«Ադրբեջանն ապագայում կձգտի մարտական գործողություններ սկսել. կկատարի «բլիցկրիգ»». ռազմական փորձագետ
168.am-ը Ադրբեջանի հնարավոր գործողությունների շուրջ զրուցել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ
– Վերջերս շատ է խոսվում ԱԹՍ–ների կիրառության մասին ժամանակակից պատերազմում, մասնավորապես, Թուրքիայի կողմից Սիրիայում կիրառումից հետո եղան կարծիքներ, որ Ադրբեջանը կփորձի ընդօրինակել և այդ «սցենարը» կիրառել Արցախում: Եթե խոսենք ցամաքային ուժերից, սպառազինական կարողությունից, ժամանակակից պատերազմն ի՞նչ պահանջներ է ներկայացնում այս առումով, և որքանո՞վ ենք համահունչ քայլում դրանց:
– Սիրիայում տեղաբաշխված ՌԴ ԶՈՒ ՕՏՈԻ-ի կողմից թուրքական ստորաբաժանումների տեղաբաշխման շրջաններում և ռազմերթի ժամանակ շարասյուներին հարվածներն արագացրին և հող նախապատրաստեցին Թուրքիայի ԶՈՒ-ի պատասխան գործողությունների համար, ինչը նրա արսենալում գտնվող որոշ տեղական արտադրության զինատեսակների մարտական պայմաններում փորձարկման ոչ միայն լավ առիթ էր, այլ նաև ցանկալի արդյունքների դեպքում՝ հիանալի գովազդ: Թուրքիայի կողմից պատասխան հարվածներն ունեցան ցավոտ հետևանքներ սիրիական բանակի համար` ՀՕՊ տարբեր միջոցների, տանկերի, ԶՓ-երի (զրահափոխադրիչ.- Մ.Պ.), կենդանի ուժի և այլնի կորուստներ:
Մենք չենք փորձի հերքել կամ հաստատել ոչնչացված ռազմական տեխնիկայի քանակները, ինչը շատ իրարամերժ էր, բայց մի բան փաստ է` թուրքական ԶՈՒ-ի կողմից օգտագործված և հաջողություն գրանցած հիմնական հետախուզահարվածային ԱԹՍ-ն դա Bayraktar TB2-ն էր (որից, ի դեպ, 6 միավոր գնեց Ուկրաինան): Գանք մեզ հուզող օբյեկտին` Ադրբեջանին:
Վերջին 10 տարիներին Ադրբեջանը ձեռք է բերել իսրայելական և թուրքական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ, ինչպես նաև այդ երկրների հետ համատեղ հիմնել է ԱԹՍ-ների սեփական արտադրություն։ Ադրբեջանն ԱԹՍ-ների միջոցով հարվածներ հասցնելու փորձ ունի` 2016թ., մենք դա լավ գիտենք, և ասել, որ թուրքական բանակի կողմից ԱԹՍ-ների կիրառումը նոր խոսք է Ադրբեջանի համար` ոչ: Հարցն այստեղ ունեցած ԱԹՍ-ների ճիշտ կիրառումն է` ըստ նշանակության, խոսքը հիմնականում հարվածային «կամիկաձե» տեսակի մասին է` ինքնարժեք և խոցվող օբյեկտի արժեք հարաբերակցությունն ու նպատակահարմարությունը:
Չի բացառվում, իհարկե, թուրք օպերատորների փորձի փոխանակումն իրենց ադրբեջանցի կոլեգաներին, որը, ինչ խոսք, մտածելու տեղիք տալիս է: Իմ կարծիքով, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհում տեղի ունեցող զինված հակամարտությունների ընթացքում ի հայտ եկած նորություններին ու բացերին, և համապատասխանաբար նախապատրաստում է մեր ստորաբաժանումներին, հնարավորինս արդիականացնում ռազմական տեխնիկան` ամեն րոպե հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար: Ասվածի լավագույն օրինակն ապրիլի 21-ին Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից ադրբեջանական ԱԹՍ-ի խոցումն է, այն փաստող լուսանկարները:
Ժամանակակից պատերազմները վաղուց արդեն ապացուցել են՝ որ կողմի «ձեռքում» եղավ օդային գերակայությունը, նա հաղթող է տվյալ հակամարտությունում, այսինքն` դրանից է կախված ցամաքային գործողությունների հաջողությունը: Մեր հարևանը ևս դա հասկացել է և փորձում է քայլել աշխարհի հետ համահունչ, այն է` ձեռք է բերում ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ, անգամ ունի սեփական մեկ կամ երկու արբանյակ, որոնք իբր քաղաքացիական նպատակներով են: Սակայն ՀՀ-ի՝ 4 միավոր Су-30СМ-ների (որի քանակը, ցանկալի է, հասնի ոչ պակաս, քան 12 միավորի) ձեռքբերումը ջղաձգություն առաջացրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի մոտ, և նրանք սկսեցին ակտիվ բանակցություններ վարել սկզբից՝ Պակիստանի` JF-17-երի ձեռքբերման համար, այնուհետև՝ ՌԴ-ի հետ` МиГ-35-ի:
Բացի այս, խոսակցություններ շրջանառվեցին 5-րդ սերնդի դեռ «չեփված» Су-57-երի գնման մասին: ՀՀ ԶՈՒ-ն համալրում և արդիականացնում է իր սպառազինությունը, ինչպես արտերկրներից գնումների` ՌԴ, Հնդկաստան և այլն, այնպես էլ՝ տեղական արտադրության և արդիականացման միջոցով: Իմ գնահատմամբ՝ ՀՀ ԶՈՒ-ն կարողանում է պահել զսպող բալանսը: Ադրբեջանի զինված ուժերն ապագայում ևս կձգտեն մարտական գործողություններ սկսել և հնարավորինս շուտ հասնել առաջադրված խնդիրների կատարմանը, այն է` կատարել «բլիցկրիգ»: Մյուս կողմից` չեմ կարծում, որ նրանք հետևություններ արած չեն լինի ապրիլյան իրենց բացթողումներից:
– Թեպետ արդեն անդրադարձաք տրվելիք հարցիս, ամեն դեպքում, աշխարահաքաղաքական ճգնաժամերը` տնտեսական, համաճարակային, որքանո՞վ են ազդում, այսպես ասած, պատերազմական կանոնների, օրենքների, մարտավարության վրա: Ըստ այդմ` ներկա համաճարակային համաշխարհային ճգնաժամի, դրան հաջորդելիք տնտեսական ճգնաժամի պարագայում ի՞նչ ռազմական կամ սադրիչ քայլերի կարող է գնալ Ադրբեջանը կամ թուրք–ադրբեջանական տանդեմը, ո՞ր ուղղությամբ:
– Կորոնավիրուսն անցանկալի է, բայց Ադրբեջանի միապետին և իր կլանին ավելի դաժան ու անցանկալի է նավթի գնի աննախադեպ անկումը: Ի՞նչ կարելի է սպասել: Գիտենք, որ Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթադոլարների վրա, իսկ այժմ 1 բարել նավթն ավելի էժան է, քան 1 շիշ ջերմուկը, և բնական է, որ պետության ներսում դժգոհությունների ալիք կբարձրանա, մանավանդ սոցիալապես անապահով խավի և ընդդիմության կողմից, իսկ սեփական ժողովրդին շեղելու լավագույն մեթոդը սահմանային լարվածություն ստեղծելն է, ուստի չի բացառվում նաև՝ մարտական գործողություններ սկսվեն:
Ինչ վերաբերում է մարտավարական հնարքների վրա տնտեսական ճգնաժամերի ազդեցությանը, դա կարող է ազդություն ունենալ ռազմաքաղաքական որոշումների վրա, բայց ոչ մարտավարական կամ նույնիսկ` օպերատիվ մակարդակում: