Զաքիր Հասանովի վախերի և խոստովանության մասին
Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակեց իր տեսլականը՝ ծրագրում զինված ուժերի նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Ռազմական տեխնոլոգիաները դառնում են ավելի մատչելի, և հաղթանակի գրավականը ոչ միայն դրանց քանակով հակառակորդին գերազանցելն է, այլև առաջին հերթին՝ դրանց ամբողջական, խելացի և նպատակային կիրառման ունակությունը: Պատերազմավարման գործում ռազմական «ուժին» համահավասար կարևորվում է ռազմական «միտքը», «ժամանակակից տեխնոլոգիաները գրեթե անխուսափելի կամ առնվազն խիստ հավանական են դարձնում ռազմական գործողությունների ժամանակ կապի ու տարբեր տեսակի մատակարարումների խափանումները, ճանապարհների ու զորաշարժերի վերահսկելիությունը, ընդ որում՝ և´ ժամանակի, և´ խոցելիության տեսանկյունից, տեսադիտարկման և հետախուզության այլ հնարավորությունները մարտական գործողությունների ընթացքում գրեթե բացառում են հանկարծակիության ու ծածուկության գործոնները: Այս պայմաններում մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների ինքնաբավությունը՝ ինքնուրույն ռազմական խնդիր լուծելու կարողությունը, որոշիչ է դառնում:
Ժամանակակից պատերազմները չեն սահմանափակվում ռազմական գործողությունների վարմամբ և չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով: Պատերազմավարման ոչ ռազմական գործիքներն այնքան բազմազան են, որ պատերազմի թատերաբեմը հավասարապես տեղափոխվել է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվատեխնոլոգիական, քարոզչական, հասարակական և բարոյահոգեբանական հարթություններ»:
ՀՀ ՊՆ նախարարի տեսլականի հրապարակումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտպանողական հարցազրույց է տալիս, որն իրենից հիմնականում քարոզչական թեզեր պարունակող ելույթ էր ներկայացնում, և, ըստ էության, արձագանք էր ՀՀ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեսլականին:
168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այս առնչությամբ նշեց.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարն ակնհայտորեն փորձում է Հայաստանի իշխանություն-ընդդիմություն բանավեճերի որոշ թեզեր օգտագործելով՝ լրացուցիչ քարոզչական դիվիդենտներ աշխատել։ Բնականաբար, այս բանավեճերում ո՛չ Զաքիր Հասանովը, ո՛չ էլ Ադրբեջանից որևէ մեկը ուրիշը ձայնի իրավունք չունի։ Քարոզչական պրիմիտիվ խայծեր են, որոնք, համոզված եմ, Հայաստանում լսարան չեն գտնի»։
Այն, որ սա խայծ է, պնդեց նաև «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ փորձ է արվում օգտագործել հայաստանյան դաշտում առկա դիսկուրսը, մյուս կողմից, ըստ նրա՝ Հասանովի այս հարցազրույցն իրենց իսկ ներքին մեսիջներին պատասխանելու նպատակ էր հետապնդում:
Բայց այս հարցազրույցում, ինչպես վերևում ակնարկեցինք, կային նաև վախեր. Զաքիր Հասանովն իր հարցազրույցում դժգոհում է մեր առաջնագծում տեղադրված տեսադիտարկման համակարգերից՝ ակնարկելով, որ դրանք թույլ չեն տալիս իրենց նախկինի նման բացահայտ սադրանքների գնալ, թեպետ «այլ միջոցներ էլ ունեն»։
Այս համատեքստում Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից ԱՄՆ-ին կարգեց հայկական կողմի հովանավոր՝ նկատի ունենալով գուցե սարքերի «ծագումը»:
«Փաստացի Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ խոստովանում է, որ բացառապես Ադրբեջանին ձեռնտու չէ հրադադարի պահպանումը։ Զաքիր Հասանովի հայտարարությունից կարող ենք նաև եզրակացնել, որ տեսադիտարկման համակարգերի տեղադրումն էականորեն բարդացրել է սադրանքների, դիվերսիաների իրականացումը, ինչը հավելյալ «անհարմարություններ» է ստեղծում ադրբեջանական կողմի համար։ Կարծում եմ, որ սա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որը, եթե նշված համակարգերը տեղադրվեն, կատարելագործվեն և վերահսկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ապա ադրբեջանական կողմի հնարավորությունները՝ խախտելու հրադադարը և իրականացնելու ագրեսիվ գործողություններ, էլ ավելի կսահմանափակվեն, իսկ ՄԽ համանախագահները չեն կարող այլևս անհասցե հայտարարություններով բավարարվել։ Ըստ այդմ՝ ադրբեջանական կողմը մշտապես դեմ է հանդես գալիս հետաքննության մեխանիզմների տեղադրմանը։ Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ակտիվ աշխատանք տանեն՝ ադրբեջանական կողմին ստիպելու համաձայնել մեխանիզմների կիրառմանը։ Ինչ վերաբերում է սարքերն ԱՄՆ-ից կամ այլ տեղից լինելուն, ապա Ադրբեջանի պաշտպանության նախարարի ասածներն ամբողջովին անհեթեթ են։ Տեսավերահսկման սարքերը ռազմական արտադրանք չեն, ըստ այդմ, ցանկացած տեղից կարող է գնվել և ներկրվել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ևս Հասանովի խոստովանությունը պատահական չհամարեց. տեսադիտարկման համակարգերի ներդրումը և դրանց տարբեր փուլերով արդիականացումն ուժեղացրել և ամրապնդել է մեր անվտանգությունը, խոսքը, հատկապես, արցախյան հատվածի մասին է:
«Պատահական չեմ համարում, որ Ադրբեջանում ևս խոստովանում են, որ այդ համակարգերի ապահովումն իրենց խոչընդոտում է սադրանքների գնալուց: Սահմանագիծը նորովի կահավորելու, վերազինելու գործընթացն Արցախում մեկնարկել է դեռևս 2014-ի վերջին և այս 6 տարիներին զարգացման տարբեր փուլեր է անցել: Սա մեզ հնարավորություն է տվել կանխելու ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման մի քանի տասնյակ փորձեր: Դա է նաև պատճառը, որ դիվերսիոն գործողությունների թիվը կտրուկ նվազել է: Այս գործընթացում հսկայական ներդրում ունի Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը, ով այդ ժամանակվա ՊԲ հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի հետ կարճ ժամկետում մեծ ծավալի աշխատանք իրականացրեց»,- շեշտեց Աբրահամյանը:
Հ.Գ. Ի դեպ, որպեսզի հայկական իրականությունում ադրբեջանական թեզերն իրենց տեղը չունենան կամ չմնան «միայնակ» և անպատասխան, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է լայն թափով, արագ և օպերատիվ աշխատի արտաքին տեղեկատվական պատերազմի ուղղությամբ, և ոչ թե առավել հետաքրքրված լցված լինի ներքաղաքական խնդիրների, Նիկոլ Փաշինյանի կամ այլ իշխանական գործիչների քարոզչական գործին, որի համար yerkir.am-ի փոխանցմամբ՝ հիմնարկի աշխատակիցները 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք, ընդհանուր առմամբ, ստացել են 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար) պարգևավճար: