Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում. Վալերի Բուայեի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Հայոց ցեղասպանության և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ իր խոսքն ուղղելով հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ես մնում եմ տանը, բայց չեմ մոռանում և այսօր իմ տնից է, որ Ձեզ եմ հղում Հայոց ցեղասպանության, 1915թ. ապրիլի 24-ի հիշատակման առթիվ իմ ուղերձը: Ցավոք, ֆիզիկապես չենք կարող ներկա գտնվել, այլ՝ հոգեպես, և ուզում եմ Ձեզ ասել, որ Հայոց ցեղասպանությունը և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: Նախ և առաջ արդիական է, քանի որ պատմությունը կակազում է, մի քանի տարի առաջ մենք նորից ականատեսը եղանք արևելքի քրիստոնյաների և եզդիների կոտորածների, բացի այդ, քանի որ այդ հիշողությունը դեռ վառ է և, իհարկե, քանի որ այն դեռ ժխտվում է Թուրքիայի իշխանությունների կողմից և քանի որ Հայաստանի և Արցախի հանդեպ վայրագությունները դեռևս շարունակում են՝ թե Ադրբեջանի և թե Թուրքիայի կողմից՝ և զինվորական, և դիվանագիտական ուղիներով»,-նշեց պատգամավորը:
https://www.facebook.com/watch/?t=50&v=1530212683808676
Ըստ Վալերի Բուայեի՝ այս արդիական հարցերը հիշեցնում են, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է և թե որքան կարևոր է հանուն հիշողության, բայց նաև հանուն այսօրվա Ցեղասպանությունը ճանաչվի և դրա ժխտումը դատապարտվի:
«Սիրելի ընկերներ, այսօր 1915թ ապրիլի 24-ի հիշատակման առթիվ ուզում եմ ձեզ հղել իմ ուղերձը, ձեզ, որ ապրում եք Հայաստանում կամ Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ արտահայտելով մեր համերաշխությունը՝ այսօրվա մեր միասնական դժբախտության՝ կորոնավիրուսի դեմ: Չէի կարող անդրադառնալ այս ոգեկոչմանն առանց սիրով հիշատակելու մեկին, ով շատ բան է արել Ֆրանսիայի համար, մեկին, ով շատ բան է արել Հայաստանի համար, մեկին, ով շատ բան է արել Լեռնային Ղարաբաղի համար, մեկին, ով ընդմիշտ կմնա մեր սրտերում և հիշողություններում՝ Պատրիկ Դևեջյանին: Շնորհակալ եմ: Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում»,-հավելեց Բուայեն: