Չուտել մարդու միս, խմել այծի կաթ
Մեր պաշտոնյաները երբեմն սիրում են այնպիսի հայտարարություններ անել, որոնք ճիշտ են, սակայն ոչ ոքի համար նորություն չեն: Օրինակ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նախօրեին գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ փոքր և միջին ընկերությունները պետգնումների համար հայտարարվող մրցույթներում ոչ շահեկան վիճակում են խոշոր ընկերությունների նկատմամբ: Ըստ Շաբոյանի, խոշոր ընկերությունները մրցակցային առավելություն են ստանում իրենց ռեսուրսների շնորհիվ:
Ոչ ոք, իհարկե, չի կարող հակառակը պնդել: Ավելին` խոշոր ընկերությունները շահեկան վիճակում են ոչ միայն պետգնումների գործընթացում, այլ առհասարակ` տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում:
Շուկայական տնտեսության մեջ կա, այսպես կոչված, մասշտաբի էֆեկտ հասկացությունը: Դա նշանակում է, որ շատ դեպքերում տնտեսական արդյունավետությունը բերում է մենաշնորհի և բիզնեսի խոշորացման:Օրինակ` խոշոր ներմուծողը նույն արտադրանքը հաստատ ավելի էժան կգնի, քան փոքրը, քանի որ մեծ պատվերների դեպքում զեղչերն ավելի մեծ են լինում, խոշոր խմբաքանակի տեղափոխման ծախսերը` մեկ միավորի հաշվով, ավելի քիչ, և այլն: Բնականաբար, ավելի էժան գնելով էլ կարող է վերավաճառել` մանևրելու տեղ չթողնելով փոքրերին: ՀՀ տնտեսության մոնոպոլացումն ընթացել և ընթանում է հենց այս սխեմայով: Սա անխուսափելի միտում է, որի ամենացայտուն օրինակը սուպերմարկետների ծաղկումն է` ի հաշիվ կրպակների և փոքր խանութների:
Այս երևույթն առկա է ամենուր, սակայն տարբեր երկրներում տարբեր են մոտեցումները: Զարգացած երկրներում փոքրերին կլանումից պաշտպանելու համար պետությունը քայլեր է ձեռնարկում (ոչ թե` միայն հայտարարում այդ մասին): Փոքրերին պաշտպանում են ոչ միայն սոցիալական արդարության նկատառումներով, այլ նաև այն պատճառով, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացման արդյունքում ձևավորվում է միջին խավ, որը նաև քաղաքական կայունության հիմքն է: Այս մասին մի առիթով արդեն գրել ենք:
Հիմա վերադառնանք պրն Շաբոյանի արտահայտած մտքին: Արտակ Շաբոյանի ասածըª մեծերի շահեկան վիճակի մասին, դասագրքային ճշմարտություն է: Նա խոսել է ռեսուրսների, այսինքն` նույն մասշտաբի էֆեկտի մասին: Նրա ասածն, ի դեպ, ճիշտ է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար: Սակայն պրն Շաբոյանը աչքաթող է արել մի կարևոր նրբություն, որը բնորոշ է միայն Հայաստանին (կամ զարգացման մեր մակարդակում գտնվող երկրներին). Հայաստանում պետական գնումների գործընթացում կարևոր են ոչ միայն չափերը, այլ նաև կապերը:
Պետական տենդերների մասնակցելիս կարևորն այն է, թե ո՞վ է մեջքիդ կանգնած, ի՞նչ «թափի տեր» է և ի՞նչ «փայ» ես նրան տալիս: Եթե այդ համապատասխան «քավորը» կա, ապա կապ չունի` մե՞ծ ընկերություն ես, թե՞ փոքր: Ավելին, շատ հնարավոր է, որ 2 օր առաջ ստեղծված ընկերությունը, որն ունի 2-3 աշխատող, մասնակցի, հաղթի, ստանա մի քանի միլիոն դոլարի պատվեր և միանգամից գերփոքրից դառնա խոշոր: Ո՞վ գիտի` միգուցե ՏՄՊՊՀ նախագահը ռեսուրսներ ասելով` նկատի ուներ նաև հենց այդ կապերը:
