Բաժիններ՝

ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն համավարակը բնության անխնա ոչնչացման հետևանք են համարում

Համաճարակները, ինչպես այս դեպքում կորոնավիրուսը, մարդկության կողմից բնության ոչնչացման արդյունք են. նման եզրահանգման են եկել ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի մասնագետները` նշելով, որ աշխարհը տասնամյակներ շարունակ անտեսել է իրականությունը: Այս մասին գրում է The Guardian-ը:

Վայրի կենդանիների ապօրինի առևտուրը, ինչպես նաև անտառների և այլ վայրի տարածքների ոչնչացումը հանգեցնում են բազմաթիվ հիվանդությունների: Համաձայն ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի կատարած գնահատումների` ապագայում նույնիսկ ավելի մահացու հիվանդությունների բռնկումներ են սպասվում, քանի դեռ արագ չի դադարեցվում բնական աշխարհի կոպիտ ոչնչացումը:

Հունիսի սկզբին ՄԱԿ-ի բնապահպանության սեկտորի փորձագետները նշել էին, որ Covid-19-ը «օգնության ազդանշան է մարդկության համար», և որ ներկայիս տնտեսական մտածողությունը չի գիտակցում, որ մարդկային հարստությունը կախված է բնության առողջությունից: Վայրի կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների հիմնական պատճառը բնության ոչնչացումն է, գյուղատնտեսության և անասնաբուծության կտրուկ զարգացումը, ինչպես նաև բարձր ռիսկային վայրի կենդանիների առևտուրն ու սպառումը:

ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն երկրներին կոչ են անում կիրառել այնպիսի օրենքներ, որոնք կկանխեն բնության ոչնչացումը, վայրի կենդանիների չստուգված ապօրինի առևտուրն ու սպառումը հանրության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս