«Ես Նիկոլ Փաշինյանի փոխարեն ուղղակի ամաչում եմ: Նրա փոխարեն ուղղակի գետինն եմ մտնում․․․»․ Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2012-2017 թթ. ղեկավարել եմ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (ԽՀՀ): Այդ պատվիրակության կազմում եղել է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաև նրա մասնակցությամբ օրեր ենք լուսացրել`աշխատել, որ խորհրդարանական այդ ձևաչափով Եվրախորհրդարանի կողմից հանրայնացված որևէ բառ, որևէ նախադասություն ու որևէ միտք չլինի, որը կարող է կասկածի տակ դնել արցախյան հարցում մեր դիրքորոշումները: Իմ բոլոր գործընկերների, մեր դիվանագետների, հայկական լոբբիստական կառույցների մասնակցությամբ դա մեզ հաջողվել է: Նիկոլը դա կհաստատի: Նախկին ԱԳ նախարար, դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանը, մյուսները ևս: Նույն գործը նույն հաջողությամբ արել են իմ գործընկերները. ինձանից առաջ` տիկին Նաիրա Զոհրաբյանը, իսկ հետո արդեն՝ պարոն Արմեն Աշոտյանը:
Ու հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե այդ պատվիրակության սովորական անդամ է, այլ երկրի վարչապետը` թիվ մեկ պաշտոնյան, իսկ խորհրդարանական դիվանագիտության ճակատում պատասխանատվությունը կրում են իր թիմակիցները, Եվրախորհրդարանի մեր գործընկերները, ասում են, թե «Արցախն ու հարակից շրջանները ապօրինաբար բռնազավթված են», իսկ հակամարտությունը պետք է լուծվի «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Մեկին մեկ ադրբեջանական մոտեցումների կրկնություն:
Սա աննախադեպ բան է: Աննախադեպ և՛ ասվածի բովանդակության, և՛ ասվածի ընտրված ձևաչափի առումով: Նման ստորացուցիչ հայտարարություն երբեք չի եղել: Երբե՛ք: Սա ապտակ էլ չի, սա թուք է մեր դիվանագիտության, մեր բոլորի ճակատին։
Ես ոչ միայն մտահոգ եմ, որ արտաքին քաղաքականությունն ուղղություն առ ուղղություն ձախողում ենք: Ես ոչ միայն ափսոսում եմ, որ Եվրախորհրդարանի հետ մեր աշխատանքներում որտեղից ուր ենք հասել: Ես Նիկոլ Փաշինյանի փոխարեն ուղղակի ամաչում եմ: Նրա փոխարեն ուղղակի գետինն եմ մտնում` կարդալով այսօրվա հայտարարությունը, որը, ենթադրաբար, իր ցավալի շարունակությունն է ունենալու:
Հ.Գ. Նկարում Հայաստան-ԵՄ ԽՀՀ-ի հայկական պատվիրակությունը 2015 կամ 2016 թվականին»:
2012-2017 թթ. ղեկավարել եմ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (ԽՀՀ): Այդ պատվիրակության կազմում…
Gepostet von Farmanyan Samvel am Donnerstag, 11. Juni 2020