Բաժիններ՝

Կարևոր է, որ Իսպանիայի կառավարությունը Երևանում դեսպանատուն բացի․ Էնդի Հերնանդես Մարտինես

Իսպանիայում բնակվող, կուբացի և  հայերեն խոսող մեր հաջորդ զրուցակիցը Էնդի Հերնանդես Մարտինեսն է։  Զրուցել ենք հայերեն սովորելու նախապատմության, հայ-իսպանական հարաբերությունների, կորոնավիրուսային համաճարակի և այլ հարցերի շուրջ։

Հայերենը  գեղեցիկ լեզու է նաև ընթերցանության համար

– Պատանեկության տարիներին սովետական ​​ամսագրերում կարդում էի հայերի մասին, և ինձ շատ էր դուր գալիս հայկական մշակույթը: 2009 թվականին ես առաջին անգամ սովորեցի այբուբենը և որոշեցի սովորել լեզուն՝  հայազգի երգչուհիներից մեկի երգը լսելուց հետո։ 11 տարի է՝ ես դեռ սովորում եմ հայոց լեզուն: Հայերենը բարդ լեզու  է, և ավելի դժվար է, եթե  առանց  ուսուցչի ես փորձում սովորել՝ համացանցի միջոցով։ Հայերենը  գեղեցիկ լեզու է նաև ընթերցանության համար:

Ես այցելում եմ Հայաստան՝  որպես տուն վերադարձող որդի, ոչ թե պարզապես՝ որպես զբոսաշրջիկ

– Հինգ անգամ այցելել եմ Հայաստան: Առաջին անգամ վեց ամիս եմ անցկացրել, իսկ վերջին անգամ անցյալ տարվա հունվարին եմ եկել և մնացել եմ   5 օր:  Ես այցելում եմ Հայաստան՝  որպես տուն վերադարձող որդի, ոչ թե պարզապես՝ որպես զբոսաշրջիկ: Հայաստանում ես ընկերներ ունեմ, որոնք իմ բարեկամներն են, և նրանց տանն եմ մնում։ Ամեն օր ուտում եմ այն ​​կերակուրը, որ նրանք ինձ համար սիրով պատրաստում են տանը։ Սիրում եմ օգտվել նաև մետրոյից, հանրակառքերից՝ ավտոբուսներից ու տաքսիներից։

Ես վայելում եմ Հայաստանի յուրաքանչյուր անկյուն, նրա փողոցները, դաշտավայրերը, լեռներն ու քաղաքները: Բայց կարող եմ ասել, որ իմ սիրած տեղը Հայաստանում Հաղպատի վանական համալիրն է, որը  Լոռու մարզի Հաղպատ գյուղում է գտնվում: Այն հիանալի տեղ է՝  ինքդ քեզ վերագտնելու և Հայաստանի հարուստ միջնադարյան ժառանգությանը ծանոթանալու համար։

Երբ ես Հայաստանում եմ ու տեսնում եմ, որ մոտենում է իմ մեկնելու օրը, շատ եմ տխրում և միայն մտածում եմ այն ​​օրվա մասին, թե երբ կարող եմ վերադառնալ, նոր տեղեր այցելել։ Հայաստանում կարճ ժամանակահատվածով հնարավորություն ունեցա ապրել և աշխատել՝ որպես խոհարար: Կցանկանայի մի օր նորից ապրել այդտեղ, այդ հնարավորության դուռը չեմ փակում, բայց այս պահին այլ պլաններ ունեմ: Հայաստանն ապրում է իմ սրտում, միշտ ինձ հետ է:

Կարևոր է, որ Իսպանիայի կառավարությունը Երևանում դեսպանատուն բացի

– Ես կուբացի եմ, բայց 12 տարի է, ինչ  ապրում եմ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ իսպանացիների և հայերի միջև կան բազմաթիվ մշակութային տարբերություններ: Հայերն ավելի ավանդապաշտ և պահպանողական են, իսկ իսպանացիները՝ ավելի բաց: Չնայած դրան՝ հայերն ու իսպանացիները հյուրընկալ են (հայերը՝ ավելի), բարեկամասեր և աշխատասեր մարդիկ են, որոնք ցանկանում են ապրել խաղաղության մեջ:

Հայաստանն Իսպանիայից շատ հեռու է, բայց իսպանացիները որ այցելում են Հայաստան, շատ դրական տպավորություններով են վերադառնում։ Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե  միջմշակութային, տնտեսական և քաղաքական նախաձեռնություններ կազմակերպվեին։  Կարևոր է նաև այն, որ Իսպանիայի կառավարությունը Երևանում դեսպանատուն բացի։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բնակիչներից շատերը դեռ չեն աշխատում

– Ամբողջ Իսպանիայում պարտադիր է դիմակ կրելը: Մադրիդում՝  այն քաղաքում, որտեղ ապրում եմ, մենք կարող ենք զբոսնել, այգիներն արդեն բաց են, և ռեստորաններն ու սրճարանները, որոնք ունեն բակային հատված, այսինքն՝ բացօթյա են, սեղաններ են դրվում, և  կարող են աշխատել՝ սահմանված կանոնները պահպանելով։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բնակիչներից շատերը դեռ չեն աշխատում, բայց Կառավարությունը հայտարարում է, որ շուտով ամեն ինչ կսկսի գործել՝ իհարկե, պարտադիր պայմանները պահպանելու դեպքում։

Իսկ մինչ այդ՝  Կառավարությունը ստեղծեց 300 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ ընկերությունների և բնակչության համար: Օրինակ՝ այն ռեստորանը, որտեղ ես աշխատում եմ, փակ է, պետությունն ամսական վճարում է մեր աշխատավարձի 70 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս