Արթուր Վանեցյանը կրկին ՀՔԾ-ում է՝ Միքայել Մինասյանի հայտարարության շրջանակներում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության շրջանակներում կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» խորագրով առաջին տեսանյութում մանրամասներ էր ներկայացրել իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումից: Ըստ Միքայել Մինասյանի՝ Արթուր Վանեցյանը, որպես Սուրհանդակ, իրեն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որի համաձայն՝ Միքայել Մինասյանի նկատմամբ բոլոր քրեական գործերը, քրեական հետապնդումները կդադարեցվեն, եթե Մինասյանն ինչ-որ հիմնադրամի մուծի սիմվոլիկ գումար, դրանից հետո չգա Հայաստան ու հայտարարի, որ դառնում է ապաքաղաքական մարդ:
Արթուր Վանեցյանը խոստացավ հարցերին պատասխանել ՀՔԾ-ից դուրս գալուց հետո, բայց հաստատեց, որ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ, ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի բնորոշմանը, թե ԱԱԾ նախկին ղեկավարը սուրհանդակի դեր է կատարել, Վանեցյանն ասաց.
«Ես կարող եմ ասել միայն մեկ բան, ես գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակում»:
Հիշեցնենք, որ Մինասյանի հայտարարության շրջանակներում Վանեցյանը ՀՔԾ էր հրավիրվել նաև մայիսի 7-ին: