Բաժիններ՝

Ինչպես են «ուտում» պետական փողերը. սեպտեմբերի 15-ին կադրից դուրս մնացած փաստերը

Սեպտեմբերի 15-ին նախագահի մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներով, սակայն՝ միայն նախագահի ելույթի մասով։ Մեր ձեռքի տակ է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության տեղեկանքը՝ գնումների գործընթացների վերաբերյալ։ Այնտեղ նշված խախտումները իսկական «մեթոդական ձեռնարկ» են՝ պետական փողերը գրպանողների համար։

Եվ այսպես, սեպտեմբերի 15-ին  հեռուստաընկերությունները եթեր հեռարձակեցին միայն նախագահի ուղիղ խոսքը: Սակայն խորհրդակցության մասնակիցներին նախապես բաժանվել էր նախագահի վերահսկողական ծառայության տեղեկանքը՝ գնումների գործընթացների իրականացման վերաբերյալ։ Դրանում կան բավականին հետաքրքիր մանրամասներ։

Պետական գնումների «հրատապությունը»

Վերահսկողական ծառայության տեղեկանքում, ի թիվս այլ խնդիրների, խոսվում է մեկ անձից կատարվող գնումների մասին (ինչի վրա իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրեց նախագահը)։ Տեղեկանքում նշվում է, որ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ պատվիրատուները գնումները կարող էին իրականացնել մրցութային եղանակով, սակայն իրականացրել են մեկ անձից։ Բավական ուշագրավ մի կետ կա, որից կարելի է եզրակացնել, որ շատ դեպքերում պատվիրատուները չեն ենթարկվել Ֆինանսների նախարարությանը։ «Հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների նախարարության օբյեկտիվ բացասական եզրակացության դեպքում համապատասխան մարմինները գնումները կատարել են մեկ անձից»,- նշված է տեղեկանքում։ ՎԾ-ն ուշադրություն է դարձրել նաև այն փաստի վրա, որ հրատապ գնումներ կատարելու պատճառների հիմնավորվածությունը պատշաճ ձևով չի ստուգվել, արդյունքում, օրինակ, «շատ հրատապ» ներկայացված աշխատանքները կատարվել են ուշացումներով։

Պետական գնումների «ցինիզմը»

Բողոքարկման ինստիտուտի և դրա արդյունավետության վերաբերյալ  ուսումնասիրությունների արդյունքները երևան են հանում պետական համակարգի որոշ օղակների ցինիզմը։ ՎԾ-ն տեղեկանքում նշել է հետևյալ օրինակը. գնման մի գործընթացում պատվիրատուն անհիմն մերժել է ցածր գին առաջարկած մասնակցի առաջարկը և առանց բողոքարկման համար օրենքով նախատեսված 10 օր անգործության ժամկետին սպասելու, բարձր գին առաջարկած և «հաղթող» ճանաչված մասնակցի հետ օրենքի խախտմամբ կնքել է պայմանագիր։ Ցածր գին առաջարկողը մրցույթի արդյունքները բողոքարկել է հանձնաժողովին, և բողոքը բավարարվել է։ ՎԾ-ն նշում է, որ դրանից հետո, ըստ էության, պատվիրատուն պետք է պայմանագիր կնքեր ցածր գին առաջարկած մասնակցի հետ։ Սակայն պատվիրատուն հրաժարվել է դա անել՝ պատճառաբանելով, որ իրեն անհրաժեշտ ապրանքներն արդեն մատակարարվել են, և ինքը գնման կարիք չունի։

Պետական գնումների «բեսպրեդելը»

Նախագահի վերահսկողության ծառայությունը տեղեկացնում է, որ գնման գործընթացներում պատվիրատուները (որոնք տարբեր պետական հաստատություններ են) թույլ են տալիս տարբեր կամայականություններ։ Օրինակ՝ մրցույթին մասնակցելու նպատակով առձեռն հայտեր ներկայացնելու ժամանակ չեն ապահովում «անցանկալի»  մասնակիցների մուտքը վարչական շենքեր, ինչի հետևանքով՝ մասնակիցները զրկվում են ժամանակին հայտեր ներկայացնելու հնարավորությունից։ Կամ՝ հայտն ընդունվում է, սակայն մասնակցին հնարավորություն չի տրվում ներկա գտնվել հայտերի բացմանը կամ ծանոթանալ պետական գներին։

Մեկ այլ դեպքում պարզվել է, որ պատվիրատուի կոպիտ կամայականությունների հետևանքով իրական ցածր գին ներկայացրած մասնակցին սուբյեկտիվորեն հնարավորություն չի տրվել հաղթելու մրցույթը, իսկ բարձր գին առաջարկածն օրենքի խախտումով հաղթող է ճանաչվել։ ՎԾ-ն կարծիք է հայտնել, որ միայն այս դեպքում արդար մրցույթ անցկացնելու պարագայում կխնայվեր շուրջ 70 մլն դրամ։

Պետական գնումների «отмазка»-ները

Վերահսկողական ծառայությունը պարզել է, որ պատվիրատուները մրցույթի հրավերներում նախատեսել են անհիմն պահանջներ։ «Օրինակ, ապրանքների ձեռքբերման դեպքում սահմանվում են ISO 2001 համապատասխանության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջներ, այն դեպքում, երբ նման պահանջ կարող է կիրառվել բացառապես արտադրողի նկատմամբ, այն էլ՝ միայն հիմնավոր դեպքերում։ Նշված պահանջը մրցույթում կիրառելու արդյունքում՝ մի կազմակերպություն, որն ունի միայն կնիք և ISO 2001 սերտիֆիկատ, մրցույթին տալով բարձր գին՝ հաղթում է, իսկ մեկ այլ կազմակերպություն, որը պահանջվող ապրանքի ներմուծողը կամ արտադրողն է և չունի ISO 2001 սերտիֆիկատ, մրցույթին տալով ցածր գին` պարտվում է։ Արդյունքում՝ սերտիֆիկատ ունեցողը մրցույթում պարտվողից էժան գնով առնում է ապրանքը և մատակարարում պատվիրատուին»,- նշվում է տեղեկանքում։

Պետական գնումների գործընթացի մյուս «հմայքներին» կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։ Միայն նշենք, որ 2011թ. հունվարի 1-ից շուրջ 3000 պատվիրատուներ (այդ թվում՝ բոլոր պետական մարմինները) գնումներն իրականացնում են ինքնուրույն, և կարելի է պատկերացնել, թե ինչ աստղաբաշխական յուրացումների հետ գործ ունենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս