«Մեր երկրում խորը տնտեսական ճգնաժամ է սպասվում, որը հղի է լրջագույն սոցիալական պայթյունով»․ Վիգեն Հակոբյան
Հարցազրույց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ
– Պարոն Հակոբյան, որպես քաղտեխնոլոգ՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերները․ կարծես նրա խոսքում ի հայտ են եկել նոր շեշտադրումներ։
– Նիկոլ Փաշինյանի գնահատականներում վերջին շաբաթվա ընթացքում արմատական փոփոխություններ են կատարվել, ինչը նկատելի է նրա վերջին ուղիղ եթերներից։ Նախկինում երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ներքաղաքական իրավիճակի, հանրային տրամադրությունների մասին, ասում էր, որ ամբողջ ժողովուրդն իրեն աջակցում է, և եթե ինչ-որ դժգոհողներ էլ կան, նրանք նախկիններն են, որոնք, ըստ Փաշինյանի՝ լափամանից կտրվածներ են, դրա համար էլ դժգոհում են։ Այսինքն՝ հիմնականում մի շերտի մասին էր միշտ խոսում և միշտ ասում էր, որ ժողովուրդն աջակցում է։ Հիմա, վերջին 2 ուղիղ եթերներում տեսնում ենք, որ նոր մոտեցումներ կան․ Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսում է խոսել, որ, այնուամենայնիվ, երկրում կան նաև հիասթափվածներ։ Դա հետաքրքիր է, մանավանդ, որ նրա նշած շերտերը բավականին լայն են։
Երբ տեսնում ենք, թե ովքեր են այդ հիասթափվածները, դժգոհողները՝ դա Սփյուռքն է, հոգևորական շերտը, մամուլը, օլիգարխները, և քանի որ, ըստ նրա՝ չկան օլիգարխներ, կան սեփականատերեր, դա նշանակում է՝ խոշոր բիզնեսը, քաղաքական փորձագետները, և հայտնվեց մի նոր, յուրահատուկ շերտ հիասթափվածների, հենց իր կողմնակիցները, իր թիմակիցները, որոնք ունեն մաֆիոզ մտածելակերպ, որոնք իշխանափոխությունը դիտարկում են՝ որպես իշխանությունից փայ ունենալու միջոց, պետք է ենթադրել, որ ոչ միայն քաղաքական իշխանության մասին է խոսքը, այլ տնտեսությունից, փողից, բյուջեից փայ ունենալու մասին։
Սա ակնհայտորեն նշանակում է, որ իր իշխանական համակարգում կան ճեղքեր, և դրանք անմիջականորեն արդեն իր շրջապատում են նկատվել, որ վարչապետը չի թաքցնում, որ կա նման երևույթ։ Սորոսի հիմնադրամի, մի շարք կազմակերպությունների կոշտ հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանության և հեղափոխության մեջ բավականին լուրջ մասնաբաժին ունեցող այդ հիմնադրամը նույնպես մեծ դժգոհություն է հայտնում Նիկոլ Փաշինյանից, և եթե այդ ելույթը վարչապետն այսօր ունենար, որպես առանձին շերտ՝ կնշեր նաև սորոսյան հիմնադրամին։
Այսինքն՝ ես սրա վրա առանձին ուշադրություն եմ ուզում դարձնել, որովհետև նախկինում չկային հիասթափվածներ, կային միայն նախկիններ, որոնք հիասթափված էին, և մնացածը գոհ էին, քանի որ ժողովուրդ էին, իսկ ով հիասթափված էլ է, ըստ վարչապետի՝ նաև ժողովրդի թշնամի է։
– Գործող իշխանություններից հիասթափվածներն արդյո՞ք միայն վարչապետի նշած շերտերն են, չկա՞ն այլ շերտեր, որոնք տարբեր պատճառներով կարող են հիասթափված լինել։ Ի վերջո, հեղափոխությունից հետո էլ տարբեր բողոքի ակցաներն այդպես էլ չեն դադարում։
– Կարծում եմ՝ կան նաև այլ շերտեր, թեպետ այն շերտերը, որոնց մասին խոսեց, բավականին լայն են։ Մի մոռացեք, որ ասաց՝ պրոռուսական, պրոամերիկյան շերտեր, իսկ հաշվի առնելով, որ մեր հանրությունը շատ դեպքերում հենց աշխարհաքաղաքական վեկտորով է բաժանվում, հիմա շատ ավելի հեշտ կլինի նշել, թե ովքեր չեն հիասթափվել։ Իմ կարծիքով՝ հիասթափվածների այդ շերտերն ավելանալու տենդենց ունեն, որովհետև հիմա կան օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավիճակներ։ Սուբյեկտիվ է այն, որ ես կարծում եմ՝ 2 տարվա ընթացքում, այնուամենայնիվ, այն զանգվածները, որոնք էյֆորիայի մեջ էին և որոնք ոգևորված էին այս իշխանափոխությամբ, իրենք նաև բնականոն պրոցեսի ընթացքում հիասթափվեցին, որովհետև այն խոստումները, որ տրվում էին, տեսականորեն դժվար էր իրականացնել, դրանք չկատարվող էին։
Հիմա, երբ համաշխարհային ճգնաժամ է, ընդ որում՝ առողջապահական բաղադրիչը զուտ գործիք է եղել ֆինանսատնտեսական ահռելի ճգնաժամ սարքելու համար, հիմա, երբ երկիրն արդեն թաթախվել է և արագ խորանալու է տնտեսական ճգնաժամի մեջ, այդ հիասթափվածների տենդենցն ավելանալու է, և մենք արդեն տեսնում ենք դա։ Ապրիլի 21-ին կադրեր եղան Վանաձորից, երբ ժողովուրդը ոչ միայն դուրս էր եկել փողոց, չէր ուզում ենթարկվել կանոններին, այլ նաև, երբ իրենց փորձեցին համոզել, դիմադրեցին և մտան իրենց արտադրամաս ու սկսեցին ուղղակիորեն աշխատել։
Անհնազանդության առաջին դեպքերն են, և Նիկոլ Փաշինյանի գնահականների ծագումնաբանությունը հենց նրանում է, որ իրավիճակն է բավականին ծանր դարձել, և Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ինչպիսին է իրավիճակը, ինչ ռեսուրսներ ունի, կամ ավելի շուտ՝ չունի, և ինչ է սպասվում։ Մեր երկրում խորը տնտեսական ճգնաժամ է սպասվում, որը հղի է լրջագույն սոցիալական պայթյունով։ Այստեղ էլ կան սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ․ օբյեկտիվն այն է, որ քանի որ սա համաշխարհային ճգնաժամ է, նույնիսկ, եթե հիմա երկիրը դուրս գա աշխատանքի, սկսի մատուցել այն ծառայությունները, որը նախկինում էր մատուցում, դրա սպառողը դրսում այսօր դեռևս պարզ չէ՝ ով է։
Այս ահռելի դեպրեսիոն ճգնաժամի պայմաններում պրոբլեմը հենց այն է, որ դու կարող ես պարզապես շուկաներ չունենալ։ Իսկ երբ նաև ներսում սուբյեկտիվ պրոբլեմներ ունես, այսինքն՝ չունես պետական էֆեկտիվ կառավարման համակարգ, էֆեկտիվ կադրեր և կառավարելու ունակություններ, այդ պայմաններում պարզ է, որ նման տիպի երկրները հայտնվում են բավականին լուրջ իրավիճակում։ Հենց այսպիսի իրավիճակ է լինելու, և չեմ բացառում, որ շատերն ուղղակի հացի խնդիր ունենան։
– Այդ նկարագրված ճգնաժամը կարո՞ղ է հեղափոխության նոր ալիք բերել։
– Կարող է մեծ դժգոհությունների բերել, նորից եմ ասում՝ մենք տեսնում ենք դրսևորումներ, սոցիալական ցանցերում են արտահայտվում դժգոհություններ, և դա կարող է հասունացնել ինչ-որ պրոցեսներ։ Իրավիճակն այնքան ծանր կարող է լինել, որ ամեն քաղաքական ուժ չէ, որ կհամաձայնի իշխանությունը վերցնել, եթե նույնիսկ այն տաս, որովհետև բավականին բարդ իրավիճակ է։
Եթե տեսականորեն իշխանափոխության իրավիճակ ստեղծվի, այնպիսի ուժեր պետք է լինեն, որոնք փորձ ունեն՝ ճգնաժամային իրավիճակներում աշխատելու, այստեղ պետք է լինեն և՛ փորձված ուժեր, և՛ ուժեր, որոնք պատրաստ են օրուգիշեր աշխատել, որպեսզի կարողանան երկիրն ադապտացնել նոր իրողություններին։ Եթե լինի իշխանափոխության տենդենց, կարող է տարբեր եղանակներով լինել։ Լինում է նաև կաբինետային․ մեր երկիրը նման փորձ ունեցել է 1997-98թթ․։ Այն ժամանակ անունը դնում էին պալատական հեղաշրջում։
Ընդհանրապես, մոտակա ամիսներին շատ երկրներում շատ բան կարող է փոխվել, այդ թվում՝ նաև քաղաքական իշխանության առումով, և չեմ բացառում, որ Հայաստանում էլ նման տենդենցներ լինեն։ Ես տեսնում եմ, որ արդեն կան դժգոհություններ, և ոչ միայն ես եմ տեսնում, ինչպես տեսանք՝ արդեն Նիկոլ Փաշինյանն է դա տեսնում։ Դա եմ ասում, որ մինչև 2 շաբաթ առաջ նա նման բան չէր ասում։
Բացի այդ՝ վերջին երկու ուղիղ եթերներում Նիկոլ Փաշինյանի ելույթներում նոր թեմա կա՝ ասում է՝ եթե դժգոհ են, թող հեղափոխություն անեն, մեզ հանեն ու բերեն նախկիններին։ Նա պարզ է՝ օգտագործում է նույն հնարքը՝ եթե մենք չենք, ապա հներն են, բայց դա հեչ պարտադիր չէ։ Ես կարծում եմ, որ ապագան նորերինն է։ Ներկաների համար միշտ ավելի վտանգավոր են նորերը, իսկ հներին բոբո սարքելն օգնում է այսօրվա իշխանություններին։
– Կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանի նշած շերտերը նրանից հիասթափվելու պատճառ չունեն, որովհետև առանձնապես մեծ հույսեր չեն էլ կապել նրա հետ։
– Այն շերտերը, որոնց մասին խոսում էր, պատահական պողոսներ չեն, դրանք բոլորը կայացած շերտեր են, որոնք ազդեցիկ են։ Այո, կան մարդիկ, որոնք կարող են ասել, որ իրենք հիասթափված չեն, որովհետև առանձնապես մեծ հույսեր չեն էլ կապել այս իշխանության հետ։ Ես կարծում եմ, որ, նախ և առաջ, երբ խոսում է հիասթափվածների մասին, ապա տեսականորեն դրանք այն շերտերն են, որոնք հիպեր հույսեր են ունեցել, սկսած նրանից, որ պետք է կարմիր գծերը կամ արագաչափերը վերացնեն։
Այս հեղափոխության հիմքում գաղափար չկար, այն ընդդեմ էր՝ «Մերժիր Սերժին», բայց հանուն ինչի էր, առանձնապես չէր ասվում, և ամեն մեկն իր ձևով էր հասկանում՝ հանուն ինչի է հեղափոխության գնում։ Մեկը հանուն կարմիր գծերի կամ տեսախցիկների վերացման էր գնում, առևտրականն ասում էր՝ սրանից հետո ինչ կուզենք՝ կներմուծենք, տաքսիստներն այլ բան էին ասում, այսինքն՝ ամեն շերտ իր պատկերացրած ձևով էր անում։ Ու քանի որ նման բան չէր կարող լինել, և պետք էլ չէր, դա ընդամենը պոպուլիզմ էր, այդ պարագայում պարզ է, որ հիասթափվածներ ավելի շատ հենց այդ խավի մեջ են եղել։ Ակնհայտ է, որ ժողովրդի զգալի մասը 2018թ․ ապրիլին լրջագույն փոփոխության հույսեր ուներ։
Ընդհանրապես, ցանկացած երկրում ցանկացած իշխանության օրոք երկրում տեղի ունեցող ցանկացած զարգացումների համար, նախ և առաջ, պատասխանատու է իշխանությունը։ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք իրենց իշխանությունն էր պատասխանատու, այսօրվա իշխանության օրոք՝ իրենք են պատասխանատու։
Խաղի կանոնները երկրում գոնե սկզբնական փուլում միշտ իշխանությունն է թելադրում։ Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, և 2 տարի անց էլ նա չի հայտարարել, որ ինքն ընտրվելու պահից երկրի բոլոր բնակիչների վարչապետն է, և անընդհատ իր խաղացանկում է՝ մեղավոր են նախկինները, հոգևորականները և այլք, այդ պարագայում խաղի կանոնները ինքն է հաստատում, և պետք չէ զարմանալ, որ իր կոշտ խաղաոճը նրա ընդդիմախոսներն ընդունել են։ Օրինակ, տեսեք՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նորընտիր նախագահը երկրորդ փուլից հետո հայտարարեց, որ ինքը բոլորի նախագահն է, չկան նախկիններ ու ներկաներ։
Այսինքն՝ ֆիքսվեց խաղի կանոն, ես չգիտեմ՝ կկարողանա՞ պահպանել դա, կամ կպահպանի՞, բայց Նիկոլ Փաշինյանն անգամ չուզեց դա անել։ Նա սև-սպիտակի կանոն դրեց, օրվա ընդդիմությունն ու ոչ իշխանական խավերն ընդունել են այդ կանոնը։