Փոխվարչապետը Սպիտակում կարևորել է շինարարության ողջ ծավալով կատարումը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի մի շարք համայնքներում ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի երեք փուլով Լոռու մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում ուղղվել են դպրոցների, համայնքային կենտրոնների, բազմաբնակարան շենքերի տանիքների, խմելու ջրագծերի, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը: Մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են, ընթացքում են երրորդ փուլի աշխատանքները, որով կիրականացվի 68 ծրագիր մարզի շուրջ 50 համայնքում:
Ծրագրի երրորդ փուլով նաև նոր համայնքային կենտրոններ են կառուցվում Սարամեջ և Մեծ Պարնի գյուղերում, այդ նպատակի համար հատկացվել է համապատասխանաբար 40 և 35 մլն դրամ: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Զեկուցվեց, որ արդեն դրանց 50 տոկոսն իրականացվել է, շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ երկու ամսից: Նորակառույց կենտրոններ կտեղափոխվեն նաև համայնքապետարանի աշխատակազմերը, որոնք մինչ այդ տնակային պայմաններում էին գործում:
Փոխվարչապետի այցի հաջորդ կանգառը Հարթագյուղն էր. Ա. Գևորգյանը ծանոթացել է համայնքը Վանաձոր- Գյումրի մայրուղուն կապող 3,5 կմ ճանապարհահատվածի, ինչպես նաև Հարթագյուղ-Խնկոյան 2,5կմ միջհամայնքային ճանապարհի վերականգնման աշխատանքներին, որոնք արդեն մեկնարկել են: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 390 մլն դրամ:
Հարթագյուղում Ա. Գևորգյանը եղել է նաև համայնքային մշակույթի տան շինհրապարակում: Զեկուցվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ավարտված են, որոնց համար հատկացվել էր 25 մլն դրամ: Շենքի կառուցումը կշարունակվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, համաֆինանսավորման միջոցով ծրագրին մասնակցություն կունենա նաև համայնքը:
Փոխվարչապետը մարզպետի հետ քննարկել է ծրագրերի կատարմանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր: Նա ևս մեկ անգամ հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը: