Փետրվարյան տեղափոխություն
2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ գոնե այս պահի դրությամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի ունենալու այնպիսի մրցակից, որի հաղթանակն ավելի բարձր կգնահատվի, քան իրենը: 1991 թվականից հետո Հայաստանում կայացած նախագահական որևէ ընտրության ժամանակ նման իրավիճակ չի եղել, երբ իշխանության թեկնածուն չունենա իրական վտանգ ներկայացնող մրցակից:
Ավելին` սկսած 1996 թվականից, բոլոր ընտրություններում գործող նախագահը ոչ միայն ուժեղ մրցակից է ունեցել, այլ իշխանությունը վերարտադրվել է նրանց հաղթանակը կեղծելով: Այդպես եղել է 1996 թվականին, երբ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը Վազգեն Մանուկյանն էր. մինչև այսօր այդ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է:
Նույնը եղել է 1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, ով ակնհայտորեն ավելի շատ ձայներ էր ստացել, սակայն նախագահ դարձավ Քոչարյանը: Երկրորդ անգամ` 2003 թվականին, նույնը տեղի ունեցավ արդեն Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ. իշխանությունը նրա հաղթանակը կարողացավ խլել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքները հայտնի են բոլորին. Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ուժեղ մրցակից էր, այլ հավաքել էր առնվազն այնքան ձայն, որ երկրորդ փուլն անխուսափելի էր: Սերժ Սարգսյանը կարողացավ նախագահ դառնալ միայն Մարտի 1-ի սպանությունների արդյունքում:
Այսօր, սակայն, ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ, քաղաքական դաշտում չի երևում այնպիսի թեկնածու, ով կարող է իրական վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի համար: Դրա պատճառը, սակայն, ոչ թե իշխանության հզորությունը կամ արդյունավետ աշխատանքն է, որի արդյունքում հասարակությունը երազում է ղեկավարի պաշտոնում կրկին տեսնել Ս. Սարգսյանին, այլ ընդդիմության հեղինակազրկվածությունն ու թուլությունը:
Անցած չորս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի իշխանությունը կարողացավ այնպես անել, որ հասարակության լայն շերտերի վստահությունը վայելող ընդդիմությունը հասարակությունից կտրվի այնպես, ինչպես իշխանությունը: Գուցե դա հաջողվեց ոչ այնքան Ս. Սարգսյանի իշխանության գործադրած ջանքերի, որքան ընդդիմության ապաշնորհության պատճառով, սակայն, անկախ դրանից, դա այսօր օբյեկտիվ իրականություն է:
Կարելի է, իհարկե, ասել, որ դեռևս ընտրություններին 5 ամիս ժամանակ կա, այդ ընթացքում կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել, որի ընթացքում ի հայտ կգա իշխանությանը հակակշռող ուժեղ թեկնածու: Սակայն նույն 2003 կամ 2008 թվականներին Ստեփան Դեմիրճյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ֆավորիտ լինելը տեսանելի էր ընտրություններից շատ ավելի առաջ:
Իշխանության թեկածուի իրական հակակշռի բացակայությունը հանգեցրել է նրան, որ այսօր քաղաքական օրակարգի հիմնական հարցը դարձել է նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությունն ու դիրքորոշումը: Իրական ընդդիմությունն այդպիսով փոխարինվել է իշխանական կամ պալատական ընդդիմությամբ, քանի որ անկախ ընթացիկ հարցերում առկա տարաձայնություններից՝ ԲՀԿ-ն իր բնույթով ու ֆունկցիոնալ նշանակությամբ իշխանական ուժ է: Հասարակության շահի, պետության զարգացման հեռանկարների տեսանկյունից՝ մեծ հաշվով, տարբերություն չկա` ԲՀԿ-ն թեկնածու կառաջադրի՞ ընտրություններում, թե՞ ոչ, քանի որ երկու դեպքում էլ հաղթելու է ներկայիս իշխանությունը` նույն մտածողությամբ ու արժեքային համակարգով: Իշխանությունն, իհարկե, դա կարող է համարել սեփական հաղթանակը, քանի որ նրա հիմնական խնդիրը վերարտադրվելն է:
Այդ հաղթանակը, սակայն, ապահովվելու է պետության ու հասարակության պարտության հաշվին: Հասարակության զգալի հատվածն այսօր դժգոհ է իշխանությունից, կամ, ինչպես ընդունված է ասել, կազմում է ընդդիմադիր ընտրազանգվածը: Սակայն քաղաքական ուժերի ու գործիչների մեջ չկա մեկը, ով կարող է տեր կանգնել ու ուղղորդել այդ ընտրազանգվածին: Հետևաբար՝ վերջինիս ոչինչ չի մնում, քան վերցնել իշխանական ուժերից որևէ մեկի առաջարկած ընտրակաշառքը ու մտածել արտագաղթելու մասին: Ցանկացած ընտրությունից հետո, ի դեպ, արտագաղթի ծավալն օրինաչափորեն մեծանում է, քանի որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի է մեծացնում հասարակության հուսահատության աստիճանը: Այդ առումով 2013 թվականի ընտրությունները ոչ միայն բացառություն չեն, այլև կարող են դառնալ ամենաշատն արտագաղթը խթանած ընտրությունները: