Սեուտայում հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել՝ ապաստան պահանջելով
Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավում հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել՝ Իսպանիայի իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել իրենց և հետ չուղարկել Մարոկկո։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ լողափին տարերային ճամբար խփած միգրանտները ծածանել են իսպանական դրոշներ և պաստառներ՝ երկրում իրենց ապաստան տրամադրելու կոչերով:
Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն նրանցից 5000-8000-ը մնում են Սեուտայում և բնակություն են հաստատել ծովափին։
Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է գործի դնել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգությունն ապահովելու նպատակով:
Օրերս Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել էր, որ անօրինական ճանապարհով մուտք գործած միգրանտներին թույլ չի տրվի մնալ անկլավում, մեկնել մայրցամաքային Իսպանիա կամ ստանալ օրինական կարգավիճակ՝ բացառությամբ հատուկենտ դեպքերի, երբ ներգաղթյալը համարվի ծայրահեղ խոցելի։

