Բաժիններ՝

Ինչո՞ւ այդ համատարած հաշվառման կողքին չեն վերանայում անասնաբույժների ցածր աշխատավարձը․ Սարգիս Սեդրակյան 

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում: 2020-2023 թթ. ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում՝ 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ՝ շուրջ 245 հազար գլուխ տարեկան: Այն կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուտի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի՝ ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ դա հնարավորություն կտա զգալիորեն բարելավել կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ նշեց, որ այս ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք՝ երկրում քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Երկրորդը՝ կլուծենք սննդի անվտանգության և, ինչ-որ առումով, հետագծելիության հետ կապված խնդիրը: Այսինքն՝ կիմանանք՝ այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց, ինչպես առաքվեց, և այլն: Այս համատեքստում նաև պատվաստումների և մյուս հարցերի հետ կապված ամբողջությամբ վերահսկելի իրավիճակ կստեղծենք, ինչը շատ կարևոր է։

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝բոլոր նորմալ երկրներում էլ արվում են նմանատիպ հաշվառումներ, սակայն անհրաժեշտ է հաշվառել նաև, օրինակ, գյուղտեխնիկան։

«ԽՍՀՄ տարիներին էլ է իրականացվել, նախկինում (ՄԱԿ-ի և այլ ֆինանսական միջոցներով) մի քանի անգամ էլ է իրականացվել անասունների համատարած հաշվառում։ Անհրաժեշտ է համատարած հաշվառում իրականացնել ոչ միայն՝ կենդանիների, այլև՝ գյուղտեխնիկայի և այլ հիմնական միջոցների համար։ Նախկինում երբեմն գյուղացիներն իրենց սեփական անասունների մի մասը թաքցրել են հաշվառումից, որպեսզի նպաստ ստանան։ Իսկ ինչո՞ւ այդ համատարած հաշվառման կողքին չեն վերանայում անասնաբույժների ցածր աշխատավարձը, որի պատճառով բազմաթիվ անասնաբույժներ թողել են պաշտոնը և դուրս են եկել, ու արդյունքում՝ անասունների մոտ ի հայտ են եկել թաքնված բազմաթիվ հիվանդություններ։ Եթե սննդի անվտանգության տեսակետից անասուններին հաշվառում են, որպեսզի իմանան, թե ո՞ր անասունն է հիվանդ, ապա նույն տեսակետից, ինչո՞ւ իրենց չի հետաքրքրում՝ ունենալ լավ անասնաբույժ, ով ժամանակին և ճիշտ պատվաստումներ և բուժում կիրականացնի անասուններին, որպեսզի նրանք չհիվանդանան։ Շատ դեպքերում գյուղացին ինքն է սրսկում անասունին, որպեսզի անասնաբույժին փող չտա։ Եթե չեմ սխալվում՝ անասնաբույժի աշխատավարձի մի մասը տալիս է պետությունը, իսկ մյուս մասը՝ անասնատեր գյուղացին։ Այսինքն՝ անասունների հաշվառումը պետք է, սակայն դա գյուղատնտեսության առաջնային հարց չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆերմերային շարժում հ/կ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս