ԵԽ ցանկացած մակարդակի հայտարարության պետք է լուրջ վերաբերվել․ վերլուծաբան

«Միջազգային կառույցներում ընդունված որևէ հայտարարություն չպետք է թերագնահատել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԵԽ-ում օրերս ընդունված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Ժելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Ղուբաթլիի և Ջաբրաիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն՝ մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է՝ առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Սյուզան Ստյուարտը նախ անդրադարձավ այն խոսակցություններին, թե արդյո՞ք պետք է լուրջ վերաբերվել նման հայտարարություններին, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ ԵԽ-ն ԵՄ առանցքային, որոշում կայացնող առաջին կառույցներից մեկն է, ուստի դժվար է թերագնահատել Եվրոպական խորհրդարանում՝ անկախ հայտարարությանը միացած պատգամավորների թվից և հեղինակությունից, որևէ երկրին առնչվող հայտարարություն, որոշում, եթե այդ երկիրն ընդհանրապես լուրջ է վերաբերվում իր արտաքին քաղաքականությանն ու ԵՄ-ի հետ հարաբերություններին։

«Ինչո՞ւ լուրջ վերաբերվել, քանի որ դրանք որևէ տեղ չեն կորում, դրանք ոչ միշտ, բայց կարող են դառնալ այլ որոշումների և հայտարարությունների հիմք՝ հաշվի առնվեն ապագայում և այլն։ Չէ՞ որ դա քաղաքական հայտարարություն է, արտահայտում է քաղաքական գնահատական՝ անկախ նրանից՝ դա գոհացուցի՞չ է այս կամ այն երկրի համար, թե՞ ոչ։ Իհարկե, այլ հարց է, որ երբեմն այդ գնահատականն արտահայտում են սահմանափակ թվով պատգամավորներ։ Բոլորը գիտեն, որ ԼՂ հակամարտությունն ամենազգայուն թեմաներից մեկն է, այդ թվում՝ ԵՄ-ում, երբ անհրաժեշտություն կա ինչ–որ կերպ շոշափել այս հակամարտությանն առնչվող թեմաներ։ ԵՄ պաշտոնական, այսինքն՝ ԵՀ կողմից տարածվող բոլոր փաստաթղթերում, հայտարարություններում ներառված են լինում հավասարակշռված դիրքորոշումներ՝ շեշտելով այդ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ առանցքային դերակատարությունը։ Իսկ այն հայտարարությունները, որոնք կարող են տարածել ԵԽ պատգամավորները՝ համազեկուցողները, կարող են արտահայտել նաև գնահատականներ։ Այս հայտարարության դեպքում կա և՛ հավասարակշռված հատված, և՛ սուբյեկտիվ հատված, այսինքն՝ այն, ինչ չի կարող ողջունվել Հայաստանում։

Այդ ոչ օբյեկտիվ հատվածի վրա ազդում են բոլոր կողմերից ստացվող ազդակները կամ գործոնները։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի դիվանագիտական ակտիվության և պասիվության հետևանք են նման ձևակերպումները։ Այսինքն՝ ես դա չեմ համարում միայն մեկ կողմի հաղթանակ և մյուսի պարտություն։

Հասկանալի է, որ բոլոր կողմերն էլ նման հարթակներում պայքարում են իրենց համար շահավետ ձևակերպումներն առաջ մղելու ուղղությամբ, որոշ դեպքերում դա հաջողվում է, երբեմն էլ չի հաջողվում։ Այնուամենայնիվ, ԵԽ բոլոր հայտարարություններին լուրջ է պետք վերաբերվել, ճանաչել այս կառույցները, տանել համապատասխան աշխատանք բոլոր ներգրավված պատգամավորների հետ, այսինքն՝ ակտիվ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է վերացնել վտանգները։

Չեմ կարող պնդել, թե այս դեպքում ինչ է եղել և ինչպես, ինչպես են հայկական և ադրբեջանական կողմերը համագործակցել համազեկուցողների հետ, պետք է տեղեկատվություն ունենալ գնահատելու համար, ես պարզապես աշխատանքի մեխանիզմն եմ ներկայացնում։ Ծանոթ լինելով շատ նման օրինակների՝ կարող եմ ասել, որ նման հայտարարությունները պատճառների համախումբ են»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ՝ հաշվի առնելով կոնկրետ այս հայտարարության բնույթը, հայկական կողմն ակտիվ խորհրդարանական դիվանագիտությամբ կարող է ապագայում հավասարակշռել իրավիճակը՝ ցանկության դեպքում այլ հայտարարություններում նման ձևակերպումները զրոյացնելու կամ հայանպաստ ձևակերպումներ առաջ բերելու համար։

«Այսպես է աշխատում խորհրդարանական դիվանագիտությունը, որին պետք է ավելացնել լոբբիստական կառույցների աշխատանքը։ Իսկ թերագնահատելով նման հայտարարությունների նշանակությունը, հնարավոր չէ հասնել լավ հանգրվանի, քանի որ լուրջ վերաբերմունքը մղում է ավելի ակտիվ և արդյունավետ աշխատանքի»,- ասաց եվրոպացի վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս