Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք
ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 717 դեպք, որոնցից 287-ն` առողջացած:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ մարզում կա նաև 835 ինքնամեկուսացած անձ:
«Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,- նշել է Մաթևոսյանը: