ԱՄՆ-ի խնդիրն է՝ աջակցել, որ ԼՂ հակամարտության տևական խաղաղ կարգավորում լինի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցեր են ուղղվել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության մասին, որի համաձայն՝ այժմ ակտիվորեն քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման նախագծեր, որոնք ենթադրում են փուլային կարգավորում։ Դեսպանն ուղղակիորեն չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կիսում է այդ տեսակետը:

«Ես ուզում եմ շեշտել, որ Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Եվ, իհարկե, Ռուսաստանը մյուս երեք համանախագահներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտությունը կարգավորելուն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու  մեր հանձնառությանը: Արժանահիշատակ է այն, որ այս գլոբալ համավարակի պայմաններում ևս մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ շրջանակում շարունակվում են  քննարկումները, խորհրդակցությունները՝ նաև կողմերի ներգրավմամբ վիրտուալ միջավայրում  գործընթացը շարունակվում է:

Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է՝ աջակցել, որ տևական խաղաղ կարգավորում լինի այս հակամարտությանը»,- ասաց դեսպան Լին Թրեյսին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին ականազերծման աշխատանքների շրջանակում նախկինում ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությանը՝ դեսպանը ասաց, թե հպարտ են այն աշխատանքներով, որ իրականացվել է ականազերծման ծրագրի շրջանակում, որի ներքո իրենք մարդասիրական օժանդակություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

«Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 17 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել:

Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, մենք փորձում ենք մեր ուշադրությունը բևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»,- ասաց Լին Թրեյսին:

Տեսանյութեր

Լրահոս