««Իմ քայլում» ցանկացած նեգատիվ բան փորձում են պաշտպանության տակ վերցնել՝ փոխանակ դատապարտեն». Իրավապաշտպան
«Որտե՞ղ փնտրել Գավառի սպանությունների ու վենդետայի պատճառները» թեմայով համացանցային քննարկման ժամանակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղի ունեցածը գնահատեց, Գեղարքունիքի մարզպետի խոսքերով՝ «իրավիճակն անկառավարելի է»:
«Գիտեք՝ այդ պատմությունը վաղուցվա է, մի քանի տարիների, երբ տեղի է ունեցել առաջին սպանությունը, և կարծում եմ, որ անպատժելիությունը և տարիները կուտակել և խորացրել են ատելությունը միմյանց նկատմամբ, իսկ ատելությունը սպանության համար հիմք կարող է լինել:
Իրավիճակը, իրոք, դուրս է եկել իր շրջանակներից՝ մեղավորներից առաջինը նաև ոստիկանությունն է, որը համարժեք գործողություններ չի ձեռնարկել սկզբից:
Ասեմ, որ մեծ թվով ոստիկաններ էին Գավառում, և նրանք չեն կարողացել կիրառել այն կանոնները, որ նման դեպքերում պետք է արվի»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կրկին արձանագրեց ոստիկանության թերացումը՝ հավելելով.
«Մենք գործ ունենք արյան վրեժի և վենդետայի հետ»:
Նա խնդրահարույց համարեց իրավիճակի վերաբերյալ իրարամերժ տեղեկությունների հոսքը և թեմայի վերաբերյալ պետական համակարգում առկա ինֆորմացիոն վակուումը.
«Հանրային հաշվետվողականությունը շատ կարևոր է. չմոռանաք, որ հետհեղափոխական Հայաստանում մարդիկ սովորել են մեկ ստատուսի՝ մեկ իրադարձության հետ կապված, կառավարության ղեկավարի լայվերին, որոնք անգամ միգուցե կառավարության գործունեությանը չվերաբերող հարցերում բացատրություններ են տալիս, զրուցում են հանրության հետ, և այս պարագայում, երբ արտակարգ իրավիճակի պայմաններում տեղի է ունեցել այսպիսի արտակարգ դեպքը, որը ցնցել է հանրությանը, որևէ արձագանք չունենալ բարձր մակարդակից, նշանակում է՝ կա՛մ չեն տիրապետում իրավիճակին, կա՛մ փորձում են ծածկել որևէ մեկի բացթողումը, ինչն արդեն իսկ խիստ անապահովության զգացում է առաջացնում հանրության մոտ»:
««Իմ քայլի» պատգամավորներն անդրադառնալով տեղի ունեցածին՝ նշել էին, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ոստիկանությունը գերծանրաբեռնված է, և կոչ էին արել զորակցել, ապա նշել, որ համակարգը զարգացում է ապրում, ռազմավարական ծրագիր կա: Արդյո՞ք սա պատասխանատվությունից խուսափում է նշանակում, թե՞ իսկապես արվում են քայլեր, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ»՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Ժ. Ալեքսանյանը նշեց.
««Իմ քայլի»՝ ոստիկանությանն արդարացնող միջոցներն են: Եվ հետո՞ ինչ՝ կորոնավիրուս է. սպանություններ են տեղի ունեցել, ոստիկանությունը զբաղված է և չի՞ կարող փաստորեն անել ամենակարևոր գործառույթը. մարդկային կյանքի մասին է խոսքը:
Եվ «Իմ քայլը» ընդհանրապես էդ պաշտպանելու իրենց ռազմավարությունը… ցանկացած նեգատիվ բան փորձում են պաշտպանության տակ վերցնել՝ փոխանակ դատապարտեն:
Սա անընդունելի է ինձ համար. դա համարում եմ կեղծ մտահոգություն՝ ոստիկանության հեղինակությունը փրկելու, և մաղթում եմ «Իմ քայլի» պատգամավորներին՝ երբեմն գոնե գործել իրենց լիազորությունների շրջանակում՝ երբ այդքան ակնհայտ է… սա իրենց հեղինակության վրա էլ է ազդում:
«Իմ քայլը», որ երիտասարդ սերունդ է, իրենք սկսում են այդ իրավիճակներում մտածել, շատ կներեք՝ ինչպես հանրապետականները, որ պետք է մերոնքականին պաշտպանենք. ինչի՞ համար է սա:
Արդարացումներն են բերում այսպիսի հետևանքների»:
Անդրադառնալով հարցին՝ Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց խորհրդարանի ու պատգամավորների գործառույթների մասին. «Իրականում շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանը և պատգամավորները, ի վերջո, գիտակցեն իրենց իրական ֆունկցիան, իրենց գործառույթները, որոնք տրված են Սահմանադրությամբ:
Խորհրդարանը վերահսկող մարմին է և կառավարության ու կառավարության ենթակա բոլոր մարմինների վերաբերյալ պետք է ունենա առավել քննադատական և առավել վերահսկողական գործառույթ: Ես որևէ դեպք չեմ կարողանում հիշել, երբ հանրությանն անհանգստություն պատճառած հարցի և հանրային նման արձագանքի պարագայում խորհրդարանն ունենա քննադատական դերակատարում կամ դիրքորոշում. Այս դեպքը ևս բացառություն չէ»:
Իրավապաշտպանը նկատեց նաև, որ առանց քննադատության նմանատիպ իրավիճակին նայելը նշանակում է՝ պաշտպանել և ստեղծել նաև հնարավորություններ կրկնության համար: