Կա՞ մեկը, որ ոլորի ոմանց ականջները և ասի՝ տղե՛րք, հարցերը էսպես չեն լուծվում։ Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան
Աժ նախկին պատգամավոր, հանրապետական գործիչ Մարգարիտ Եսայանը գրում է. ««Տղե՛րք, հարցերն էսպես չեն լուծվում». Ես տեսել եմ 1999-ի հոկտեմբերի 27-ը։
Մենք տեսել ենք սպանդը հայոց խորհրդարանում, տեսել ենք պետական այրերի արյունաքամ մարմինները մեր երկրի ղեկավարների, Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրա Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի,Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանջյանի դաժան սպանությունը, այլոց ծանր վիրավորում ստանալը, երկրի գլխատումը։
Մեր սերունդը սա տեսել է, մենք գալիս ենք հենց այդ ժամանակներից։ Կհարցնեք՝ ի՞նչու նշեցի բոլորին անուն առ անուն։ Ասեմ, որովհետեւ էս նոր սերունդը, երիտասարդ, ծովը ծնկներից էս ջահելներից շատերը չեն տեսել, երեւի չեն լսել, չեն հիշում,/փա՛ռք Աստծո, որ չեն տեսել/, գուցե՝ ականջի պոչով ինչ-որ բաներ են լսել։ Ու այսօր նրանցից շատերին թվում է իրենք վերին արտի ցորենն են, իրենց թվում է, էնքան կան, որ մեր պետականության այս մեծ արհավիրքի պահին, երբ դրված է երկիր ունենալ-չունենալու հարցը, կարող են լափառոշ խոսել, խելք սովորեցնել, խրատ տալ, ցինիկանալ, լկտիանալ։
Անուններ չեմ տալու, ամբողջ քաղաքական կոչվող դաշտում եւ դրա շուրջը էս կարգիները լիքն են։
Հարգելով բոլոր զոհերի հիշատակը, ուզում եմ հատուկ հիշեցնել հիշողության կորուստ ունեցողներին, թե անգամ վիրավոր, արյունաքամ, ինչ ասաց Կարեն Դեմիրճյանը, ինչպես, ծանր վիրավոր, վերջին շնչում հավաքեց ուժերը եւ իր բարձրունքից, իր մեծության եւ հեղինակության բարձրունքից ասաց․
«Տղե՛րք, հարցերը էսպես չեն լուծվում»։
Հիմա, կա՞ մեկը, որ էդ հարցը տա, կա՞ մեկը, որ ոլորի ոմանց ականջները և ասի՝ տղե՛րք, հարցերը էսպես չեն լուծվում։ Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում»:



