«Արցախի հարցով հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, հինն էլ ասել ենք՝ անընդունելի է». Նիկոլ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում կրկին ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցությունն ընթանում է որևէ փաստաթղթի շուրջ, արդյոք դա փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծում ենթադրող փաստաթուղթ է: Փախարենը՝ վարչապետը կրկին շեշտեց, որ իրենց բանակցային սեղանի շուրջ կաշկանդել հնարավոր չի լինի:
«Գիտեք, ընդհանուր առմամբ տեղի ա ունենում խոսակցություն, բանակցություն՝ էս իրավիճակի քննարկման ուղղությամբ: Ես ուզում եմ ասել, որ մենք մեր սկզբունքները արձանագրել ենք, և հարց ա եղել՝ արդյո՞ք մենք շարունակելու ենք բանակցություններ այն կետից, ինչ կետից թողել ա Սերժ Սարգսյանը: Մենք ասել ենք՝ ոչ, որովհետև այն, ինչ մենք ստացել ենք՝ որպես ժառանգույուն, մեզ համար ընդունելի չի:
Մնացած հարցերին պատասխանել ենք, և էլի եմ ասում՝ պետք չի փորձել մեզ կաշկանդել, որ մենք բանակցային սեղանի շուրջ չխոսենք և չլսենք: Կան ամենատարբեր տեսակետներ Ղարաբաղի հարցի կարգավորման ձևերի և փուլերի կամ բանակցությունների կամ փուլային, փաթեթային ձևերի վերաբերյալ: Եվ փուլային և փաթեթային ասելով՝ պետք ա հասկանանք նաև, թե ինչ ենք ասում: Փաթեթային ասելով՝ հասկանո՞ւմ ենք, որ հարցը լուծվելու ա մի ժամում: Փուլային ասելով՝ ի՞նչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու ա 100 տարում: Սրանք հարցեր են, որ պետք ա շատ մանրամասն պարզաբանվեն:
Ինչ վերաբերւոմ է փաստաթղթին, ուզում եմ ասել հետևյալը, որ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթղթի շուրջ մենք հրաժարվել ենք, ասել ենք՝ դա անընդունելի է: Դա չի նշանակում, որ այդ խոսակցությունների ժամանակ բանակցությունների մասնակիցներից մեկի ձեռի տակ էդ հարցը չէր կարող, էդ փաստաթուղթը չէր կարող լինել:
Ես նկատի ունեմ՝ պետք չի, Ղարաբաղի հարցի շուրջ՝ առավել ևս, մեզ փորձել դնել, չեք կարող մեզ դնել մի վիճակի մեջ, որ մենք վախենանք ինչ-որ բան ասել կամ ինչ-որ բան լսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում