«Հայ-ռուսական հարաբերությունները ես շարունակում եմ գնահատել փայլուն». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին:

Պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունները միշտ գնահատել եք փայլուն, հիմա՞ էլ եք այդպես կարծում՝ հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունները՝ ինչպես Արցախի հարցի, այնպես էլ՝ գազի գնի և ռուսական ընկերությունների մասով քրեական գործերի հետ կապված, նա ասաց.

«Հայ-ռուսական հարբերությունները ես էլի եմ գնահատում փայլուն, որովհետև հայ-ռուսական հարաբերություններն այնքան ռազմավարական խորք ունեն, որ կապված չեն կոնկրետ մեկ ընկերության կամ կոնկրետ մեկ դրվագի հետ: Միջպետական հարաբերություններ են, այնտեղ կարող են լինել հարցեր, այդ հարցերը կարող են լինել, դրանք կարող են ունենալ պատասխաններ, որոնք կարող են մշակվել, հղկվել և դառնալ ավելի լավը, սակայն դրանք ընդհանուր հարաբերությունների կոնտեքստի վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ»:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ շարունակում է հայ-ռուսական հարաբերությունները գնահատել փայլուն, որովհետև այդ հարաբերությունները հիմնված չեն ո՛չ մեկ հայտարարության և ժամվա, ո՛չ էլ մեկ օրվա վրա:

Տեսանյութեր

Լրահոս