«Այս տարի ապրիլին ավելի քիչ մարդ է մահացել, քան 2019թ.». Վարչապետ

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսօր պարետատունն աշխատում է շատ բարդ պայմաններում, և չնայած գրանցվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ, սակայն ճգնաժամը Կառավարության և պարետատան համար շարունակում է մնալ կառավարելի:

«Այս ընթացքում պարետատունը մեզ օգնել է, որպեսզի որոշակի վերաբերմունքի ճշգրտում տեղի ունենա, որովհետև երբ մարտին գրանցվել էր կորոնավիրուսի մեկ դեպք՝ առաջին դեպքը, ամբողջ երկրում խուճապ էր: Այսօր, ցավոք, 200-ից ավելի դեպք ենք ունեցել, և մարդկանց վերաբերմունքը փոխվել է: Այն ժամանակ ինչի՞ համար էր մեր լարվածությունը, լարված էինք, որովհետև մտածում էինք, որ հիմա իտալական սցենար կզարգանա մեր երկրում, հազարավոր մարդիկ կհիվանդանան, և մենք հիվանդանոցներում տեղ չենք ունենա»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գո՞հ է պարետից, և որտե՞ղ է նա ավելի շատ թերացել:

Վարչապետի խոսքով՝ այսօր հիվանդների 70 տոկոսից ավելին ասիմպտոմ է, ընդամենը 33 մարդ է, որ ունի ծանր թոքաբորբ:

«Ընդհանուր առմամբ, մեր երկրում, օրինակ՝ մահացության դեպքերը նվազել են, ճիշտ է, կորոնավիրուսից բավականին մահվան դեպքեր ենք ունեցել, բայց ապրիլին ավելի քիչ մարդ է մահացել, քան 2019 թվականին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս