Բաժիններ՝

Կենդանաբանական այգու մոտ 15 աշխատակցի ազատել են աշխատանքից

Կենդանաբանական այգու 15-ից ավելի աշխատակիցներ դիմել են դատարան՝ պնդելով, որ իրենց անհիմն են ազատել աշխատանքից։

2020 թվականի մարտի 18-ին Երևանի կենդանաբանական այգու 5 տարվա աշխատակից, գիշատիչների բաժնի պատասխանատու Հեկտոր Քոչարյանն աշխատանքից ազատման մասին հրաման է ստացել, անակնկալ վերջնահաշվարկ իր բանկային հաշվեհամարին:

Այգու ՄՌԿ Վալյա Մարգարյանը միայն Հ․Քոչարյանի պահանջից հետո է նրան հանձնել դիմումի և պարտավորագրի պատճենները, որոնց հետ անակնկալ կերպով տրվել է նաև այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանի 2020թ․ մարտի 17-ին ամսադրված թիվ 50-Ա հրամանը, որը վերաբերում է Հ․Քոչարյանի հետ 2015թ․ դեկտեմբերի 7-ին կնքված աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնելուն, գույքագրում, հանձնում-ընդունում կատարելուն, որին ինչպես պնդում է Հեկտոր Քոչարյանը՝ չի ծանոթացել և չի ստորագրել նման փաստաթղթի տակ։

168.amՀեկտոր Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ են աշխատանքից ազատել, գուցե լուրջ թերացումնե՞ր են եղել։ Ի պատասխան՝ նա ասաց, որ աշխատանքում թերացումներ չեն եղել։

«Ես արձակուրդից հետո՝ մարտի 16-ին, ներկայացել եմ աշխատանքի, ասել են՝ դիմում գրի, դուրս արի։ Դիմում գրել եմ, ուղղակի բաներ կային, բերեցին, որ ստորագրեի, չեմ ստորագրել։ Առանց հիմնավորման ասել են, որ ազատված եմ աշխատանքից, նույնիսկ ես պարտքեր եմ ունեցել, թե բա՝ արձակուրդայինը կբերես, հետ կվճարես, ասացի՝ չեմ կարող վճարել, մեկ ամիս էլ կարող եմ աշխատել։ Բա՝ չէ, դիմումդ գրի, դուրս արի»,- նշեց Հ․Քոչարյանը։

Հարցին՝ ի՞նչ պարտքի մասին է խոսքը, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Ինձ արձակուրդային են փոխանցել, մի բան էլ ես պետք է վճարեմ։ Այնտեղ մոտ 200․000 դրամի պարտք է, բայց թե ինչ պարտք է՝ չգիտեմ։ Միայն ասել են, որ արձակուրդայինը որ փոխանցել ենք, պետք է բերեք, հետ վճարեք։

Ինչքան աշխատող մարդ կար՝ ազատել են, թողել են մի քանի հոգու, նրանց էլ ձեռքի հետ կազատեն։ Ում հեռացրել են աշխատանքից, նրանք էլ են դիմել դատարան։ 5 տարի մարզից եկել, աշխատել, գնացել եմ, ոչ մի խնդիր չի եղել, բայց երբ նոր տնօրենին բերեցին՝ միշտ խնդիրներ, պատճառներ առաջացան։ Այս ընթացքում որևէ դրական փոփոխություն չի եղել այգում։ Մեր հիմնական պահանջն այն է, որ վերադառնանք մեր աշխատանքին»։

Գործը ներկայումս գտնվում է նախնական փուլում, ներկայացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Կապ հաստատեցինք նաև աշխատանքից ազատված մյուս աշխատակիցներից Սուրեն Սիմիկիչի հետ, ով ասաց, որ դեռևս փետրվարի 11-ին են իրեն ազատել աշխատանքից, սակայն դատարան չի դիմել։

«Ինձ ասացին՝ այդ արտահանման և ներմուծման հաստիքը պետք չէ, դրա համար էլ կրճատեցին։ Դատարան չեմ դիմել, ավելորդություն է, 75 տարեկան մարդ եմ։ Աշխատանքի մեջ պետք է համ լինի»,- եզրափակեց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը։

Հ․Գ․ Կենդանաբանական այգու տնօրինության հետ դեռևս չի հաջողվել կապ հաստատել, հետևաբար՝ նրանց պատասխանը կներկայացնենք ավելի ուշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս