Բաժիններ՝

«Ազատամարտիկներից շատերն այսօր առողջական խնդիրներ ունեն, բայց անվճար բուժօգնությունից չեն կարողանում օգտվել, պատերազմի մասնակցի կարգավիճակ չեն տալիս» 

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

«Հայոց ազգային բանակի» հատուկ գնդի հրամանատար, Շուշիի ազատագրման մասնակից Սամվել  Փափազյանը, ով «Հարսանիք լեռներում» գործողության ժամանակ եղել է ամենաթեժ կետում, հիշում է, որ հունվար-փետրվար ամիսներին «Հայոց ազգային բանակի» ջոկատներով Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում են եղել:

Արկադի Տեր-Թադևոսյանն իրենց  Ստեփանակերտ է հրավիրել և հանձնարարել, որ վերադառնան Հայաստան, ընտիր տղաներ հավաքեն, մարզեն, պատրաստվեն հատուկ հանձնարարություն կատարելու, բայց չի ասել, թե ո՞ւր պետք է գնան և ինչո՞ւ, չնայած իրենք մոտավորապես գուշակել են։

«Մարտական ընկերներին հավաքեցինք  Գյումրիից, Ախուրյանից, Ամասիայից, Կոշից, Մասիսից, Երևանից, բացատրեցինք, որ հատուկ հանձնարարություն ունենք կատարելու և միանգամից սկսեցինք  մարզվել։ Մեզ հանձնարարվեց կեղծ հետախուզական խաղեր կազմակերպել, իբր հիմնական հարձակումը լինելու է Ջանհասան հատվածի վրա: Մենք պետք է հակառակորդի ուշադրությունը, ուժերը գրավեինք մեզ վրա, որպեսզի տղաները կարողանային Քարինտակով և մայր ճանապարհով հեշտությամբ ճեղքել հակառակորդի պաշտպանությունը։ 25-30 կմ ոտքով բարձրանալ, թշնամու թիկունք մտնել, ռազմական խաղեր սարքել․․․ շատ բարդ էր։ Շուշիի ազատագրման ժամանակ հայկական կողմն ընդհանուր առմամբ 56 զոհ է ունեցել, որից 27-ը ՀԱԲ-ի ջոկատից են եղել, 2-ն անհայտ կորել են։ Ընդհանուր 75 հոգով էինք,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Սամվել  Փափազյանը՝ հավելելով,- Մայիսը հայ ազգի համար եղել է հաղթանակների ամիս։ Տա Աստված, որ միշտ հաղթանակներ ունենանք»։

Նրա խոսքով՝ հայը միշտ պետք է իր բարձի տակ զենք ունենա, պատրաստ լինի ազգի անվտանգության համար պայքարելու։

Հարցին՝ ինչպե՞ս է  վերաբերվում բանակում ծառայելուց խուսափողներին, ազատամարտիկը պատասխանեց․

«Նմանները միշտ են եղել՝ բոլոր ժամանակներում ու բոլոր ազգերի բանակներում։ Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ մարդիկ եղան, որ հասան առաջին գիծ ու հետ եկան։ Մեկը վատացավ, մյուսը՝ հոգեբանորեն պատրաստ չէր, և այլն։ Դրա համար պետք է դեռ մանկապարտեզից դաստիարակենք երեխաներին, որ երբ հասնեն բանակային տարիքի՝ հոգեպես պատրաստ լինեն։ Մեծ աշխատանք ունենք կատարելու թե՛ մենք, թե՛ երեխաների ծնողները։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ զինվոր լինելը պարտականություն է․ եթե դա չլինի՝ իրենք ու իրենց ծնողները չեն կարողանա ապրել»։

Սամվել Փափազյանը «տանել չի կարողանում» նաև երկար տարիներ հասարակության մեջ նետվող տարածքների փոխզիջման մասին խոսակցությունները։

«Մենք հետ վերադարձնելու տարածքներ ունենք, ոչ թե զիջելու։ Մենք այնքան ենք կորցրել, որ էլ տեղ չկա։ Նույնն է, որ հարևաններից մեկը ներխուժի որևէ մեկի ընտանիք ու ասի՝ քո տունն իմն է, տուր ինձ։ Այդպիսի բան ո՞նց կարող է լինել։ Եղածը պետք է պահենք ու մտածենք կորցրածը վերադարձնելու մասին»,- ընդգծեց հրամանատարը։

Սամվել  Փափազյանի փոխանցմամբ՝  ազատամարտիկներից շատերն այսօր առողջական խնդիրներ ունեն, բայց անվճար բուժօգնությունից չեն կարողանում օգտվել. պատերազմի մասնակցի կարգավիճակ չեն տալիս։

«Մարդը 1990-ական թթ․ մասնակցել է Արցախյան պատերազմի, բայց, ասենք, վիրավորվել է, չի կարողանում անվճար բուժօգնություն ստանալ։ Պատերազմի հետևանքները կան ու նոր են ինչ-որ հիվանդություններ զարգանում մարդկանց մեջ, նրանք հոգատարության ու խնամքի կարիք ունեն։

Շատ մարդիկ ոչ պատերազմի մասնակցի կարգավիճակ ունեն, ոչ էլ բուժում ստանալու հնարավորություն։ Նրանք ունեն օգնության կարիք։ Վաղն անհրաժեշտության դեպքում այդ նույն մարդը նորից գնալու է կռվելու։

Հիշե՛նք ապրիլյան պատերազմը։ Նրանց պետք չէ անտեսել։ Իհարկե, խոսքն այն ինքնակոչներին չի վերաբերում, ովքեր թաքնվել են Ռուսաստանում կամ իրենց կանանց փեշերի տակ, չեն մասնակցել պատերազմի, բայց պատերազմի մասնակից են ներկայանում։

Ես դեմ եմ, որ կեղծ մարդիկ մտնեն մեր շարքերը։ Ազնիվը չի կարողանում ստանալ պատերազմի մասնակցի կարգավիճակ, կեղծը ստանում է, դրա համար կխնդրեի, որ համապատասխան մարմինները՝ հանձնաժողովները, շատ ճիշտ կատարեն ընտրություն։ Հիմա կարծես թե փորձում են ամեն ինչ ճիշտ անել ու արժանավորին տալ։ Չպետք է մոռանանք, որ ունենք ընկերներ, ովքեր չեն վիրավորվել կամ կոնտուզիա են ստացել, որը չի երևում։ Թող հարցաքննեն մարտական ընկերներին, հրամանատարներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս