Բաժիններ՝

«Դոմոդեդովո»-ում գիշերող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են կացարաններ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օրեր շարունակ գիշերող ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աջակցությամբ երեկ տեղափոխվել են կացարաններ և այնտեղ ապրող իրենց հարազատների բնակարաններ։

Հիշեցնենք, օդանավակայանում սպասողների մի մասը վերադարձել է, մյուսները՝ հերթագրվել են նոր թռիչքի համար:

«Երեկ դեսպանատունը օդանավակայանից ավելի քան 20 հոգու նույնպես ապահովեց կացարանով և սննդով, և ժամը 23:30-ի տվյալներով մնացել էին երկու հոգի, որոնց տեղավորման հարցը լուծեցին մենք՝ «Ապավեն» բարեսիրական շարժման շրջանակներում»,-168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց թռիչքին սպասող մեր հայրենակիցների շրջանում կա անորոշություն, ինչն իր հերթին առաջացնում է խուճապ և ագրեսիա.

«Այս պահին օդանավակայանի անվտանգությունը թույլ չի տալիս կուտակումներ, ուղղակի դուրս են հրավիրում տարածքից։ Թեև հոսքը մշտապես կա, քանի որ հազարավոր հայեր մնացել են առանց աշխատանքի, նրանցից շատերի ապագան Ռուսաստանում վտանգված է և միակ հույսը Հայաստան վերադառնալն է։ Այս պահին թռիչքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունենք, թեև ակնկալում ենք, որ առաջիկա օրերին սպասվում են գոնե մեկ֊երկու թռիչքներ»:

Մենք կապ հաստատեցինք նաև օդանավակայանից կացարան տեղափոխված Աբել Թաիրյանի հետ: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ ապրիլի 16-ից մինչև ապրիլի 21-ը եղել է օդանավակայանում.

«Օդականավակայանում էինք, մինչև եկան վերջնական հանեցին: Դեսպանատունն ու դաշնակներն են աջակցել»:

Ա. Թաիրյանը հավելեց, որ դեռ չգիտեն թռիչքի կոնկրետ օրը, բայց իրենց վստահեցրել են, որ այդ ուղղությամբ աշխատում են:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիներին կացարաններում տեղավորելու և այլ հարցերով աջակցել է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս