Բաժիններ՝

Մեր մեջ հաստատված չէ մարդկանց մշտապես կարեկից լինելու, օգնության ձեռք մեկնելու գաղափարը

Լույս աշխարհ գալով՝ մարդ ունենում է երջանիկ լինելու համար ամեն ինչ ՝ զգացմունքներ, բանականություն, ժամանակ, սեր․․․ Սակայն մեծանալուն զուգահեռ՝ մարդկանց սրտերը լցվում են տարօրինակ, միաժամանակ նաև չարից եկող զգացումներով։

Տեսնելով սխալ գործած իր ընկերոջը՝ մարդ իրեն վեր է դասում կատարվածից և սկսում դատել նրան։ Արդյո՞ք այդ իրավունքն ունի։ Այս մասին Աստվածաշնչում ասված է․ «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու․ և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:1-2)։

Մեր մեջ հաստատված չէ մարդկանց մշտապես կարեկից լինելու, օգնության ձեռք մեկնելու գաղափարը։ Սակայն պետք է չմոռանանք նաև, որ ի սկզբանե Արարչի կողմից ստեղծված ենք եղել այդպիսին, և պետք է չփորձենք կատարել այնպիսի արարքներ, որոնք կուրացնում են մեր հոգիները, դարձնում առավել անհաղորդ։ Մենք սկսում ենք դատել՝ մոռանալով, որ ինքներս կարող ենք հայտնվել դատվողի դերում, և փորձում ենք մեր իմացած ճիշտ ուղին ցույց տալ մեղավորին։

«Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն» (Ղուկ. 6։39-40): Ավետարանական այս ճշմարտությունը մեզ ցույց է տալիս, որ որևէ մեկից մեզ վեր դասելուց և նրան փնովելուց, մեզ հայտնի ճիշտ ուղին նրան մատնանշելուց առաջ հարկ է հարցնենք ինքներս մեզ՝ արդյոք մենք էլ այդ սխալ ուղով չե՞նք ընթանում։ Արդյո՞ք մեր արարքները ճիշտ են, արդյո՞ք մենք սխալական չենք։ Չէ՞ որ նույն կերպ եթե ներել կարողանանք, նաև կներվենք։

Այս հարցերի իրական պատասխանները գտնելուց հետո կգիտակցենք, որ այլոց փնովել և դատել չենք կարող, քանի որ նրանցից մեկն ենք՝ մեր սխալներով, թերություններով, հանդիմանության արժանի արարքներով։ Մենք էլ կույր ենք և փորձում ենք առաջնորդել մեկ այլ կույրի, իսկ այդ առաջնորդության ճանապարհին, անշուշտ, չենք հաջողի։ Ուստի՝ փորձենք չդատել այլոց՝ գիտակցելով, որ անգամ Դատավորը՝ Աստված չի դատում մեզ, այլ քավում է մեր մեղքերը․ «Ո՜վ Տեր, արդարությամբ մի´ դատիր մեզ, այլ գթությամբ քավիր մեր մեղքերը (շարական)։

Եվ վերջում ինքներս մեզ տանք միհարց՝ ի՞նչ կլինի, եթե դատվենք մեր իսկ արած դատով։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս