Մի խնդիր է մնում՝ ժխտողականության անպատժելիությունը. ֆրանսիացի օրենսդիրի ուղերձը հայ ժողովրդին

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը կառավարությանը կոչ է անում խորհրդարանին առաջարկել մի օրինագիծ, որով ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները ժխտողը կենթարկվի պատասխանատվության։ Այս մասին Ֆրանսիայի Հանրապետության 9-14-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ և նախկին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«2000 թվականի նոյեմբերի 7-ին Սենատի կողմից ընդունվելուց հետո, Ազգային ժողովն իր հերթին 2001 թվականի հունվարի 18-ին ընդունեց Ֆրանսիայի կողմից` 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը։ Օրենքն ընդունվեց հունվարի 29-ին, հաստատվեց հունվարի 30-ին և ուժի մեջ մտավ 2001 թ. հունվարի 31-ից։ Ես երջանիկ և հպարտ եմ այդ օրինագծի զեկուցողը լինելու համար։ Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ պետություններ նույնպես ճանաչեցին երիտթուրքերի կառավարության կողմից իրագործված հայերի Ցեղասպանությունը, որի արդյունքում սպանվեց 1.5 մլն հայ, եղան բազմաթիվ տուժածներ և տեղահանվածներ։ Ֆրանսիան այն երկրներից էր, որն ընդունեց իրեն այսօր պատիվ բերող այդ հայերին։ Ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտոնական օր ընդունելուց հետո, նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ ապրիլի 24-ն այսուհետ Ֆրանսիայի հիշատակի օրերից մեկն է։ Ինչպիսի՜ երկար ճանապարհ»,- ասաց Ռոշբլուան։

Ռոշբլուան Հայոց ցեղասպանության ճանաչման գործում առանձնակի կարևորության հիշատակեց ֆրանսահայ քաղաքական գործիչ հանգուցյալ Պատրիկ Դևեջյանի անունը։

«Այս տարի ապրիլի 24-ին, կցանկանայի առանձնակի հիշատակել կորոնավիրուսի զոհ դարձած մեր ընկեր Պատրիկ Դևեջյանին, որը Ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դերակատարներից էր։ Շնորհակալություն, Պատրի՛կ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև բոլոր նրանց, ովքեր գործել են հանուն այդ ճանաչման, հատկապես` առաջին օրինագծի զեկուցող Ռենե Ռուքեին։ Նրա, սենատոր և պատգամավոր իմ գործընկերների հետ Երևանում էինք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը մասնակցելու համար։ Չեմ կարող մոռանալ այդ օրը հուշահամալիրում տիրող հուզմունքը»,- նշեց նախկին պատգամավորը։

Ֆրանսուա Ռոշբլուայի խոսքով` այսօր դեռ խնդիր է մնում ժխտողականության անպատժելիությունը։

«Կոչ եմ անում Ֆրանսիայի կառավարությանը՝ Խորհրդարանին առաջարկել մի օրինագիծ, որով ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները ժխտողը կենթարկվի պատասխանատվության։ Ի վերջո, ցավում եմ, որ ստեղծված իրավիճակում չկարողացանք այս տարի հավուր պատշաճի հիշատակել ապրիլի 24-ը։ Սակայն, մենք հիշում ենք մեկ այլ ձևով»,- ասաց Ռոշբլուան։

Տեսանյութեր

Լրահոս