«Դահլիճից գնալը մի այիբ է, հետ գալը՝ մեկ այլ այիբ». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտը պետք է լցված լինի նոր մարդկանցով, նոր քաղաքական ուժերով, որոնք ինչ-որ ընտրությունների ժամանակ կկարողանան փոխարինել այսօրվա իշխանությանը:
«Կարծում եմ՝ այսօր հեղափոխությունն իր տարբեր փուլերով ավարտված է, բայց այս քաղաքական, ռևանշիստական փուլով, երբ Սերժ Սարգսյանի կուսակցությունը դեռ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ քաղաքացիների հետ իրենց անկեղծ զրույցի ժամանակը գալու է, որը անցել է, մենք այդ բանը թույլ չենք տալու»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք 2018 թվականին սկսված հեղափոխությունն ավարտվել է:
Անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությանը, որ վերջինս դիմելու է Սահմանադրական դատարան՝ արտակարգ դրության պայմաններում հավաքներ անցկացնելու որոշման իրավաչափությունը վիճարկելու համար, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ ԲՀԿ-ն ընտրել է հատուկ մարտավարություն:
«Նրանք մեկ դահլիճից են գնում՝ չհասկանալով, որ դահլիճից գնալը մի այիբ է, հետ գալը՝ մեկ այլ այիբ: Այսինքն, եթե դուրս են գալիս, ուրեմն՝ չպետք է վերադառնան, կամ դրան պետք է հետևի մի կտրուկ քայլ, բայց եթե վերադառնում են, ապա դուրս գալն արդեն իր իմաստը կորցնում է: Երեկ տեսաք՝ իմ գործընկերներից մեկը տեղից ժպտաց, տիկին Զոհրաբյանն այնպես բղավեց, և այդ տղան ասաց, որ ինքը բան չի արել: ԲՀԿ-ն փորձելու է բոլոր հարցերով դիմել ՍԴ-ին և այլ ատյաններին, նրանք դա չեն թաքցնում, թող դիմեն՝ մենք միայն ուրախ ենք»,- հավելեց Ա. Սիմոնյանը:
Հարցին՝ հանրության մոտ հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեն խուզարկել նաև ՀՀԿ-ի գրասենյակները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ խուզարկության հիմքերը փնտրվում են, եթե դրանք գտնվեն, ապա դրանց ընթացք է տրվելու:
«Ձեր նշած այդ կուսակցության հետ կապված հաճախ եղել է մի իրավիճակ, երբ այդ թելը կտրվել է շատ ցածր օղակի վրա՝ չգնալով ամենաբարձր կետը: Բայց այս դեպքում, ինչպես փաստաթղթերից է երևում, հաշվետվությունը գնացել է մինչև այդ կուսակցության առաջնորդի մոտ, և այս գործընթացների պատճառը սա է եղել: Նկատի ունեմ, որ ՀՀԿ գրասենյակներում խուզարկության համար պետք է հիմքեր լինեն՝ այդ հիմքերը չկան, բացի նրանից, որ մենք գիտենք, որ նման բաներ օգտագործվել են: Ես չգիտեմ, գուցե հիմա քննչական մարմինները որևէ գործ քննում են»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը: