Քաղաքային իշխանություններն առաջնային են համարում խնամի-ծանոթ-բարեկամ կապը, քան շուրջ 10.000 բնակիչների խնդրանք-հորդորը
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի բնակիչները 2020 մայիսի 6-ին մամլո ասուլիս էին հրավիրել՝ բարձրաձայնելու թաղամասին պատուհասած խնդիրները։ Բանն այն է, որ թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչները, հիմնականում՝ երիտասարդ ընտանիքներ, բնակարանները ձեռք են բերել սոցիալական ծրագրի շրաջանակներում՝ առավելապես հիպոթեքային վարկավորմամբ, այսօր բախվել են մի շարք խնդիրների։
Թաղամասը չունի քաղաքաշինական նորմերով սահմանված հեռավորությամբ դպրոց-մանկապարտեզ, մասնավորապես, համաձայն այդ նորմերի՝ նման դպրոց-մանկապարտեզի տեղաբաշխումը պետք է իրականացվի՝ ապահովելով բնակելի միավորներում դրանց սպասարկման շառավիղը՝ հանրակրթական հաստատությունից մինչև տուն առավելագույնը 500 մետր՝ հետիոտնի հասանելիության համար կամ տրանսպորտային հասանելիության առավելագույն ժամանակով հաշվարկելով՝ 10-15 րոպեում հասնելու հնարավորությունը, մանկապարտեզի համար՝ 300 մետր առավելագույն հեռավորություն։ Մինչդեռ թաղամասին ամենամոտը գտնվող դպրոցները տեղակայված են նվազագույնը 2 կմ հեռավորությամբ, դե, իսկ հանրային տրանսպորտը թաղամասին դեռևս հասանելի չէ։
Բացի այդ, հանրակրթական հաստատությունների համար տարածքների ընտրությունը կատարվում է՝ նաև հաշվի առնելով բնակչության ժողովրդագրական կազմը, խտությունը, տարածքի զարգացման հեռանկարայնությունը։
Թաղամասին շատ մոտ գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող դպրոց-մանկապարտեզը թաղամասի բնակիչներին հասանելի չէ, քանի որ դպրոցի տարեկան վարձը 1,67 մլն ՀՀ դրամ է, իսկ մանկապարտեզի վարձը՝ ամսական 160.000 ՀՀ դրամ։ Կոնկրետ այս դեպքում բնակիչները բախվել են թաղամասի գերծանրաբեռնվածության խնդրին՝ կանաչ տարածքների ու խաղահրապարակների սահմանափակ լինելուն զուգահեռ՝ օր օրի վեր խոյացող բարձրահարկ նորակառույցների պրոբլեմին։
Երևանի քաղաքապետարանը 2019 թվականից մի քանի բարձրահարկի շինթույլտվություն է տրամադրել նշյալ տարածքում։ Շինարար-սեփականատերերը մեծ ցանկություն ունեն հենց այդ տարածքում կառուցել շենքեր, քանի որ բնակիչների ջանքերով զարգացած ու Երևան քաղաքում բարի համբավ ու վարկանիշ ունեցող թաղամասին մոտ բարձրահարկեր կառուցելով՝ շատ ավելի հեշտ է մի քանի անգամ թանկ գնով վաճառել բնակարանները։
Բնակիչներն այժմ էլ բախվել են նոր խնդրի. թաղամասի անմիջապես հարևանությամբ մի քանի մետրի վրա առկա 0.2 հա տարածքում նախատեսվում է կառուցել երկմուտքանի 12-հարկանի շենքեր, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու թաղամասի համար։
Այս խնդրի առնչությամբ նորակառույց թաղամասի բնակիչներն արդեն մոտ 1 տարի դիմում են պետական տարբեր ատյաններ, սակայն կա՛մ պատասխան չեն ստանում, կա՛մ էլ ստացված պատասխաններն անբովանդակ են լինում: Եղել են նաև խնդրի լուծման ձգձգման փորձեր։
Խնդիրն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ նշյալ տարածքը՝ Երևան, Ավան, Աճառյան փող 35/27, ՀՀ քաղաքացի Գուրգեն Բագրատի Հարությունյանը 2019 փետրվարի 6-ին վաճառել է «Արմարշին Գրուպ» ՍՊԸ տնօրեն Միքայել Արմենակի Մակինյանին։ ՀՀ կադաստրի կոմիտեից, հարցմանն ի պատասխան՝ նշված է, որ տարածքը վաճառվել է 93.012.000 ՀՀ դրամ արժեքով։ «Արմարշին Գրուպ» ՍՊԸ սեփականատերերը, ըստ e-register.am կայքի, հանդիսանում են Մարատ Դանիելի Թամամյանը, Վարդան Վարուժանի Մանուկյանը և Արսեն Կոլյայի Հարությունյանը։ Այս անձինք, ըստ մեր տեղեկությունների, կապված են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ։ «Արմարշին Գրուպ» ՍՊԸ-ին 2020 թվականի մարտի 13-ին տրվել է վերոնշյալ հասցեում շենքերի կառուցման նախագծման թույլտվություն, սակայն շինթույլտվություն դեռևս առկա չէ։
2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին այդ տարածքը չունենալով շինթույլտվություն, և, փաստորեն, նաև նախագծման թույլտվություն, ցանկապատվել է, տեղադրվել է շինարարության հսկողության համար պահակակետ, ընդ որում, ցանկապատումն իրականացվել է սեփականատիրոջը պատկանող տարածքից դուրս տարածք ներգրավելով՝ մի մասը՝ համայնքային հողերից, մյուս մասը՝ վերոնշյալ թաղամասը սպասարկող համատիրությանը պատկանող հողակտորից, բացի դա, 2020 թվականի ապրիլի 19-22-ն իրականացվել են ծանր տեխնիկայի միջոցով հողային աշխատանքներ, իրականացվել է հողափորում, որի արդյունքում ապրիլի 22-ին վնասվել է շենքերը սնուցող գազատար խողովակը, զրկելով բնակիչներին մոտ հինգ ժամ գազամատակարարումից, ինչպես նաև քանդվել է համատիրության կողմից՝ բնակիչների խնայողությունների հաշվին, կառուցված ավտոկայանատեղին, արմատախիլ են արվել անցած տարի տնկված, բողբոջած տնկիները։ Ցանկանում ենք նշել, որ փլուզման ենթարկված տարածքը (փլուզման մասին համապատասխան ակտ է տրամադրել նաև ՀՀ ԱԻՆ-ը), ինչպես նաև գազատար խողովակը սեփականատիրոջը պատկանող տարածքում չեն գտնվել, այսինքն՝ ստացվում է, որ սեփականատերը չունենալով համապատասխան շինթույլտվություն՝ զբաղվել է ինքնիրավչությամբ, որը, բնակիչների բողոքներին ի պատասխան, մինչև այսօր, շուրջ 20 օր, քաղաքային իշխանությունների կողմից չի վերահսկվել, ստուգումներ չեն իրականացվել, վարչական պատասխանատվության չեն ենթարկել և չեն ստիպել սեփականատիրոջը՝ վերականգնել և նախկին տեսքին բերել փլուզված հատվածը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարածքի սեփականատերը մերժել է վնասի վերականգնման հարցը, իսկ Ավանի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի կողմից նույնպես ոչ մի օրենքով սահմանված միջոց չի կիրառվել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, սեփականատիրոջը «հովանավորում է» Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Կառլենի Հարությունյանը, ում մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա 2016-2018 թվականներին աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարանում, տեղեկություններ կան, որ նա ընկերական հարաբերություններ ունի նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Վերոնշյալ տեղեկությունները ի մի բերելով՝ հասկանալի է դառնում, որ քաղաքային իշխանություններն առաջնային են համարում խնամի-ծանոթ-բարեկամ կապը, քան շուրջ 10.000 բնակիչների խնդրանք-հորդորը՝ չկառուցել վերջին ազատ հողակտորի վրա բարձրահարկեր, ավելի չգերբնակեցնել թաղամասը, տվյալ հողակտորը համարել պետական հանրային շահ, փոխանակել սեփականատիրոջը պատկանող այդ հողակտորն այլ համայնքային հողի հետ և այդ տարածքում կառուցել դպրոց-մանկապարտեզ՝ ապահովելով բազմահազար բնակիչների օրենքով սահմանված իրավունքները։
ԱՍՏՂԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