից օգուտով դուրս գանք»
«Շառից, փորձանքից հեռու». սերունդներ շարունակ սիրել են մաղթել մեր հայրերն ու պապերը։ Բայց ոմանց համար շառից, փորձանքից հեռու լինելը բավարար չէ, ու դրա համար էլ ծնվել է ասացվածքի փոփոխված տարբերակը՝ «շառից, փորձանքից օգուտով դուրս գանք»։
Նիկոլ Փաշինյանն իջևանցի է, սակայն այս ասացվածքը կարծես հոգեհարազատ է նրա համար էլ։ Համենայն դեպս՝ մոտ երկու ամիս առաջ, մարտի 16-ին, երբ իշխանությունները ստիպված եղան հրաժարվել «պինցետա-թթիարաղային» քաղաքականությունից և ընդունել, որ կորոնավիրուսը վտանգավոր վարակ է, և որ պետք է արտակարգ դրություն հայտարարել, շատերի համար զարմանալիորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց պարբերաբար հայտարարել.
«Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է զարգացման նոր հնարավորություններ»։ Ու երկրի թիվ 1 տնտեսագետ-վարչապետը ներկայացնում էր այդ հնարավորությունները՝ «մեր գործարարները կսկսեն մեծ քանակով ալկոգել արտահանել», «մեր անհայտ գյուտարարների ոչ հայտնի պայմաններում ստեղծած թեստերը կարտահանենք», «համաշխարհային շուկան փլուզվում է, գոնե 1% մենք գրավենք՝ բավական է»։ Այսինքն՝ իր հոգևոր հայրերի՝ ՀՀՇ-ի տնտեսական տեսլականը՝ «մենակ ջերմուկով երկիրը կպահենք»։
Սակայն, եթե նրա հոգևոր հայրերը պարզապես անփորձ ու միամիտ էին, Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ։ Նա գիտեր, թե ինչ էր ասում։ Ճիշտ է, ժողովրդին տնտեսական զարգացման հնարավորություններն էր ներկայացնում, բայց դե, լրագրող է, չէ՞, լրագրողին ընկալելու համար տողատակը պետք է հասկանալ։
Իրականում կորոնավիրուսն իսկապես նոր հնարավորություններ է տալիս Նիկոլին ու նիկոլականներին, որից նա անմիջապես սկսեց անթաքույց օգտվել։
Նախ՝ կարողացավ առանց իմիջի նշանակալի կորուստների՝ չեղարկել հանրաքվեն, որի արդյունքները, մեղմ ասած, բավականին կասկածելի էին թվում, հետո՝ արտակարգ դրություն հաստատել, օրենքի վիճելի հոդվածի վիճելի մեկնաբանությամբ, երկու անգամ երկարացնել։ Հետո՝ «աննախադեպ» պատժամիջոցներ կիրառել անվտանգության կանոնները խախտող և/կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեցողների նկատմամբ՝ դրանով իսկ համալրելով «հիվանդ» բյուջեն։ Իսկ ամենակարևորը, թեև մեղմացվեցին սահմանափակումները, սկսեցին աշխատել սրճարաններն ու ռեստորանները, վարսավիրանոցներն ու մոլերը, բայց մեղմացումները ոչ մի կերպ չանդրադարձան հավաքների ազատության իրավունքը սահմանափակելու վրա։ Այս տաբուն սրբորեն պահպանվում է։
