«Միանշանակ սա արդեն իսկ սկանդալ է, երբ երկրի ԱԱԾ նախկին ղեկավարի վերաբերյալ նման հրապարակումներ են արվում». Նորայր Նորիկյան

Ապրիլի 29-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Միասյանը, կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

Նա նշել էր, որ  փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է.

«ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ»:

Այս գրառումից հետո հայտարարությամբ հանդես եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որտեղ հերքել էր բոլոր մեղադրանքները՝ նշել, որ այն ընդամենն իր ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է.

«Ոչ մի իրական հիմք։ Իսկ հորս պատկանող բեռնափոխադրող ընկերությունը  ԶՊՄԿ-ի հետ սկսել է աշխատել հեռավոր 2014-ից։ Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ, և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա  անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի։

Օգտվելով նաև որպես քաղաքացի իմ հարց տալու իրավունքից. ի՞նչ եք բանակցել և բանակցում Ղարաբաղի շուրջ։ Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ։ Ակնկալվում է պարզ պատասխան։ Այս հարցադրումից հնարավոր չի լինելու խուսափել, եթե անգամ խոսնակը կրկնապատկի կեղծ հայտարարությունների չափաբաժինը»։

Սակայն ամեն ինչ այս հայտարարություններով չավարտվեց:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդին, նույնպես որոշեց անմասն չմնալ թեմայից և ֆեյսբուքյան իր էջում գրառում տեղադրեց՝ ակնարկելով, թե իբր ԱԱԾ նախկին տնօրենը պաշտոնից ազատվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու համար.

«Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը:

Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաև հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի՝ ոչ միայն վարչապետի և ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլև նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում՝ երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց»:

Երեկ էլ ԱԺ-ում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն փաստեր, տվյալներ, որ Ա. Վանեցյանն օտարերկրյա գործակալների կողմից հավաքագրված է եղել, ինչպես հայտարարել է Հրաչյա Հակոբյանը: Ի պատասխան՝ Գլխավոր դատախազն ասել էր.

«Եթե այդ անվտանգության վերաբերյալ կհրապարակվի փաստական տվյալ, դրա համար պաշտոնական պարտավորությունը ստանձնած անձին կարող եմ անդրադառնալ, նմանատիպ բազում հայտարարություններ կարող են լինել, բայց նման հայտարարությունն օպերատիվ ստուգման անհրաժեշտություն  է ունենալու, բնականաբար, դրանք կստուգվեն: Իմ ունեցած տեղեկատվություններն իրենց արտահայտությունը պետք է գտած լինեն նախապես քրեական գործերում, բայց նման քրեական վարույթ չկա»:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավարի հասցեին հնչած մեղադրանքներին՝ նշեց, որ արվել են բավականին պատասխանատու հայտարարություններ, որոնք ենթադրում են որոշակի ուսումնասիրություններ, որոշակի գործընթաց՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները:

«Անկեղծ, այս ամենը բոլորովին այլ հարթության վրա քննվող կամ վերլուծվող թեմա է, քանի որ շոշափվում է ՀՀ ազգային անվտանգությունը, Հայաստանի որևէ երկրի հետ ունեցած հարաբերությունների բնույթը վերաբերում է ԱԱԾ-ն որոշակի ժամանակահատվածում ղեկավարած անձի վարքագծին և նրա գործունեությանը: Կարծում եմ՝ այս իրադրությունում, այս բոլոր հանգամանքների համադրության պայմաններում ճիշտ կլինի, որ խնդիրը, որը բարձրացվել է՝ իրավական հարթության վրա ստանա իր հանգուցալուծումը: Եվ մարդկանց, որոնք ենթադրյալ իրականացրել են գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ օրինական շահերից, ենթարկել պատասխանատվության: Այստեղ շատ նրբանկատ վերաբերմունք պետք է ցուցաբերեմ այն առումով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ անվտանգությանը: Բայց, որ այս հրապարակումներում  արտահայտված դիրքորոշումները բավականին ուշագրավ են և ենթադրում են մեծ ուսումնասիրություն՝ սա փաստ է»,- նշեց Ն. Նորիկյանը:

Ըստ նրա՝ այս ամենին իրավական գնահատական տալը բացառապես գտնվում է իրավական համակարգի տիրույթում, քանի որ նախ՝ պետք է հասկանալ այս ամբողջի շերտը:

«Ես այժմ ոչ թե պատասխանից եմ խուսափում, այլ արձանագրում եմ, որ ունենք տեղեկատվության այնպիսի սահմանափակ ծավալ, որը մեզ զրկում է ամբողջական դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից: Կրկնում եմ՝ սա այնպիսի զգայուն թեմա է, որտեղ բոլորի պատասխանները պետք է շատ հստակ լինեն՝ ի՞նչ է կատարվել, ովքե՞ր են եղել, եղե՞լ է նման բան, թե՞ ոչ: Հայաստանի հանրային օրակարգի համար սա ըստ էության խորթ թեմա է եղել, նման երևույթներ հրապարակային չեն եղել, չեն քննարկվել, չեն արծարծվել, նման կալիբրի պաշտոն զբաղեցրած անձի վերաբերյալ նման ենթադրյալ հայտարարություններ չեն եղել, ուստի դժվար է գալ եզրահանգումների: Բացի այդ, ինչպես հասկացել եմ, այստեղ միայն ՀՀ շահն ու խնդիրը չի շոշափվում, հետևաբար՝ պետք է չափից դուրս զգույշ լինել, ուստի ձեռնպահ կմնամ այս պահին որևէ կոնկրետ բան ասելուց»,- շեշտեց փաստաբանը:

Հարցին՝ այս ամենը, հնարավո՞ր է՝ իրավական մեծ սկանդալի հանգեցնի, Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Միանշանակ սա արդեն իսկ սկանդալ է, երբ երկրի  ԱԱԾ նախկին ղեկավարի վերաբերյալ նման հրապարակումներ են արվում: Կարող եմ միայն արձանագրել, որ որքան էլ սա վարչապետի աներորդու կողմից արված հայտարարություն է, կարծում եմ՝ սա որևէ նշանակություն չպետք է ունենա, քանի որ այդ հայտարություններն իրենց մեջ բավականին լրջություն և երկրի անվտանգության վերաբերյալ որոշակի խնդիրներ են պարունակում: Հետևաբար՝ թիրախը ոչ միայն ՀՀ օրենսդրությունն է, այլև ազգային անվտանգությունը: Ողբերգություն կլինի, եթե այդ ամենն իրականություն լինի, կապրենք՝ կտեսնենք, թե ինչ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս