«Տեղին է դիմել իրավասու մարմիններին»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ մաքսանենգ ծխախոտով ինքնաթիռների հետ կապված հրապարակումների մասին

«Քիչ բան կարող եմ ավելացնել»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մաքսանենգ ծխախոտով Հայաստանից Ռուսաստան մեկնած ինքնաթիռների մասին հրապարակումներին։

Հիշեցնենք, որ օրերս «Վեստի Վորոնեժ» լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կալանվել է Երևանից ժամանած, հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված հերթական օդանավը։ Օդանավում, ըստ լրատվամիջոցի, եղել է հայկական ծագման մաքսանենգ ծխախոտ՝ 16 տոննա ընդհանուր քաշով։

«Ակցիզային մակնշումներ և հատուկ մակնշումներ, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքի համար, ապրանքի վրա չկա։ Սա արդեն երկրորդ խոշոր խմբաքանակն է, որը ձերբակալվել է Հայաստանից, վերջին մեկ ամսվա ընթացքում»,- ասված էր լրատվականի պատրաստած հոդվածում։ Ապրիլի վերջին հայկական մաքսանենգ ծխախոտի բեռ, ըստ մի շարք աղբյուրների, կալանվել էր նաև Կրասնոդարում։

Դեսպան Կոպիրկինն ասաց, որ  այս հարցով ինքն այնքան տեղեկատվության է  տիրապետում, որքան այն հայտնվում է հայաստանյան ԶԼՄ-ներում։

«Այստեղ  քիչ բան կարող եմ ավելացնել։ Միայն մեկ բան կարող եմ ասել, որ դեսպանատան մասով մենք չենք ստացել որևէ ցուցում, ուղղորդում այդ հարցով, ուստի մեկնաբանություններ չեմ կարող տալ, չունեմ տեղեկատվություն։ Հարցը հետաքրքրում է լրագրողներին, ուրեմն տեղին է դիմել իրավասու մարմիններին, որոնք պատասխանատու են նման հարցերի համար»,- ասաց Կոպիրկինը։

 

Տեսանյութեր

Լրահոս