Եվրոպական խորհրդարանում հակահայկական հայտարարություն է ընդունվել
Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։
Նախօրեին ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Ժելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Այս մասին 168․am-ը տեղեկանում է ԵԽ պաշտոնական կայքէջից։
ԵԽ պատգամավորներն իրենց հայտարարության մեջ նախ հիշեցնում են, որ անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի:
Նրանք նաև տեղեկացնում են, որ նոր ճանապարհային ենթակառուցվածքը Հայաստանում Կապանը կկապի ԼՂ-ում Հադրութին՝ անցնելով Կուբաթլիի և Ջաբրաիլի շրջաններով, որոնք, նրանց ձևակերպմամբ, օկուպացված են:
«Սովորաբար մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության շրջանում մարդկային շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը:
Ուստի մենք խորապես ցավում ենք այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասված է ԵԽ պատգամավորների ընդունած հայտարարության մեջ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը