«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների «պրարաբին» փոխել են, բարելավել են գծագիրը». Անահիտ Թարխանյան
Նախորդ տարվա օգոստոսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել էր, որ մեկնարկում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների 2-րդ փուլը։ Աշխատանքների մեկնարկից օրեր անց բազմաթիվ ճարտարապետներ, հասարակական գործիչներ հայտարարեցին, որ նման աշխատանքները վնասելու են հուշահամալիրը, հետևաբար՝ շինաշխատանքները պետք է դադարեցվեն, տեղի ունենա քննարկում, այնուհետև շարունակվի՝ հաշվի առնելով մասնագետների կարծիքը։
Հուշահամալիրում ընթացող աշխատանքներին հետևելու համար ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ամեն շաբաթ գնում է այնտեղ, օրերս լրագրողների հետ զրույցում էլ ասաց, որ շինաշխատանքները նորմալ հունով ընթանում են, համոզվելու համար լրագրողները կարող են իր հետ միասին բարձրանալ հուշահամալիր։
«Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նախկինում բազմիցս ահազանգել էր, որ «հուշահամալիրում լինելու է սպիտակ գույնի 3 մույթ, որովհետև այն բազալտները, որոնք այսօր բերվում են, և ուզում են «վերանորոգեն» հուշարձանը, կտրուկ տարբերվում են այն բազալտներից, որոնք օգտագործվում էին նախկինում։ Այսինքն՝ լինելու է 3 բաց և 9 մուգ գույնի մույթեր»։
168.am-ն այսօր Անահիտ Թարխանյանից հետաքրքրվեց, թե իր բարձրաձայնած խնդիրները որքանո՞վ է հաշվի առել ԿԳՄՍ նախարարը, ի՞նչ վիճակում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։
«Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ ամեն տեղ լինել օբյեկտիվ, ըստ այդմ, կարող եմ ասել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների սկիզբը շատ վատն էր։ Սակայն ընթացքում բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, ճշտվեցին, շատ որակյալ քարեր են բերել, իհարկե, դրանք մեր պատմական քարերը չեն, որոնք նախկինում էին՝ 20-30 և ավելի սմ, բայց ըստ որակի՝ ավելի կարծր են, մոտ 10-15 սմ քարեր են։ Նյութերը նույնպես բարձր որակի են՝ իտալական, հիդրոիզոլյացիայի համար և որպես կապակցող նյութեր, այսինքն՝ պարզապես ցեմենտով չեն անում, այլ բարձր հավելումներով, որոնք էլ ապահովում են պինդ ամրացումը»,- նշեց Անահիտ Թարխանյանը։
Ճարտարապետը փոխանցեց, որ ժամանակ առ ժամանակ գնում է Ծիծեռնակաբերդ՝ ընթացող աշխատանքը տեսնելու համար։ Հիմքը, որի վրա արդեն հավաքում են արտաքին քարերը, ոչ թե ցանց է, այլ «արմատուրայի» ձողեր, աշխատանքներն իրականացնում են բարձր որակներ ունեցող վարպետներ՝ Հայաստանի լավագույնները։
«Հիմա շինաշխատանքների միայն կեսն է արված, բայց աստիճանները և մնացած քարերը կարծես թե կտրված են, բայց դեռ բերված չեն։ Ես չէի ցանկանա, որ աշխատանքներն արագացնեն, որ ապրիլի 24-ին ավարտեն, այդ արագությունը կարող է անդրադառնալ որակի վրա։ Հիմա հետևողականորեն որակը պահելով՝ պետք է շարունակեն աշխատանքները։
Շինաշխատանքների որակը բարձրացել է, քանի որ «պրարաբին» են փոխել, բարելավել են գծագիրը, մանրամասնել են գծագրերը, փոխել են քարի որակը։ Այն, ինչը նախկին գծագրում թերի էր, հիմա լրացրել են»,- հավելեց Անահիտ Թարխանյանը։
Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ հիմա էլ պնդում է, որ նախկինում գծագրական թերի աշխատանք է եղել, և շինարարը նման փորձ չուներ, ունենալու դեպքում նման գծագրերով աշխատանք չէր անի։
«Հիմա լավ «պրարաբ» կա, ու իրենք լավ մասնագետների են հրավիրել։ Այս փուլում շինաշխատանքների հետ կապված մտահոգություն չունեմ, պարզապես թողնենք շինարարը հանգիստ աշխատի, չի կարելի այդ աշխատանքն արագացնել։ Եթե մինչև ապրիլի 24-ին աշխատանքների մի մասը չհասցնեն, ես որևէ խնդիր չունեմ, կարևորը՝ որակը պահեն»,- ընդգծեց Անահիտ Թարխանյանը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի ժամանակ։ Թանգարան-ինստիտուտի ճարտարապետներն են Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը, քանդակագործն է Ֆերդինանդ Առաքելյանը։
ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին, բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդային իշխանության օրոք, երբ մերժված էր ազգային գաղափարախոսությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակումը։
Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան իշխանությունների կողմից սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Հուշարձանի ճարտարապետը Արթուր Թարխանյանն է՝ Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ։