Ահա, կորոնավիրուսի ընձեռած այս հնարավորությունն օգտագործելով, արտակարգ դրության պայմաններում, մեկը մյուսի հետևից, արտակարգ ռեժիմով, մեկ քաղաքական միավորով սկսեցին իրենց երազած օրենքները թխել, ավելացնել հարկային բեռը, համընդհանուր հայտարարագրում պարտադրել, ոտնահարել բանկային գաղտնիքը։ Ինչ անենք, որ դա հաճախ ուղեկցվում էր օրենքների ու սահմանադրության խախտումներով, կարևորը, որ նոր կորոնավիրուսը նրանց նոր հնարավորություն տվեց ճնշելու այլակարծության ամենափոքր դրսևորում, իրենց թրի տակով չանցած դատավորներին, անվախ ահաբեկել այլախոհ կուսակցություններին, նրանց կորոնավիրուսի բացիլ որակելով՝ «աղբանոց նետել» ու հայտարարել՝ «Իրենք արդեն աղբանոցում են, և հիմա տեղի է ունենում աղբանոցին կափարիչ դնելու պրոցեսը»։ Եվ դա, բնականաբար, անել ժողովրդի անունից, իբր հանրության պահանջով, իբր իրենք ժողովրդի ընտրյալներն են, ժողովուրդն ընտրել է, ժողովուրդը պահանջում է, իրենք էլ սոսկ կատարում են։
Իսկ ամբոխը տեսնում է, որ այս փոփոխությունները կարծես իր կենսամակարդակը չեն բարելավում, «վերադարձված թալանը» ոչ իրենց գրպանն է մտնում, ոչ էլ գոնե նպաստում է երկրի զարգացման հեռանկարին, որ մանր ու միջին պաշտոնյաներն «իշխանիկներ» են դառնում, որ ով ինչ-որ բանից դժգոհ է՝ սև է, իսկ եթե վարչապետից է դժգոհ՝ առնվազն՝ պետական հանցագործ, դավաճան։ Բայց շատերի մոտ, որոնց ՔՊ-ական մի պատգամավոր «պողոս էր անվանում», դեռ աշխատում է դարեր շարունակ մեր մեջ արմատացած «բարի թագավորի ու չար նազիր-վեզիրների» գաղափարը։ Շարունակում են փողոց փակել՝ պահանջելով հենց իրենց համար ոչ հաճելի պաշտոնյայի հրաժարականը, բայց անմիջապես ավելացնելով՝ Նիկոլ ջան, քեզ չեն ասում, նազիր-վեզիրներդ լավը չեն։ Ու ակամա հիշում ես պատմության դասագրքերից ռուս բարի ցարի արձագանքը, երբ 1905 թվականին Ռուսաստանում ամբոխը ցարի մոտ գնաց՝ ճորտատերերի դեմ, վստահ, թե ցարը բարի է, պարզապես տեղյակ չէ, թե ինչ են անում ճորտատերերը։
1988-ին էլ հայ ժողովուրդը Արցախի միավորման պահանջով ոտքի ելավ, մտածում էին, թե Գորբաչովը պարզապես իրադրությանը քաջատեղյակ չէ, ու դրա վկայությունը «Партия, Ленин, Горбачев» պաստառներն էին։ Ամեն ինչ Լիգաչովն ու այլ ադրբեջանամետ, կաշառված գործիչներն են փչացնում։ Իսկ երբ Գորբաչովը իմանա, թե Ադրբեջանի իշխանություններն ինչ ճնշումներ են գործադրում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայազգի բնակչության հանդեպ, բարի ցարը կհարգի ինքնորոշման իրավունքը։
Մարդը ծնվելով՝ ազատվում է ստրկության ճիրաններից, բայց հաճախ ստրուկի հոգեբանությունն ու մտածողությունը ողջ կյանքում մնում է մարդու հետ։ Շատերի համար ավելի հեշտ է, երբ իր փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում, այդպես մարդն իրեն ավելի անվտանգ ու հարմարավետ է զգում, երբեմն՝ նույնիսկ երջանիկ։ Երբեմն-երբեմն կարող է պահանջել տիրոջ փոփոխություն, բայց երբեք՝ ազատություն, սեփական իրավունքներն օրենքներով տնօրինելու հնարավորություն։
Բարեբախտաբար, կա նաև Աբրահամ Լինքոլնի հայտնի ասույթը, որ բազմիցս կյանքի փորձությամբ է հաստատվել ՝ «Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»։ Այնպես որ՝ կապրենք՝ կտեսնենք։ Իսկ առայժմ՝ շառից, փորձանքից հեռու լինենք․․․