Միասնական քննությունների հայտագրումը տեղի կունենա մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը. ԿԳՄՍ նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ընդունելության քննություններին՝ տեղեկացրեց, որ, ինչպես և ավելի վաղ արդեն ասել էր, բոլոր մասնագիտությունների գծով լինելու է մեկ քննություն, ինչն արվում է ընդհանուր համավարակի դեմ պայքարի շրջանակներում ավելորդ կուտակումներ թույլ չտալու և վարակը չտարածելու համար:
«Շատ եմ կարևորում ասելը, որ արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուրն ինչ-որ չափով ենթարկվում է զրկանքի, չկա այդպիսի մի քաղաքացի, որ այս ընթացքում ինչ-որ բան չկորցնի, չզրկվի ինչ-որ մի բանից և զրկանքների չենթարկվի: Սա վերաբերում է և քաղաքական գործիչներին, և գործարարներին, աշակերտներին, ուսանողներին և բոլորին: Յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Հայաստանում իշխանությունը ձգտում է անել առավելագույնը, որպեսզի նվազագույն կորուստներով և առավելագույն հնարավորություններով որոշում կայացնենք: Վստահ եմ, որ իշխանությունները, ի տարբերություն նախկինում եղած իրավիճակների, չեն առաջնորդվում որոշակի խմբային շահերով, մենք համագործակցում ենք բոլոր այն շահագրգիռ խմբերի հետ, որոնք առաջարկներ են անում, և մենք դրանք քննարկում ենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Ըստ Արայիկ Հարությունյանը, մինչև համավարակի տարածումը դիմորդների մի մասն արդեն հայտագրվել էր ընդունելության քննությունների համար, բայց քանի որ իրավիճակ է փոխվել, և նրանցից շատ շատերը մտափոխվել են, ուստի այս պահին նոր հայտագրում են իրականացնում՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածը՝ միասնական քննության համար ԳԹԿ կայքում ստեղծված համապատասխան էջում: Քննությունների համար նախկինում վճարած գումարները կվերադարձվեն դիմորդներին, և կպահվի միայն մեկ քննության համար նախատեսված 1500 դրամը:
«Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով՝ հուլիս ամսվա առաջին տասնօրյակում: Ընդունելության քննության առարկայի հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելությունը տրվելու է հետևյալ կարգով՝ մեդալակիր դիմորդներին, արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին, օլիպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացածներին»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր նախարարության կայքում կտեղադրվի տեղեկատվությունը, թե որ մասնագիտության դեպքում ինչ քննություն պետք է հանձնեն դիմորդները:
Նրա խոսքով՝ այսօր դիմորդներն ունեն լիարժեք երկու ամիս՝ լավ պատրաստվելու՝ բուհում սովորելու համար մեկ քննություն հանձնելու: