«Իշխանությունները չներեցին քաջարանցիներին և կալանավորեցին տղաներին». Արա Ղազարյան

Մայիսի 24-ին Քաջարանում տեղի ունեցող ձերբակալություններից հետո՝ Քաջարանի բնակչին առևանգելու քրեական գործով, ինչպես հայտնում է ՔԿ-ն, 3 քաջարանցի երիտասարդ կալանավորվել են, չնայած ավելի վաղ ձերբակալությունները դատարանը  ճանաչել էր ոչ իրավաչափ:

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ Քաջարանի դեպքերը ցույց են տալիս, որ հաստատվեց մի քանի տարի շարունակ ՄԻԵԴ վճիռներում  հաստատված այն կարծիքը, որ Հայաստանում տրաֆարետային ձևակերպումներով կալանավորման պրակտիկան շարունակվում է:

Նախաքննական գաղտնիքով կաշկանդված լինելով՝ փաստաբան Արա Ղազարյանը որոշ հանգամանքներ չներկայացրեց, միայն հայտնեց, որ ձերբակալման, կալանքի, ազատությունից զրկելու առաջին օրերի ընթացքում եղել են աղաղակող խախտումներ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում 2018 թվականի իրադարձություններից հետո ձևավորված նոր կառավարության նոր քաղաքականության շրջանակներում:

Կալանավորման որոշման մեջ նշվել է, որ երիտասարդները կարող են տուժողի վրա ճնշումներ գործադրել:  Հարկ է նշել նաև, որ կալանավորված Լևոն Համբարձումյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ ըստ իրենց ներկայացրած նյութերի՝ գործով տուժող նշանակված Շավարշ Մարգարյանն իրեն տուժող չի համարում:

Ճնշում գործադրելու հնարավորության փաստին հակադարձելով՝ կալանավորվածների փաստաբանները նշել են, որ դեպքից, որը տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 29-ին, անցել է ավելի քան մեկ ամիս, և նույն քաղաքում ապրելով՝ կալանավորված տղաները ճնշում գործադրել ցանկանալու պարագայում վաղուց կանեին դա:

Բայց կա նաև մեկ այլ հանգամանք: Վարույթն իրականացնող մարմինը տուժողին վերցրել է պաշտպանության տակ, ինչը, ըստ փաստաբան Արա Ղազարյանի,  ենթադրում է, որ ոչ ոք փորձ չի անի մոտենալ տուժողին:

«Այսինքն՝ բոլորովին անհարկի է: Մարդն իր կամքով գալիս, ասում է՝ «նույնիսկ, եթե ես իմանամ, որ ինձ ձերբակալելու եք, մեկ ա՝ ես գալիս եմ, որովհետև ես ուզում եմ իմ իրավունքները պաշտպանեմ, չեմ ուզում փախնել իմ քաղաքից, որովհետև ինձ աշխատանք ա պետք՝ ընտանիքս պահեմ», վերցնում, մարդուն կալանավորում են: Առաջին անգամ է իմ պրակտիկայում, որ մարդը գալիս է, ներկայանում է իր կամքով, և ասում են՝ «գիտեք, փախուստի հավանականություն կա»:

Բայց մի պաշտոնատար անձ մեզ հասկացնել տվեց հետևյալը, որ՝ «գիտեք, էն, որ սարքեցիք ընդեղ, չկարծեք, թե իրենց չենք կալանավորելու»: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Կալանքը դա քողարկված պատիժ է իրականում, էդ նպատակով է կալանքը կիրառվում, որովհետև ինքներդ մտածեք, եթե մեղադրում են մի բանի մեջ, որ մեկ ամիս առաջ է եղել, այդ մեկ ամսվա ընթացքում փախուստի մեջ չեն գտնվել, էլ ի՞նչ փախուստի հավանականություն կամ էլ ի՞նչ խոչընդոտելու… նույնիսկ, եթե եղել է խոչընդոտել, դա ուրեմն վաղուց անցած-գնացած է, որովհետև մեկ ամիս էս մարդիկ ազատ ապրել են, ամեն օր ոստիկանության շենքի առջևով գնացել են գործի, եկել են տուն:

Մենք կարծում ենք, որ սա որոշակի ռեակցիան էր իշխանությունների՝ Քաջարանի բողոքի ակցիաների: Այսինքն՝ չներեցին այդ բողոքի ակցիաներն իշխանությունները և երիտասարդներին վերցրեցին կալանքի տակ՝ առանց հաշվի առնելու, որ կալանքը որպես խափանման միջոց՝ սպառել է իրեն»,- ասաց Արա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին, երբ Ոստիկանության Կապանի բաժին բերման էին ենթարկվել Քաջարանի քաղաքացիներ, և մեկ քաղաքացի կապտուկներով ազատ էր արձակվել՝ հիմնավորմամբ, թե սխալմամբ են նրան բերման ենթարկել, հարյուրավոր քաջարանցիներ հավաքվել էին Ոստիկանության Կապանի բաժնի դիմաց ու թույլ չէին տալիս մյուս ձերբակալվածներին տեղափոխել Երևան՝ պնդելով, որ կարծում են, թե նրանց նկատմամբ ևս բաժնում բռնություն է գործադրվել: Նույն օրը, մինչև երիտասարդներին Երևան տեղափոխելը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալվածներին տեսնելուց հետո հայտարարել էր. «Մտա, նոր տեսա մեր երիտասարդներին, բռնություն է գործադրված բոլորի նկատմամբ, էս ի՞նչ ա կատարվում, ամոթ բոլորին»:

 

Տեսանյութեր

Լրահոս