Սակայն պետական պաշտոնյա Ա. Շաբոյանի հնչեցրած հայտարարությունը կիսատ կլիներ, եթե խնդիրը բարձրաձայնելուց հետո չմատնանշեր նաև դրա լուծման ուղին: Այ այստեղ արդեն վերջինիս խոսքերը միանշանակ չեն ընկալվում: Արտակ Շաբոյանն ասել է, որ փոքր ընկերություններն ավելի ակտիվ պետք է լինեն գնումների գործընթացում, պետք է կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, անհրաժեշտության դեպքում` բողոքներ ներկայացնեն: Փաստորեն սա է լուծումը:
Լավ, ասենք բարձրաձայնեցին` հետո՞: Դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է: Հայաստանի նորագույն պատմության ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ պետական գնումների գործընթացում հաղթող ճանաչված խոշոր ընկերության պատվերը չեղյալ է հայտարարվել` փոքր մասնակցի բողոքի հիման վրա:
Ա. Շաբոյանը ցավով արձանագրել է, որ բողոքարկման ինստիտուտը գործնականում չի աշխատում` վերջին մեկ տարում ստացվել է 56 բողոք, որից 50-ը ետ է վերադարձվել: Այնինչ ՏՄՊՊՀ-ն, ըստ Ա. Շաբոյանի, ի վիճակի չէ ամբողջությամբ վերահսկել գնումների ոլորտը, պետք է ազդակներ լինեն, թե որտեղ կան խնդիրներ:
Եթե հայաստանյան իրականությանն անծանոթ որևէ մեկը կարդա այս տողերը, բացառված չէ, որ հուզվի: Ստացվում է, որ մեր գերարդար ու գերազնիվ պետական համակարգը սրտատրոփ սպասում է բողոքարկման դեպքերի, որպեսզի արդարությունը վերականգնի, սակայն փոքր ու միջին գործարարները չարամտորեն բոյկոտում են բողոքարկման ինստիտուտը և չեն դիմում` վնասելով իրենք իրենց: Ախր ո՞ր մի փոքր ու միջին գործարարը պետք է դիմի բողոքարկման մարմնին, եթե նա ի սկզբանե չի էլ մասնակցում մրցույթին` հասկանալով, որ հաղթելու հավանականությունը զրո է: Փոքր գործարարներն այդքան ժամանակ ու ռեսուրսներ չունեն, որպեսզի անիմաստ վատնեն պետական մրցույթների վրա: Ի դեպ, այս երևույթը վերաբերում է ոչ միայն պետական գնումներին և գործարարներին: Վերցնենք թեկուզ քաղծառայողի ինստիտուտը: Հարցում արեք երիտասարդների շրջանում, թե նրանց քանի՞ տոկոսն է առանց ծանոթի և նախնական պայմանավորվածության` մասնակցել պետական թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներին: Եթե հաջողվի գտնել այդպիսի մարդկանց, ապա կարելի է հետաքրքրվել, թե նրանցից քանի՞սն են ի վերջո տեղավորվել այն աշխատանքին, որի համար դիմել էին: Եվ պատկերը կամբողջանա:
Այնպես որ, պետք է ոչ թե համոզել, որպեսզի փոքր ու միջին տնտեսվարողները բողոքարկեն անարդար մրցույթների արդյունքները, վեր հանեն խնդիրները, այլ հասկանալ` ինչո՞ւ են նրանք պասիվ և ինչո՞ւ չեն մասնակցում մրցույթներին ու չեն էլ բողոքարկում: Խնդիրը ոչ թե փոքր ու միջին գործարարների մեջ է, այլ պետության ու պետական համակարգի նկատմամբ վստահության բացակայության:
Ի դեպ` «ատկատների» մասին խոսելը, գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը փոխելը կամ Վազգեն Խաչիկյանին կալանավորելն ինչ-որ տեղ խոսում է այն մասին, որ իշխանությունները սկսել են գիտակցել ու կարևորել վստահության պակասի խնդիրը: Սակայն, թե այդ գիտակցումն ինչպե±ս կազդի վստահության ձևավորման (ոչ թե վերականգնման) վրա, արդեն դժվար է ասել: