«Հայ-իրանական հարաբերությունները բնականոն զարգանում են». Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է առցանց մամուլի ասուլիս: 168.am-ը հայ իրանական հարաբերությունների վերաբերյալ հարց էր ուղղել վարչապետին՝ նշելով, որ վերլուծական շրջանակները մտահոգություն են հայտնում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի շուրջ: Մասնավորապես, հիշեցրել էինք, որ տարեսկզբին գեներալ Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ կառավարությունը մեր հարաբերություններին անհամարժեք արձագանք դրսևորեց: Իսկ հարևան երկրում տեղի ունեցած վերջին ողբերգության առիթով, երբ զորավարժություններին զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ն է ցավակցություն հայտնել, բայց ոչ՝ Հայաստանը: Ի՞նչ վիճակում են այսօր հայ-իրանական հարաբերությունները:

Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «Ձեր նշած ժամանակահատվածում Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ հետ, ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ մենք շփումները պետք է շարունակենք, որպեսզի կորոնավիրուսի բերած իրավիճակները շուտ հաղթահարենք: Մեր Կառավարության տարբեր ներկայացուցիչներ կապի մեջ են իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ առողջապահության ոլորտը, պարետն է այս ընթացքում միշտ կապի մեջ եղել Իրանի գործընկերների հետ: Մեր հարաբերությունները բնականոն զարգանում են»,- շեշտեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս